HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Լիա» գեղեկցության սրահի նկուղում սպանված Գևորգ Ավետիսյանի եղբայրն ասում է, թե առ այսօր եղբոր սպանության պատճառը չգիտի

Երևանի Շենգավիթ  վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Լիա» գեղեցկության սրահի նկուղում տեղի ունեցած սպանության գործի շրջանակներում ցուցմունք տվեց նկուղում տեղի ունեցած սպանության հետևանքով սպանված Գևորգ Ավետիսյանի եղբայրը՝ Վահան Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ խոսքը 2016 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած դեպքի մասին է, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես «Չարբախցի Գեղամիկ», Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես «Նորատուսցի Ալիկ», և Արմեն Գասպարյանն, ով հայտնի է «Բդո» մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ  Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ըստ մեղադրանքի՝ նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են  Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը: Վերջինս փաստորեն, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, և նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը: Ապա, ըստ մեղադրանքի, այդ ժամանակ Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել, և այդ դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Մուշեղյանի հետ վիճաբանող անձինք նրան մի շարք մարմնական վնասվածքներ են պատճառել՝ ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ նրան զրկելով կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը: Ինչ վերաբերում է Արմեն Գասպարյանին, ապա վերջինս մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալու և իրավասու մարմիններին չհայտնելու մեջ:

Վկա Վահան Ավետիսյանը դատարանին հայտնեց, որ դեպքի օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, աշխատանքից վերադարձել է տուն, որից հետո մայրը նրան ասել է, որ գնա եղբորը՝ Գևորգին կանչի, որպեսզի հաց ուտեն: Դրանից հետո, ըստ Վահան Ավետիսյանի, ինքը գնացել է դուրս, շենքի բակում տեսել Գոռին՝ Պետրոս Իսրայելյանի որդուն, ապա գնացել «Գեղամ» ձյաձյաենց» (նկատի ունի ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին - հեղ.) տուն:

«Այնտեղ եղբորս տեսա, ասեցի՝ մաման ասում ա՝ գալի՞ս ես հաց ուտենք, ասաց՝ գնա, ես էսա գալիս եմ»,- ասաց Վահան Ավետիսյանը:

Դատարանը փորձեց հստակեցնել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել վկայի և վերջինիս եղբոր խոսակցությունը:

«Ներքևը, տանը»,- ի պատասխան նշեց Վահան Ավետիսյանը, ապա դատարանն, ինչպես նաև մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը հարցերի միջոցով փորձեցին հստակեցնել, թե արդյոք «տուն» ասելով՝ վկան նկատի ունի «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկը. վկայի պատասխաններից դատելով՝ «տուն» ասելով՝ նա նկատի ուներ հենց նկուղային հարկը:

Վկան պատմեց, որ այնտեղ, որտեղ Գևորգը եղել է, ինքը տեսել է նաև Պետրոս Իսրայելյանին և ինչ-որ անծանոթ անձանց, այնտեղ խաղաղ մթնոլորտ է եղել, ապա նշեց, որ տեսել է նաև մի մարդու՝ «Մոսո» անունով: Վերջինս, ըստ Ավետիսյանի, երկար մազեր է ունեցել: Այս անձի վերաբերյալ վկան, դատախազի հարցին ի պատասխան, այլ նկարագրական արտաքին տվյալներ չնշեց:

Ըստ Վահան Ավետիսյանի՝ ինքը մի պահ լսել է, թե ինչպես է Պետրոս Իսրայելյանը Մոսոյին ասում՝ «դու ինձ խաբում ես», բայց ավել որևէ բան չի լսել, քանի որ եղբայրը մոտեցել է նրան ու ասել, որ գնա:

Վկայի խոսքով՝ սակայն, եղբարն իրեն այնտեղից հեռացնելու մտադրություն չի ունեցել. համենայնդեպս, ինքն այդպիսի տպավորություն չի ստացել:

Ըստ վկայի խոսքի՝ ինքը եղբորը տեսնելուց հետո գնացել  է տուն, որից որոշ ժամանակ անց բարձր ձայն է լսվել, և ինքն ու մայրը դուրս են եկել:

«Հելանք դուրս, տեսա՝ ժողովուրդն այս կողմ-այն կողմ են վազում, հետո հարևաններից իմացա, որ Գևորգին տարել են հիվանդանոց»,- պատմեց վկան ու նշեց, որ դրանից հետո ինքը գնացել է տատի տուն: Ավետիսյանի խոսքով՝ ինքը հիվանդանոց չի գնացել և եղբոր մահվան մասին իմացել է միայն հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ի առավոտյան:

Դատարանը հարցրեց, թե արդյոք Վահան Ավետիսյանին հետաքրքիր չի՞ եղել եղբոր վիճակը, ինչպե՞ս է ստացվել, որ նա չի գնացել հիվանդանոց: Ի պատասխան՝ վկան նշեց, որ մայրն է իրեն խնդրել գնալ տատի տուն: Ըստ վկայի՝ տատը մեկ տարի առաջ մահացած է եղել, և եղբոր սպանության օրը ինքը ստիպված է եղել գնալ տատի տուն, քանի որ տատի մահվան մեկ տարվա արարողության պատրաստման համար ինչ-որ գործեր են եղել անելու:

Ըստ Վահան Ավետիսյանի՝ ինքը դեպքից հետո համացանցից տեղեկացել է, որ Մուշեղ Մուշեղյանը սպանել է եղբորը, բայց առ այսօր տեղյակ չէ, թե ինչն է եղել դրա պատճառը:

«Ասացին՝ Մուշեղը եկել է, ախպորդ կրակել է, ինքն էլ մահացել է»,- ահա այն ամենը, ինչ դեպքի մասին հայտնի է վկային:

Վերջինս հետագայում Մուշեղ Մուշեղյանի լուսանկարները տեսել է:

Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վկայից հետաքրքրվեց, թե արդյոք դեպքի օրն իր տեսած անծանոթ անձը Մուշեղ Մուշեղյանը չի՞ եղել, և Վահան Ավետիսյանը միանշանակ պնդեց, որ դեպքի օրն իր տեսած անձն, ում որպես Մոսո է ներկայացնում, այլ արտաքին տվյալներ է ունեցել:

«Մեկի քիթը մեծ էր, մյուսինը՝ փոքր»,- Մուշեղ Մուշեղյանի և Մոսոյի արտաքին տվյալների միջև սկսեց համեմատություններ անցկացնել Վահան Ավետիսյանն, ով քիչ առաջ, բացի Մոսոյի երկար մազերից, նրա արտաքինի վերաբերյալ այլ տվյալներ չէր հիշում: Վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց:

Լրացված

Վկան «Ճվճվ Արայոյին» 2000 դոլար է պարտք եղել, և Մուշեղ Մուշեղյանը նրանից պահանջել է վերադարձնել գումարը

Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաև ներկայում այլ գործի շրջանակներում կալանքի տակ գտնվող Վահագն Մանուկյանը:

Վերջինս դատարանին հայտնեց, որ ինքը այս գործով վկայի կարգավիճակ ունեցած Արա Վարդանյանին, ով հայտնի է «Ճվճվ Արո» մականունով, 2000 ԱՄՆ դոլար գումար է պարտք եղել:

Նշենք, որ Արա Վարադանյան մահացել է, վերջինս մտերիմ հարաբերություններ է ունեցել սպանված Մուշեղ Մուշեղյանի հետ: Մանուկյանի խոսքով՝ Վարդանյանին ունեցած իր պարտքի հարցով իրեն է մոտեցել Մուշեղ Մուշեղյանն ու զգուշացրել թե «նենց չանես, որ էդ  2000 դոլարը դառնա 20 000»:

Դրանից հետո, ըստ վկայի, ինքը դիմել է «Լյովիկին» (խոսքը «Վարդենիսցի Լյովիկ»-ի մասին է.հեղ), որպեսզի վերջինից խորհուրդ հարցնի, թե ինչպե՞ս կարող է տեսնել Արա Վարդանյանին:

«Լյուվիկն ասաց՝ Գեղամին դիմի, ինքը հետը մոտիկ ա, հետո Գեղամին տեսա, ասաց՝ տենամ, խաբար կանեմ, կգաս»,- դատարանին պատմեց վկան և նշեց, որ դրանից որոշ ժամանակ անց իմացել է, որ Մուշեղ Մուշեղյանն ու ևս մեկը սպանվել են:

Ըստ վկայի՝ իրեն որևէ այլ հանգամանք այս դեպքի մասին հայտնի չէ:

Նշենք, որ Վահագն Վարդանյանն ապրում է Վարդենիսում: Մեղադրող դատախազի հարցին՝ ինչո՞ւ է վերջինս  Արա Վարդանյանից գումար վերցրել, վկան պատասխանեց, թե գյուղատնտեսությամբ է զբաղվել, այդ նպատակով է վերցրել գումարը: Նշենք, որ վկան ցուցմուք է տվել նաև այն մասին, որ ինքը Արա Վարդանյանից 20 հզ դոլար է պարտք վերցրած եղել և 18 հզ դոլարը մարել է:

Դատարանն այսօր հրապարակեց նաև երկու վկայի ցուցմունք: Նրանցից մեկը`Արա Վարդանյանը մահացել է, իսկ մյուսը`Արտավազդ Մանուկյանը Հայաստանի Հանրապետությունում չէ:

Արա Վարդանյանը հերքել է իր կապը վիճաբանության ենթադրյալ առիթ դարձած ֆինանսական խնդիրներին

Արա Վարդանյանը նախաքննական մարմնին հայտնել է, որ 2016-ին Ղրիմում ծանոթացել է Մուշեղ Մուշեղյանի հետ: Սեպտեմբեր ամսին Մուշեղ Մուշեղյանին ասել է, որ իր մեքենայով գնալու է Հայաստան, վերջինս էլ առաջարկել է միասին գնալ`խոստանալով վարել մեքենան: Պայմանավորվածության համաձայն`երկուսով եկել են Հայաստան:

2016-ի նոյեմբերի 13-ին, ըստ Արա Վարդանյանի ցուցմունքի` Մուշեղյանը զանգել է իրեն և առաջարկել հանդիպել, ապա գնացել է նրա մոտ, և Մուշեղ Մուշեղյանն ու Արա Վարդանյանը միասին գնացել են ավտոսերվիս `վերջինիս մեքենան վերանորոգելու նպատակով:

Այստեղ, ըստ Արա Վարդանյանի ցուցմունքի, հանդիպել են Վիրաբ Գասպարյանին:

Ըստ վկայի ցուցմունքի` երեքով կանգնած՝ զրուցելիս են եղել, երբ Մուշեղի հեռախոսին զանգ է եկել: Թե ինչ էր խոսում Մուշեղը, Արա Վարդանյանին, ըստ իր ցուցմունքի, հայտնի չի եղել, բայց հասկացել է, որ բարկացած է:

Քիչ անց, ըստ ցուցմունքի, Մուշեղ Մուշեղյանն ասել է, որ պետք է գնա Չարբախ, և Վիրաբ Գասպարյանն առաջարկել է տանել, քանի որ ինքը ևս գնալու էր Չարբախ՝ ընկերներին հանդիպելու:

Երեքով ուղևորվել են Չարբախ, և ճանապարհին, ըստ Արա Վարդանյանի ցուցմունքի, ինքը մի քանի անգամ Մուշեղին հարցրել է, թե ինչո՞ւ է բարկացած, ում պիտի տեսնի, և վերջինս պատասխանել է, թե մեկին պիտի հինգ րոպեով տեսնի, խնդիր չկա:

Արա  Վարդանյանի ցուցմունքի համաձայն`ինքը  զանգահարել է որդուն և ասել, որ վերջինս գնա Չարբախ`իրեն հիվանդանոց տանելու համար:

Ըստ Արա Վարդանյանի ցուցմունքի`ինքը Մուշեղի հետ որևէ տեղ չի գնացել, սպասել է որդուն, երբ շենքից կրակոցի ձայներ է լսել:

Վարդանյանն, ըստ իր ցուցմունքի` կասկածել է, որ կրակոցը կարող է կապված լինել Մուշեղ Մուշեղյանի հետ, ուստի գնացել է այն ուղղությամբ, որտեղից կրակոցի ձայնն է լսվել:

Նկուղային հարկի կիսաբաց դռան մոտ հասնելով` Արա Վարդանյանը տեսել է այնտեղ արյան մեջ ընկած Մուշեղ Մուշեղյանին, ով, ըստ վկայի ցուցմունքի` փաթաթվելով իրեն ասել է, որ իրեն շտապ հիվանդանոց տանի:

Այս ընթացքում Արա Վարդանյանի որդին եկել է «Լիա» գեղեցկության սրահի տարածք, և նրա մեքենայով  Մուշեղ Մուշեյանին հիվանդանոց են տարել:

Արա Վարդանյանի ցուցմունքի համաձայն Մուշեղն իրեն ասել է, թե «մի հատ լակոտ իրեն լավ չպահեց, ես էլ հանեցի, խփեցի: Մի սուր բանով ծակեց մեջքս, փաթաթվավ ինձ, ես էլ կրակեցի, ընկավ վրես»:

Ըստ Արա Վարդանյանի  ցուցմունքի` ինքը ճանապարհին փորձել է Մուշեղ Մուշեղյանից այլ մանրամասներ ևս իմանալ, սակայն վերջինս ի վիճակի չի եղել խոսել, ապա հիվանդանոցում մահացել է:

Արա Վարդանյանը հայտնել է նաև, որ Գեղամին ճանաչում է մանկուց, իմացել է որ այդ տարածքում է ապրում, բայց չի իմացել, որ կոնկրետ այդ շենքում է ապրում և այդտեղ նկուղային հարկում սենյակ ունի:

Արա Վարդանյանը հերքել է, թե ինչը կրակոցներից առաջ նկուղային հարկում է եղել: Վերջինս նշել է նաև, որ երբ կրակոցներից հետո գնացել է նկուղային հարկ, այնտեղ որևէ անձի, բացի Մուշեղ Մուշեղյանից, չի տեսել:

Վկան հերքել է նաև իր կապը այն ենթադրյալ ֆինանսական խնդիրների հետ, որոնք, ըստ գործի նյութերի վիճաբանության պատճառ են դարձել, ավելին, նշել է, որ չի իմացել, թե Մուշեղ Մուշեղյանն ինչ հարցով է եկել «Լիա» գեղեցկության սրահի տարածք:

Արա Վարդանյանը իր ցուցմունքում նշել է, որ Պետրոս Իսրայելյանը որևէ կապ չի ունեցել այն ֆինանսական խնդրի հետ, որն ինքն ունեցել է վկա Վահագն Մանուկյանի հետ:

Վարդանյանը հայտնել է, թե ինքը «Վարդենիսցի Լյովիկին» ասել է, որ իր համաքաղաքացին` Վահագն Մանուկյանը իրեն 2000 դոլար է պարտք և խնդրել նրան գտնել:

«Վարդենիսցի Լյովիկը», ըստ Վարդանյանի ցուցմունքի խոստացել է նրան գտնել, այս խոսակցությանը ներկա են  եղել նաև Մուշեղ Մուշեղյանը, Պետրոս Իսրայելյանը և այս գործով վկա մեկ այլ վկա Ռուբեն Խաչատրյանը:

Այս խոսակցությունը տեղի է ունեցել հիվանդանոցում. Արա Վարդանյանը բուժվելիս է եղել, և Մուշեղ Մուշեղյանի խնդրանքով «Գեղամը, Ռուբոն և Լյովը դուրս եկան սենյակից»:  Եւ ինչ նպատակով են դուրս եկել, Վարդանյանը հստակ չի իմացել, բայց բայց ենթադրել է, որ այս գումարի հարցով են խոսել: Դրանից հետո Մուշեղ Մուշեղյանը խոստացել է, որ նրա գումարը կվերադարձվի:

Դրանից մոտ 20 օր անց նորից այս հարցով խոսակցություն է եղել Մուշեղ Մուշեյանի և Վարդանյանի միջև, և Մուշեղյանը ասել է, թե խոսել է Վահագնի հետ, գումարը շուտով կտա: Ըստ Արա Վարդանյանի ցուցմունքի` Մուշեղյանը հրաժարվել է իրեն այն մանրամասներ հայտնել:

 Վկան ասել է, թե դեպքից հետո վախից  հինգ օր այգում է գիշերել

Հաջորդ վկան, ում ցուցմունքը հրապարկվեց Արտավազդ Մանուկյանն էր: Վերջինս ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի հարևանն է: Նախաքննական մարմնին հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 17:00-ի սահմաններում տանից դուրս գալով՝  «Լիա» գեղեցկության սրահի տարածքում հավաքված մարդիկ է տեսել, ապա կրակոցի ձայներ լսել, դրանից հետո անցել է դիմացի մայթ, գնացել մոտակա այգին, որտեղ մնացել է մինչև ցուցմունք տալու օրը:

Վկան ցուցմունք է տվել դեպքից հինգ օր անց, այսինքն՝ ստացվում է, որ հինգ օր այգում է գիշերել:

Քննիչը հարցրել է, թե ինչու է հինգ օր այգում գիշերել, եթե դեպքի հետ որևէ առնչություն չի ունեցել, և Մանուկյանը պատասխանել է, թե վախեցած է եղել:

Վկայի խոսքով` կրակոցներից հետո վազող մարդկանց տեսել է, բայց չի ճանաչել: Տարածքում նկատել է այս գործով վկա Արտակ Պողոսյանին, մի պահ նկատել է նաև Գոռ Իսրայելյանին

Դատարանը քրեական հեղինակությանը  բերման կենթարկի

Այսօր դատարանը որոշում կայացրեց բերման ենթարկել քրեական հեղինակություն «Բանգլադեշցի Վիրաբին»՝ Վիրաբ Գասպարյանին, ով, ըստ գործի նյութերի դեպքի վայրում է եղել, սակայն Ալիկ Բանդուրյանը քրեական հեղինակություն «Զապ»-ի՝ Անդրանիկ Սողոյանի միջոցով նրան այնտեղից հեռացրել է:

Նշենք, որ դատարանը պարբերաբար ծանուցագիր է ուղարկել Վիրաբ Գասպարյանի հասցեով, սակայն ծրարը մի քանի անգամ ետ է վերադարձվել:

Վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter