Կիրակի, 21 հունվարի

Ռեկորդային արդյունքով Գյումրու դրամատիկական թատրոնն ամփոփում է 2017թ-ը



Տարվա ընթացքում 7 առաջնախաղ, 141 խաղացած ներկայացում, 41 500 հանդիսատես, տոմսերի վաճառքից գոյացած 31 մլն դրամի հասույթ: Հրապարակված առավել քան խոսուն թվերը բնութագրում են Գյումրու դրամատիկական թատրոնի 2017թ-ի աշխատանքը: Տնօրեն Տիգրան Վիրաբյանն առավել պարզ պատկերացնելու համար նշում է նաեւ 2016 թ-ին գրանցած արդյունքները: Նախորդ տարի թատրոնի հասույթը չի գերազանցել 18 մլն դրամը, տարվա ընթացքում հասցրել են հանդիսատեսի համար խաղալ 97 անգամ եւ ունեցել են 5 առաջնախաղ:

«Կարող եմ միանշանակ ասել, որ 2017թ-ը Գյումրու թատրոնի համար ռեկորդային էր ձեռքբերումների առումով, եւ մենք խոստանում ենք նշաձողը պահել նաեւ 2018թ-ին: 41 000 հանդիսատեսը դա թատրոնի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է: Ամեն երկրորդ օրը մենք ներկայացում ենք ունեցել»,- նկատեց Տիգրան Վիրաբյանը՝ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:

Անցյալում են մնացել այն ժամանակները, երբ դահլիճը լցնելու համար ավելի շատ հրավիրատոմս էր բաժանվում, քան վաճառվում: Վերջին տարիներին թատրոնի խաղացանկում հայտնվել են նաեւ «անշլանգ» ապահովող ներկայացումներ: Մասնավոր ներդրումների շնորհիվ հնարավոր է եղել սոցիալապես անապահով խավի համար կիրառել 40% զեղչ: 2017թ-ին թատրոնի տանիքում տեղադրված ֆոտովոլտային ներցանցային համակարգը հնարավորություն է տվել կատարել խնայողություններ, որոնք տնօրինությունն ուղղել է տեխնիկական վերազինմանը:

Տիգրան Վիրաբյանը խոսեց նաեւ թատրոնի շենքի արտաքին անշուք տեսքից, որ հատկապես շեշտվում է երեկոյան ժամերին: Հարկ է, որ նորացվեն ապակիները, ինչպես նաեւ լուծվեն գիշերային լուսավորության հարցերը: Թատրոնի տնօրինությունը հաշվարկել է, թե որքան գումար է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար, եւ հիմա փնտրում է ներդրողներ:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը եւս խոսեց առաջիկա անելիքների մասին՝ նշելով, որ շարունակելու են արդեն ձեւավորված ավանդույթները եւ թատրոն են հրավիրելու նոր ռեժիսորների, հնարավորություն են տալու երիտասարդ մասնագետներին իրենց ուժերը փորձելու, չեն հրաժարվելու ցանկացած էքսպերիմենտից, լիարժեք օգտագործելու են փոքր բեմի հնարավորությունները՝ նոր գործեր բեմադրելով: 2018թ-ի խաղացանկային նորություններից Լյուդվիգ Հարությունյանը միայն նշեց արցախյան քառօրյա պատերազմին նվիրված ներկայացման մասին, որի բեմադրական աշխատանքներն արդեն սկսված են:

«Հետք»-ը հետաքրքրվեց, թե թատրոնին աջակցելու համար ստեղծված հիմնադրամում հավաքվե՞լ է արդյոք բավարար գումար՝ մեկ կամ երկու բնակարան գնելու եւ թատրոնի վարձով բնակվող արտիստներին բնակարանով ապահովելու համար: Տիգրան Վիրաբյանը նշեց, որ 2018թ-ին սեփական բնակարան չունեցող 7 դերասաններից մեկի համար թատրոնի միջազգային տոնն առավել կնշանավորվի՝ նվեր կստանա բնակարան:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ