HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ փաստաբանները գործադուլ արեցին

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը մեկնարկելուց առաջ փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանը, Արա Ղարագյոզյանը եւ Արայիկ Պապիկյանը 10 րոպեով գործադուլ արեցին՝ ընդդեմ խորհրդարանի կողմից երեկ առաջին ընթերցմամբ ընդունված՝ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի, ըստ որի՝ փաստաբանները դատարանում անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար սանկցիայի փոխարեն որպես տուգանք կվճարեն 100 հազար դրամ։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ դատարանի դեմ բողոք չունի և խնդրեց, որ իր գործադուլը անհարգալից վերաբերմունք չընկալվի։

Արայիկ Պապիկյանի օրինակին հետևեցին նաև մյուս փաստաբանները։

Ըստ Արայիկ Պապիկյանի՝ գործադուլի նպատակը նախազգուշական ակցիա իրականացնելն է: Փաստաբանը նշեց, որ գործադուլն ինքնաբուխ է. «Մենք նախապես չէինք պլանավորել, ուղղակի երեկ ԱԺ-ի կողմից ընդունած որոշումը դրդեց անել այս քայլը։ Մենք այս քայլով փորձում ենք ցույց տալ, որ փաստաբանի գործունեությունը չի կարելի սահմանափակվել՝ անհիմն և անօրինական ճանապարհներով»,- նշեց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանն էլ ավելացրեց, որ չի կարելի օրենքով սահմանափակել այն, ինչը Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերում որպես իրավունք տրված է, փաստաբանը ավելացրեց նաեւ, որ օրենքի ընդունումը Եվրոպական դատարանը կհամարի փաստաբանների իրավունքների սահմանափակում։

«Մեր իշխանությունները շատ արագ օրենքը ընդունում են, սակայն դա չի նշանակում, որ ամեն պատի տակ ընդունված օրենքն իրավունք ունեն կյանքի կոչելու»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։

Արա Ղարագյոզյանը փաստաբաններին կոչ արեց անցնել փողոցային պայքարի և հավելեց, որ ընդդամադիր պատգամավորները պատրաստակամություն են հայտնել միանալ իրենց։

Նիստը շարունակելուց հետո ընթերցվեց մեղադրական եզրակացությունները եւ դատավորը հարց հնչեցրեց՝ արդյոք ամբաստանյալներն ընդունու՞մ են իրենց առաջադրված մեղադրանքները։

Արմեն Լամբարյանը հայտնեց, որ այդ քայլին գնացել են, քանի որ կարծել են՝ Հայաստանում սահմանադրական կարգը խախտված է։ «Մենք ժողովրդի 85 տոկոսի համաձայնությունը ու ապստամբություն անելու իրավունքը ստացել ենք, իսկ մեր գործողություններն իրավաչափ են եղել։ Մեզ հարգելու ու մեղադրանք ներկայացնելու առումով դատարանը իրավասու չէ որոշում կայացնել»,- հայտնեց Արմեն Լամբարյան։

Արայիկ Պապիկյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Արմեն Լամբարյանի եւ Աշոտ Պետրոսյանի մեղադրանքները որեւէ կապ չունեն իր պաշտպանյալների կատարած գործողությանը։ «Պետրոսյանն ու Լամբարյանը քաղաքական դրդապատճառներով են հետապնդվում, նրանց արարքը ՝ ապստամբությունը, չի կարող հետապնդվել։ Բայց անգամ այս դեպքում՝ քաղաքական հետապնդումն իրականացվում է իրավունքի եւ օրենքի կոպիտ խախտումներով»,- հայտարարեց փաստաբանը։

Արայիկ Պապիկյանը նորից անդրադարձավ այն հարցին, որ մեղադրանքները անհատականացված չեն, ինչի մասին «Սասնա ծռերի»-ի անդամները եւ փաստաբանները բազմիցս հայտարարել են։

Նիստի ընթացքում նաեւ որոշվեց ապացույցների հետազոտման կարգը։ Դատարանը հետազոտման այսպիսի ընթացակարգ որոշեց՝ կհետազոտվեն գրավոր ապացույցները, կքննվեն տուժողները, վկաները, կհետազոտվեն իրեղեն ապացույցները, իսկ վերջում կհարցաքննվեն «Սասնա ծռերի» անդամները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter