Չորեքշաբթի, 24 հունվարի

«Հետքի» նախաձեռնությունն իր առաջին պտուղները տվեց


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Հետքի» կազմակերպած «Օգնենք Թլիկի դպրոցին» նախաձեռնությունը մեծ արձագանք ստացավ մեր ընթերցողների կողմից:

Նոյեմբերին հրապարակած հոդվածում պատմել էինք հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյանի ափին գտնվող Թլիկ եզդիաբնակ գյուղի՝ 23 աշակերտ ունեցող հիմնական դպրոցի դժվարությունների մասին, այն է՝ գույքի մաշվածություն, մեթոդական նյութերի խիստ կարիք: Աշակերտներն ինֆորմատիկա սովորում էին ընդամենը մեկ համակարգչով, չունեին քարտեզներ, գլոբուս, գեղարվեստական գրականության խիստ պակաս կար, եթե չասենք, որ դպրոցն ընդհանրապես գրադարան չունի: Թլիկի համայնքային գրադարանն էլ շուրջ 8 տարի չի գործում. այսօր իմացանք, որ այնտեղ գրականությունը հիմնականում խորհրդային տարիների է:

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին անդրադարձել էինք նաեւ դպրոցի շենքային պայմաններին: Հատկապես վերանորոգման հրատապ կարիք ունի կրթական հաստատության հատակը. տախտակները ճոճվում են, տեղ-տեղ նույնիսկ անցքեր են գոյացել:

Նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը «Հետքի» խմբագրությունը բազմաթիվ նվերներ ստացավ. մեծաքանակ ու բազմաժանր գրականություն տարբեր ընթերցողներից, քարտեզներ, ատլասներ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից, ՏՏ ոլորտի մասնագետները 2 համակարգիչ նվիրեցին դպրոցականներին (մեկն էլ տրամադրեցինք կարիքավոր ընտանիքներից մեկին), ֆիզիկապես ու բարոյապես մաշված գլոբուսն էլ այսուհետ կփոխարինվի նորով:

Տնօրեն Վահագն Մարտոյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ տնտեսական սենյակը միասնական ուժերով կահավորելու ենք ու վերածենք յուրօրինակ անկյունի:

Այստեղ կտեղադրվեն համակարգիչները, գրքերը կդասավորենք ձեռք բերվելիք գրապահարաններում, այսինքն՝ դպրոցը կունենա իր գրապահոցը, դասասենյակը կզարդարեն նաեւ քարտեզները: Վ. Մարտոյանը խոստացավ լուծել դասասենյակի ջեռուցման հարցը եւ վերանորոգել հատակը:

Նշենք, որ այս պահին էլ համակարգիչներ ու դպրոցական գույք նվիրելու պատրաստակամություն հայտնած ընթերցողներ ունենք, որոնց օգնությունն իսկապես տեղին կլինի:

Դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու աշակերտները, որոնք պատրաստվում են վաղվա ամանորյա հանդեսին, շնորհակալություն հայտնեցին նվիրատուներին՝ աջակցության եւ նվերների համար:

Նրանց կհանդիպենք արդեն գալիք տարի՝ նոր դասասենյակի կահավորումն ամբողջությամբ ավարտին հասցնելու նպատակով:  

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։