HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լորուտցիները միաձայն «ոչ» ասացին «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի հանքերևակման ծրագրին

Լորուտում ժամը 12:00-ին նախատեսված հանրային քննարկումը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով՝ ընկերության ներկայացուցիչների ուշանալու պատճառով:  Մինչ նրանց ժամանելը գյուղամիջում հավաքված լորուտցիները կարծիքներ էին փոխանակում «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձոր» հանքերևակման երկրաբանական աշխատանքների ծրագրի մասին:

Լորուտցի Զալիկո Ստեփանյանն ասում է՝ «ճիշտ խոսքն էսօր անց չի կենում»: Հավաքվածները պնդեցին, որ վախենալու բան չկա և քննարկմանը ճշմարտությունն են ասելու: «Ես համաձայն չեմ հանքի բացմանը, պրծավ գնաց»,- ասաց հավաքվածներից մեկը:

«Բա խի չե՞մ կարա իմ կարծիքն ազատ արտահայտել։ Կարող ա՞ ճիշտ բանի համար գան ինձ ստիան վիր ունեն, տանեն»,- ասում էր Ամրաստան Սարգսյանը:

«Ինձ հետաքրքրող հարցն այն է, թե որտեղ է հանքաքարը հարստացվելու: Մենք հասկանում ենք՝ ձեռնտու չի էդքան հանքաքարը վեր ունի մի 50-100 կմ հեռու տանի: Հաջորդ հարցն այն է, թե ինչքան աշխատատեղ է ստեղծելու»,- ասում է Սեյրանը:

Էդիկ Խառատյանը նույնպես համաձայն չէր «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձոր» հանքերևակման երկրաբանական աշխատանքներին: «Մեզ վնաս կլի: Թեղուտի օրինակը հերիք ա էլի մեզ: Էնտեղ ջահելներից մարդ կա, ասում է՝ հանքի պատճառով չեն կարողանում երեխա ունենալ: Թույնն ազդում ա: Շատն ասում է՝ ես որպես ջահել դրա համար հանքը չեմ ուզում բացվի»,- բացատրեց Էդիկը:

Էդիկ Խառատյանը

«Էս խնդիրը պետք է ժողովուրդը որոշի: Հիմա «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն առայժմ հանքը չի բացում, ուսումնասիրում են` ըստ իրենց ասելու: Ես ժողովրդին ասել եմ՝ Մոտկորը ձերն է: Այս դրախտային երկիրը ժողովրդինն է: Լորուտցին, մարցեցին և մյուս մոտկորցիները, եթե կանգնեն հանքերևակման երկրաբանական աշխատանքներին ասեն «ոչ», ես էլ իրենց հետ «ոչ» եմ ասելու: Հանքի վտանգը հասնելու է նաև Թումանյան քաղաքին: Էսօր ուսումնասիրում են, հետագայում, որ շահագործեցին, պոչ էլ է լինելու, ամեն ինչ էլ լինելու է: Էտենց բան չի կարող լինել, որ հանքաքարը էստեղից հանեն, տանեն: Մեկ անգամ եմ ես իրենց հանդիպել, եկել են Թումանյան: Պատմեցին, որ նախկինում 3 տարվա ուսումնասիրություն են ունեցել, հիմա 2 տարով ուզում են շարունակել»,- ասում է Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը։

Լևոն Զավարյանը

Ժամը մոտ 12:40-ին «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ժամանեցին: Փորձաքննության հայտի քննարկմանը Լորուտ էր ժամանել նաև ընկերության սեփականատեր Արմեն Գևորգյանը: ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջարյանը հակիրճ ներկայացրեց հանքերևակման ծրագիրը: Գ. Խոջարյանի խոսքով` խորհրդային տարիներին այստեղ եղել են ուսումնասիրություններ, հիմա իրենք ուզում են տեսնել` արդյունքները արժանահավատ են, թե ոչ: Դրա համար, հիմնվելով եղած դրական արդյունքների վրա` ընկերությունը կազմել է հետախուզական աշխատանքները շարունակելու նոր նախագիծ: «Նախատեսվում է վերականգնել որոշ մակերեսային առուներ՝ նմուշառման նպատակով: Վերականգնելու են նաև ստորգետնյա փորվածքներ, կրկին նմուշարկվելու և տվյալների հավաստման նպատակով: Բացի դրանից, բաց տարածքներում կհորատենք 960 մետր հորատանցք:

«Աշխատանքների ավարտից հետո կկատարվի խաթարված հողերի ռեկուլտիվացիա»,- բացատրեց Գ. Խոջարյանը:  

«Էդ ամենը կկատարեք մեր համաձայնելուց հետո, չէ՞»,- հարցրեց Լորուտի դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանը: «Այո»,- պատասխանեց Գ. Խոջարյանը: Դավիթ Սարգսյանը շուրջ 40 րոպե լորուտցիներին հրապարակում սպասեցնելու համար դիտողություն արեց «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին:

«Չի կարելի մարդկանց այդքան ոտնահարել: Դուք պայմանավորված ժամից ուշացել եք: Չեք բարեհաճում Մարց բնակավայրի հետ խնդիրը քննարկել: Չէ որ մենք մեր բնակավայում ապրում ենք ու էլի ուզում ենք ապրել: Օրենքը արգելու՞մ է Մարցում փորձաքննության հայտի քննարկում»,- հարցեց Դ. Սարգսյանը: «Օրենքը չի արգելում»,- պատասխանեց Բնապահպանության  նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Զարուհին Զուռնաչյանը:

Թումանյան համայնքի ղեկավար Լ. Զավարյանը ներկաներին պատմեց, որ այսօր Մարցում անձամբ տեղեկացրել է Լորուտի քննարկման մասին. «Ասացին` ինչի, մենք փող ենք ծախսելու, գնանք Լորուտ, որ իրենց «ոչ» ասենք «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձոր» հանքերևակման երկրաբանական աշխատանքներին: Էնա իրենք թող գան Մարց, մենք իրենց էստեղ «ոչ» կասենք»,- պատմեց Լ. Զավարյանը:  

Վերջինս առաջարկեց փորձաքննական հայտի հանրային քննարկում կազմակերպել նաև Մարցում: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Զարուհի Զուռնաչյանը տեղեկացրեց, որ համաձայն շրջակա միջավայրի վրա փորձաքննության մասին օրենսդրության՝ երկրաբանական ուսումնասիրության այս տիպի աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության մեկ փուլով երկու հանրային քննարկումների իրականացման:

«Սա Ձեզ հետ միասին ներկայացնում ենք 2-րդ հանրային քննարկումը: Առաջին հանրային քննարկումը իրականացվել են Թումանյանի համայնքապետարանի հետ: Քանի որ ուսումնասիրող տարածքը գտնվում է Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում, Լորուտը իր մակերեսով ավելի մեծ է, քան Մարց բնակավայրը, դրա համար մեր հանրային քննարկումը նշանակվել է Լորուտ բնակավայրում»,- պարզաբանեց Զարուհին:

Վերջինս նշեց, որ «Մարց Պռվաշեն-Բուդաղիձոր» հանքերևակման երկրաբանական փորձաքննության հայտի մեկ քննարկում էլ 12 մարդու մասնակցությամբ անց է կացվել Թումանյանի համայնքապետարանում։

«Այդ օրը, որ իրենք եկել էին, մենք ծանոթացել ենք, թե այդ հայտով մարդիկ ինչ են ուզում ասել: Դա էլ արձանագրվել է որպես հանրային քննարկում»,- բացատրեց համայնքի ղեկավարը: Գ. Խոջայանը, պատասխանելով ներկաների հարցին, հայտնեց, որ «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն ցանկանում է, որ «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորը» լինի ստորգետնյա հանք: «Անտառ փչացնելը ամենակեղտոտ գործն է աշխարհում»,- ասաց նա:

«Ցանկացած ժամանակ էլի պետք է գանք ձեզ մոտ քննարկումների, բաց հանք ա, փակ հանք ա: Էդ հարցերը էն ժամանակ պետք է քննարկվեն, հիմա ուսումնասիրություններ են: Հլա մենք չենք իմանում՝ հանքավայր կա, թե չկա: Եթե ձեռնտու չլինի շահագործել, մենք կիսատ կթողնենք, կգնանք: Մենք հաստատ ֆաբրիկա չենք սարքելու: Կա դրա համար Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկա, հանքաքարն իրենց կծախենք: Կա Արմանիսը, որը հիմա, կանգնած է հանքաքար չունենալու պատճառով: Չէ, տեղում մենք հանքաքարի մշակում չենք կատարելու: Բնապահպանական խնդիրներ չառաջացնելու համար մենք ցանկանում ենք վերամշակում այստեղ չկատարել: Եթե դուք չհամաձայնեք, մենք չենք կարող հանքերևակումը շահագործել»,- պարզաբանեց «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Գևորգյանը:

Արմեն Գևորգյանը

Վերջինս նաև լորուտցիներին բացատրեց, որ «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձոր» հանքերևակման ծրագիրը սկսելու դեպքում կունենան 40-60 աշխատող: Ներկաներից մեկի հարցին Գ. Խոջայանը պատասխանեց, որ միայն հանքերևակաման լեռնահետախուզման համար «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն նախատեսել է ներդնել 190 մլն դրամ:

«Այդ ներդրումների կեսով հնարավոր չէ, Լորուտում տուրիստական բիզնես կազմակերպեք և այդ 40 աշխատատեղը լինի այնտեղ»,- հարցրեց դպրոցի տնօրեն Դ. Սարգսյանը:

«Դա մեր պրոֆիլը չէ»,- պատասխանեց Արմեն Գևորգյանը:

«Մարց-Պռվաշեն Բուդաղիձոր» հանքերևակման  երկրաբանական աշխատանքների փորձաքննության հայտին հանրային քննարկմանը ներկա լորուտցիները միաձայն «ոչ» ասացին:

«Մեզ հուզող հարցերի պատասխանները չստացանք, այդ պատճառով էլ մերժվում է հայտը»,- լորուտցիների անունից հայտնեց Արեն Ստեփանյանը: 

Մեկնաբանություններ (1)

Արդվեցի
Ապրեք, կեցցեն Լոռեցիք! Շատ - շատ տպավորիչ օրինակ է, երբ մարդիկ կանգնում են իրենց պապերի հողը պահպանելու համար: Արդվուց ողջույններ Լորուտին ու Մարցին !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter