HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու 2018 թ.-ի բյուջեն ընդամենը 3 մլրդ 357 մլն դրամ է

Գյումրու ավագանու այս տարվա վերջին նիստի օրակարգը բավական համեստ էր՝ ընդամենը 10 հարց: Քննարկումները հիմնականում ծավալվեցին օրակարգային 2-րդ եւ 4-րդ հարցերի շուրջ: ԳԱԼԱ խմբակցությունը դեռեւս այս տարվա հոկտեմբերի 27-ին կառավարությանը ուղերձով դիմելու նախագիծ էր ներկայացրել: Խմբակցության անդամները կատարել էին ուսումնասիրություններ եւ պարզել, որ հանրապետության տարածքում մանկապարտեզների մատչելիությունը տարբեր է: Մայրաքաղաքում մեկ շնչին ընկնող համայնքային բյուջեի մեծության շնորհիվ մանկապարտեզներն անվճար են:

Հանրապետության 500 համայնքում ընդհանրապես մանկապարտեզ չկա, իսկ մյուս բոլոր համայնքներում, այդ թվում եւ Գյումրում, դրանք վճարովի են: Մոտ 46 տոկոս աղքատության մակարդակ ունեցող քաղաքում մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի վարձը կազմում է 7-ից 8 հազար դրամ: Գյումրու քաղաքապետարանի տվյալներով` 1700 երեխա զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

ԳԱԼԱ խմբակցությունը առաջարկել էր ավագանուն ուղերձով դիմել կառավարությանը եւ խնդրել պետական բյուջեից տրամադրել 500 մլն դրամ, որի շնորհիվ հնարավոր կլիներ ժամանակավորապես ապահովել մանկապարտեզահասակ երեխաների անվճար նախնական կրթությունը, մինչեւ Գյումրին տնտեսապես այնքան զարգանա, որ կարողանա ինքնուրույն լուծել այդ խնդիրը:

Նախագիծը լսվել էր ավագանու երեք հանձնաժողովների նիստերում, եղել էին բազմաթիվ քննարկումներ, սակայն առաջարկն այդպես էլ չէր ընդգրկվել դեկտեմբերի 6-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգում: Նիստի օրը ԳԱԼԱ խմբակցության անդամները առաջարկել էին նախագիծը ներառել օրակարգում սակայն մերժվել էին եւ լքել նիստերի դահլիճը:

Այսօր կայացած ավագանու նիստի օրակարգում թեպետ ուղերձի հղման առաջարկը ներառված էր, սակայն 10 կողմ, 19 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ այն չընդունվեց: Նիստի ընթացքում՝ մինչեւ քվեարկությունը, որոշվեց, որ ավագանու չկողմնորոշված անդամները պարզապես չեն մասնակցի քվերակությանն ու որեւէ դիրքորոշում չեն հայտնի: Քվերակության չմասնակցածներն իրենց պասիվ դիրքորոշումը բացատրեցին նրանով, որ նախարարությունում նախակրթարանների հետ կապված նախագիծ է մշակվում, եւ իրենք ուզում են դեռ հասկանալ, թե դա ինչ ձեւով կանդրադառնա մանկապարտեզների վրա:

Քննարկման արժանացած օրակարգային մյուս հարցը Գյումրու 2018թ-ի բյուջեն էր: «Ունենալու ենք լավատեսկան բյուջե»,-նշեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Հանրապետության երկրորդ քաղաքի բյուջեն 2018թ-ին կազմելու է 3 մլրդ 357 մլն 33,7 հազար դրամ, որից 1 մլրդ 968 մլն 669 հազար դրամը պետական աջակցությունն է: Լենա Ջիլավյանն ասաց, որ կան խոսակցություններ դոտացիան ավելացնելու վերաբերյալ, թե որքա՞ն, առայժմ հայտնի չէ: Պատվիրակված լիազորություններն իրականացնելու համար արդարադատության եւ սոցապ նախարարություններից Գյումրու քաղաքապետարանին հատկացվելու է 74 մլն 842 հազար դրամ: Քաղաքապետարանի կոմունալ բաժնում աշխատող 8 երիտասարդի համար, ովքեր ընտրել են ծառայության այլընտրանքային տարբերակը, պաշտպանության նախարարությունը 1 մլն 140 հազար դրամ է փոխանցելու: ԲՀԿ խմբակցության անդամ Սուսաննա Աստոյանն առաջարկեց որոշ օբյեկտների գույքահարկը բարձրացնել, որը հավելյալ բյուջետային մուտքեր կապահովի:

Գյումրու 2018թ-ի բյուջեն ընդունվեց 20 կողմ, 2 դեմ եւ 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter