HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան թռչնամիս է ներմուծվում Հայաստան և որ երկրներից

Հայկական շուկայում այսօր սպառվող հավի մսի գերակշիռ մասը ներկրվում է արտերկրից։ Իսկ տեղական արտադրությունը ոչ մեծ մաս է կազմում։

Բացառությամբ նախորդ տարվա՝ 2016 թվականի, յուրաքանչյուր տարի Հայաստան է ներմուծվել շուրջ 30 հազար տոննա թռչնամիս։ Միայն նախորդ տարի որոշակի անկում է գրանցվել։ Իսկ այս տարի կրկին ներմուծումն ավելացել է։

Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել մոտ 15.6 հազ. տոննա թռչնամիս, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 16.1 մլն ԱՄՆ դոլար: Մաքսայինն այն ներկայացնում է որպես ընտանի թռչնի միս և մսամթերք։ Այստեղ պետք է նկատի ունենալ հավի միսը։ 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ թռչնամսի ներմուծումն աճել է մոտ 5 հազար տոննայով կամ 46%-ով։

Ներմուծման տվյալները՝ Մաքսային ծառայության, արտադրության տվյալները՝ Ազգային վիճակագրական ծառայության

Մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանը թռչնամիս է ներմուծում մեծ մասամբ Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից և Ուկրաինայից։ Ոչ մեծ քանակություն է կազմում Ռուսաստանից և Բելգիայից ներկրվածը։ Բավականին քիչ ծավալներով ներմուծվում է նաև Արգենտինայից, Բելառուսից, Բելգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից։

Ըստ Մաքսային ծառայության տվյալների

Պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի կրճատվել է ոչ միայն թչռնամսի ներմուծումը, այլև՝ արտադրությունը։ Հայաստանում գործող թռչնաբուծարաններն ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ վերջին հինգ տարիներին տարեկան արտադրել են առավելագույնը 13.3 հազար տոննա հավի միս։ Արտադրության ամենամեծ ծավալները գրանցվել են 2014-2015 թվականներին։

Այս տարվա առաջին կիսամյակում էլ արտադրվել է 4.3 հազար տոննա հավի միս՝ 2016-ի նույն ժամանակաշրջանի 4.2 հազար տոննայի դիմաց։

Եթե դիտարկում ենք 2015 թվականի և դրանից առաջ ընկած տվյալները, ապա մոտավոր և կոպիտ հաշվարկներով հայկական շուկայում տարեկան սպառվում է շուրջ 40 հազ. տոննա թռչնամիս։ Հաշվարկում ենք հետևյալ եղանակով՝ ներմուծված խմբաքանակին գումարում են արտադրվածը, դրանից էլ բացառում են մոտ 5 հազար տոննան, որն ըստ տարբեր աղբյուրների՝ ամեն տարեվերջում մնացորդ է կազմում։ Արդյունքում տարեկան սպառումը կազմում է մոտ 40 հազար տոննա, որի 70-75%-ը ներմուծված հավի միսն է, մնացած 25-30%-ը՝ տեղականը։

2016 թվականին ընդհանուր ռեսուրսները նվազել են՝ և՛ արտադրությունը, և՛ ներմուծումը։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականին Հայաստանում հավի մսի (և՛ տեղականը, և՛ ներմուծվածը) մեկ կգ-ի միջին մանրածախ գինը կազմել է մոտ 1 270 դրամ։ Նախորդող երկու տարիներին այն գտնվել է 1300-1400 դրամի շրջանակներում։ Նկատելի է, որ տեղական թռչնամիսն ավելի թանկ է, քան ներմուծվածը։ Ըստ տեղական արտադրողների՝ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ թռչնակերն ու արտադրության պայմանները Հայաստանում ավելի թանկ են, քան այն երկրներում, որտեղից թռչնամիս է ներմուծվում մեր երկիր։

Ովքեր են ներմուծում

Վերջին տարիներին Հայաստան թռչնամիս է ներմուծել 40-ից ավելի ընկերություն։ Նրանց շարքում մեր տեղեկություններով՝ խոշոր ներմուծող ընկերություններն են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված  խոշոր ընկերությունները «Ա և Գ» ՍՊԸ-ն, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն և նույնիսկ դեղատների ցանց ունեցող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն, որի ներմուծված թռնամիսն օգտագործվում է նաև «Մոյա Սեմյա» ապրանքանիշի մսամթերքի արտադրության մեջ։

Մյուս ընկերություններից համեմատաբար մեծ ծավալի ներկրումներ են իրականացրել «Պարգև» ՍՊԸ-ն, «Արմեն Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն, «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ-ն, «Կոմսալ» ՍՊԸ-ն, «Միթ Իմփորթ» ՍՊԸ-ն, «Էլիտ Պրոդ» ՍՊԸ-ը, «Բի և Ջի Ֆուդ» ՍՊԸ-ն, «Նատֆուդ» ՓԲԸ-ն և «Դիուս» ՍՊԸ-ն։

Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ «Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ ներկայացված էին ներկրած սառեցված հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները։ Փորձաքննության ներկայացված 9 նմուշից 5-ը չէր համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանցում հայտնաբերվել էին հակաբիոտիկներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և սալմոնելա խմբի մանրէներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter