HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եզդի կանայք փորձում են կոտրել կարծրատիպեր

Մարինե Սահակյան

«Զոզանն է, ինչպես միշտ կոկիկ հագնված, մյուսների նման գլխաշոր էլ չի կապում»,- եզդի կնոջը տեսնելով` ասում է համագյուղացիներից մեկը և ավելացնում, որ երեխաներին ևս միշտ մաքուր հագուստով է դպրոց ճանապարհում:

Զոզանը, ում անունը եզդիերենից բառացի նշանակում է «լավ հանգստյան վայրեր, սարեր», 37 տարեկան է, ապրում է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում: Ամուսնացել է 20 տարեկանում` 2000թ.-ին, եզդիական ավանդույթների համաձայն: Միակ ժամանակակից տարրը եղել է այն, որ հարսի սպիտակ զգեստ է կրել:

«Մեր ժամանակ քավորն էր մատանին դնում, իսկ հիմա մի քիչ փոխվել է. հարսնացուին բերում են գեղեցիկ սրահ, փեսացուն է մատանին դնում և, բացի ոսկեղենից, հեռախոս է նվիրում, որ միշտ կապի մեջ լինեն»,- ասում է Զոզանը:

Գյուղի երիտասարդ զույգերն այսօր արդեն կարողանում են միայն նշանվելուց հետո միասին որևէ վայր այցելել և շփվել` ի տարբերություն 17 տարի առաջ, երբ Զոզանն էր ամուսնանում։

«Ճիշտ ա` մենք մի գյուղից ենք, բայց չէր գալիս գնում, իրա մաման էր ինձ նվերներ բերում: Հեռակա ենք շփվել որպես բարեկամներ, չէի սպասում, որ իրանք կգան ինձ կնշանեն, իմ քեռու տղան է»,- պատմում է Զոզանը:

Եզդիները իրենց բաժանում են 3 կաստաների՝ շեյխեր, փիրեր, մրիդներ: Շեյխերն ու փիրերը հոգևոր դասին են պատկանում, իսկ մրիդները՝ աշխարհիկ: Տարբեր կաստաների միջև ամուսնությունները թույլատրելի չեն: Այս կանոնը եզդիները գրեթե չեն խախտում:

«Մենք փիր ենք: Մեզ մոտ 4 պորտ է լինում, մարդիկ տեղյակ չեն, որ մենք շատ քիչ ենք, չենք կարող ուրիշի հետ ամուսնանալ: Ես կանոնները, կրոնը չեմ խախտելու, առանց այդ էլ մազ եմ կտրում, ներկում, հոնք եմ հանում, կոսմետիկա եմ օգտագործում, դա ինձ համար մեղք ա»,- ասում է Զոզանը:

Նա ունի 3 երեխա՝ 17 և 15 տարեկան աղջիկներ և 13 տարեկան տղա: Մինչ դպրոց գնալը երեխաները մանկապարտեզ են հաճախել, որը քննադատվել է համայնքի այլ եզդիների կողմից՝ «Էս ի՞նչ բան է, ի՞նչ մանկապարտեզ»:

Զոզանին ծնողները դպրոցից հանել են, երբ դեռ չէր ավարտել 5-րդ դասարանը: Պատմում է, որ երբ փոքր է եղել, շատ հետաքրքրություններ է ունեցել՝ հաճախել մարմնամարզության, երգի: Ի տարբերություն իր ծնողների` որոշել է աղջիկներին մինչև ավարտական դասարաններ ուղարկել, որի համար կրկին արժանանում է քննադատության:  

«Ինձ վրա խոսում են, որ իմ աղջիկներին հիմա տան գործ անել չեմ տալիս, որ դպրոց եմ ուղարկում մինչև հիմա: Ասում են արդեն ամոթ է, հանի՛ր դպրոցից, բայց ես ուզում եմ, որ իմ երեխաները նորմալ իրենց դասերով լինեն»,- ասում է Զոզանը:  

Երեք երեխաներն էլ երաժշտական պարապունքների են հաճախել: Աղջիկները երաժշտական լսողություն չունենալու պատճառով դադարել են արվեստի դպրոց գնալ, իսկ 13-ամյա տղան, ով լավ է սովորում մաթեմատիկա և հետաքրքրված է սպորտով, արդեն մասնակցում է գյուղի բոլոր երաժշտական միջոցառումներին: Նվագում է քամանչա և դաշնամուր: Դպրոցն ավարտելուց հետո Զոզանի աղջիկները մտադիր են շարունակել կրթությունը:

«Մեծ աղջիկս 200 հագուստի էքսկիզ ունի նկարած: Երևի թե հագուստի դիզայներ դառնա: Փոքրս էլ քոլեջում կսովորի»,- ասում է Զոզանը:

Նա սխալ է համարում 14-15 տարեկան դեռահաս աղջիկների վաղ ամուսնությունները:

«Վերջերս հարսանիքի էինք մասնակցում, հարսը 15 տարեկան էր: Չի կարելի, պետք է արգելվի: Աղավաղում են երեխայի կյանքը, պետք է ավելի մեծ տարիքում ամուսնանան, որ ճիշտ կառուցեն իրենց ընտանիքը»,- պատմում է Զոզանը:

Նրան նաև քննադատում են երեխաներին տարբեր խմբակների ուղարկելու համար․ «Իմ եզդի ազգակիցները ասում են, որ ավելի լավ է՝ այդ գումարով տունը սարքես, անասուն առնես, էս ի՞նչ ա, հազար տեղ ես ուղարկում, մի բանի ուղարկի, դե երեխա է կմեծանա, մի բան կդառնա: Բայց չէ, ինքը կմեծանա, կարող ա՝ լրիվ ուրիշ բան կդառնա, բայց ես չեմ ուզում իր օրերը դատարկ գնան, փողոցում մեծանա»:  

Զոզանը մեկ տարի է՝ աշխատում է Երևանում, կարկանդակի պատրաստման ընկերություններից մեկում, ինչը ևս չի ողջունվում մյուս ազգակիցների կողմից: Հորդորում են տանը մնալ, կով պահել, սակայն Զոզանը արդեն 5 տարի է՝ չի զբաղվում անասնապահությամբ և իր խոսքով՝ մտադիր էլ չի այլևս. «Ամուսինս էլ 12 տարի է՝ շինարարություն է անում: Մենք մտածում ենք ավելի մաքուր պայմաններում աշխատել, գրանցված աշխատող լինել: Եթե կարող ես անասունն ու աշխատանքը համատեղել, համատեղի, բայց միայն դրանով ապրել այսօր չի լինի։ Ես ինքս իմ այս տարիքում կուզեմ գնալ կար ու ձև սովորել: Ես դեռ կիսատ մնացած նպատակներ ունեմ»:

Զոզանը ափսոսում է, որ ժամանակին չի շարունակել կրթությունը և մասնագիտություն չունի։ Ասում է, որ աշխատավայրում տեսնելով իր մաթեմատիկական գիտելիքները ֆինանսական հաշվարկների ժամանակ՝ զարմանում են, որ հասարակ աշխատող է:

Երևանաբնակ 22-ամյա Լեյլան ունի երկու երեխա: Ասում է՝ հնարավորություն չի ունեցել համալսարան ընդունվել, սակայն այժմ ուզում է հաշվապահություն սովորել:

«Չկա այն հասկացությունը, թե եզդիները չպետք է սովորեն, դա վաղուց անհետացել է կամ փորձում է անհետանալ։»,- ասում է Լեյլան:

Խանե Մահմուդյանը

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ապրող Խանե Մահմուդյանը այս տարի է ավարտել ԵՊՀ-ի արևելագիտության բաժնի մագիստրատուրան: Ասում է՝ իրենց ընտանիքում դեռևս պապիկների կողմից միշտ խրախուսվել է դպրոց գնալը, գիտելիք ստանալը, ավարտելը, ուսումը շարունակելը։ Հորեղբայրն ու հորաքույրը ևս բարձրագույն կրթություն ունեն:

«Պետք չի համարել, որ բոլոր եզդիները դպրոցը  չեն ավարտում»,- ասում է Խանեն և ավելացնում է, որ այսօր գյուղաբնակ վայրերից կրթություն ստացող եզդի աղջիկների թիվը տարեցտարի ավելանում է:

Զրուցակից կանայք ասում են, որ հասարակության մեջ սխալ պատկերացումներ կան եզդիների մասին. որոշ ծեսեր աբսուրդային են որակվում՝ չիմանալով իրական ծիսակարգն ու նշանակությունը:

«Որոշ հայերի մոտ կարծես ընդունված է «եզդի» ասելով՝ հասկանալ հարազատի հետ ամուսնություն, կրթության բացակայություն, վաղ ամուսնություն: Չեմ կարող չնշել, որ նման բաներ չկան, բայց այնպես չի, որ դրանով պետք է ճանաչեն եզդի ազգին»,- ասում է Խանե Մահմուդյանը:

Ասում է, որ եզդիների ազգային ծեսերի մեջ հարսանեկան ծեսի արարողությունը խորիմաստ է և գեղեցիկ: Սակայն քննարկումների թեմա է հարսանիքի ժամանակ հարսանացուի կողմը նետված խնձորը:

«Վերջերս նույնիսկ սոցիալական ցանցերի քննարկումներից մեկում կարդացի իրականության հետ ոչ մի կապ չունեցող մի բան, թե իբր հարսանիքի ժամանակ ավելով խփում են հարսի գլխին: Բայց վստահեցնում եմ՝ այդպիսի բան չկա», ասում է Լեյլան։

«Իրականում այս գեղեցիկ ծեսը գալիս է դարերի խորքից: Դեռևս շատ վաղ ժամանակներում, երբ երիտասարդ տղային խնդրում էին ցույց տալ իր ընտրյալի տունը, տղան այդ տան ուղղությամբ խնձոր էր գլորում: Իսկ հարսանիքի ժամանակ փեսան ոչ թե հարվածում, այլ նետում է խնձորը հարսի ուղղությամբ՝ բազմության միջից ցույց տալով իր սիրեցյալին»,- ասում է Խանեն:

Այժմ տղան է իր համար հարսնացու ընտրում, նախկինում հարսնացուի ընտրությունը վստահված էր տղայի մորը կամ ընտանիքին: Խանեի խոսքերով՝ մինչ ամուսնությունը որոշ զույգեր շփվում են, ճանաչում են իրար. «Շատ չեն նման դեպքերը, բայց գնալով շատանում են և միանշանակ ճիշտը դա է»:

Խանեն և Լեյլան խոսեցին նաև բարեկամական ամուսնությունների մասին. «Մենք հանդիպում ենք նման դեպքերի, բայց քննադատում ենք: Սակայն կարծում եմ, որ գնալով քչանում են: Ամեն դեպքում, բարեկամի հետ ամուսնությունը սխալ է»,- ասում է Խանեն:

«Ես և իմ նման երիտասարդները հաստատ պնդում են, որ իրենց երեխաները հետագայում չեն ամուսնանա հորաքրոջ, մորաքրոջ երեխաների հետ»,- ավելացնում է Լեյլան:

Նրանք ասում են, որ երիտասարդ ընտանիքները, բացի իրենց ազգային տոներից, նշում են նաև հայկականը՝ Վարդավառը, Զատիկը, Ամանորը: Զատիկին ներկում են ձուն, ցորեն ցանում, հայ հյուրեր են ընդունում: Մեծ ուրախությամբ նշվում է Ամանորը: Զոզանը ամուսնության առաջին 6 տարին ապրել է սկեսուրի հետ: Ինչպես ինքն է ասում, այդ ժամանակ չեն նշել հայկական տոներ, սակայն առանձնանալուց հետո գնել է տոնածառ, զարդարել, նվերներ պատրաստել երեխաների և հարազատների համար:

«Հիմա ջահել հարսները հայկական տոնական սեղան են դնում: Իհարկե մեր խոհանոցում բացակայում է խոզի միսը: Եզդիներին արգելված է խոզի միս ուտել»,- ասում է Զոզանը: Իսկ Խանեն պարզաբանում է, որ խոզի միս ուտելու արգելքի պատճառներից մեկն էլ այն տեսակետն է, որ եթե անասունը չի որոճում, ապա համարվում է ոչ մաքուր:

Երիտասարդ կանայք վստահեցնում են, որ Հայաստանում երբեք չեն հանդիպել խտրականության, ունեն հայ ընկերներ:

Զոզանն ասում է, որ բոլոր առիթների սեղանին միշտ հայեր են եղել: Անգամ երբ նա վատառողջ է եղել իր փոխարեն գնումներ են կատարել: «Հիմա ավելի շատ հայերի հետ եմ շփվում, քան եզդիների, իմ բոլոր նեղ, լավ օրերին իմ հայ ընկերներն են հասնում»,- ասում է Զոզանը:

Եզդի կինը ապագայում

Լեյլայի կարծիքով՝ վերջնական որոշում կայացնելու իրավունքը տղամարդունն է, բայց այդ որոշումը եզդի ընտանիքներում այսօր ընդունվում է տղամարդու և կնոջ համատեղ քննարկման արդյունքում և ընդհանուր համաձայնությամբ: Նրա համար եզդի կնոջ գլխավոր առաքելություններից է երեխաներին իրենց ազգի լեզուն, պատմությունը, երգերը սովորեցնելը, նաև ընտանիքի մեծահասակների նկատմամբ հարգանքը:

«Իմ երեխաների համար երգում եմ եզդիական երգեր, խոսում եմ նրանց հետ մեր լեզվով, ինչ-որ չափով ինձ համարում եմ ազգապահպան»,- ասում է Լեյլան:

Խանեն եզդի կնոջն այսօր և ապագայում կցանկանար տեսնել ինքնավստահ: «Իմ մեծագույն ցանկությունն է, որպեսզի եզդի կինը լինի կիրթ՝ դաստիարակված ազգային արժեքներով»:

Ըստ Զոզանի՝ եզդի կինը ամուսնուց շատ է աշխատում, անգամ ամուսնուց շատ է վաստակում և ամուսնու գործն էլ է ինքը անում: «Կարող է ամուսինը դուրս գնա, գա, կինը ամեն ինչ անի տան գործերի հետ կապված, մինչև իր ամուսինը գա: Կինը սյունի պես է ընտանիքում, բայց ոչ մեկ դրա մասին երբեք չի ասում: Կնոջը խոսքի, կարծիք հայտնելու իրավունք թույլատրված չէ դեռ: Իմ խոսքը իմ ամուսնու մոտ է հաշվի առնվում միայն, բայց ոչ հորս մոտ: Ազատությունը դեռ սահմանափակ է եզդի ընտանիքներում»,- ասում է նա: Զոզանը կցանկանար, որ հասարակությունը եզդի կնոջը տեսներ ամուսնու կողքին, ամուսնուն հավասար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter