HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հարցը

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընգրկվել են ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և գիտնականներ: Աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել «նախազգուշավորության սկզբունքով», քանի որ դեռևս ապացուցված չէ դրանց անվտանգությունը»:

Այս մասին ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան՝ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները:

Ինչպես հաղորդում է գյուղնախարարությունը, հանդիպմանը անդրադարձ է կատարվել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությանը և բիոտեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող հարցերին՝ շեշտադրելով սննդամթերքի անվտանգության և բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է վերանայել և լրամշակումներ կատարել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակում:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին վերահաստատել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունն աջակցել Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը և փորձի փոխանակման նպատակով Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների:

«Մենք կարևորում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ մեր երկարամյա գործընկերությունը, որի հիմքում գյուղական բնակավայրերում տնտեսության և մարդկանց բարեկեցության բարելավման մեր ընդհանուր նպատակն է: Հայաստանում ԱՄՆ աջակցության շրջանակում գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է, քանզի այս ոլորտում մենք աճի մեծ ներուժ ենք տեսնում, և Դեսպանությունը կշարունակի աջակցել Նախարարությանը ոլորտի կանոնակարգման ու վերահսկման գործառույթի իրականացման հարցում», - նշել է ԱՄՆ դեսպանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter