HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյայի եղբայրը Սեւան ազգային պարկում մարմարի հանք է բացում

«Ակվեստ» ընկերությունը մտադիր է Սեւանի ավազանում՝ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի տարածքում, դոլոմիտային մարմարի հանք շահագործել:

Ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացրելու նախագիծ է ներկայացրել Բնապահպանության, ինչպես նաեւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություններ: Արդեն երկու անգամ Շողակաթ համայնքի Ջիլ բնակավայրում իրականացվել են հանրային լսումներ:

«Ակվեստ» ՍՊԸ 50 տոկոս բաժնեմասերի սեփականատերը Գրիգոր Մարտիրոսյանն է՝ Երեւանի քաղաքապետարանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի կրտսեր եղբայրը: Անդրանիկ Մարտիրոսյանը 2005 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության եւ ՀՀԿ Ավանի տարածքային խորհրդի անդամ է: Գրիգոր Ալյոշայի Մարտիրոսյանի անունը կարելի է գտնել  իշխանական «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միության՝ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունները դիտարկող անձանց ցանկում։ «Հայք»-ը 2017 թվականի մայիսին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում բացասական դերակատարում է ունեցել որպես դիտորդական կազմակերպություն։ Այս մասին իր զեկույցում նշել է ՀՔԱՎ-ը։

«Ակվեստ» բաժնեմասերի երկրորդ կեսի սեփականատերը Նորայր Կարապետյանն է, Երեւանի բնակիչ։

Ջիլի դոլոմիտային մարմարի երեւակումը գտնվում է «Սեւան» ազգային պարկի սահմանից, իսկ ըստ քարտեզի՝ կոնկրետ Սեւանա լճից, շուրջ 900 մետր, իսկ Գիհու նոսրանտառների արգելավայրի տեղամասերից՝ 300 մետր հեռավորության վրա: Տարածքը, որտեղ մարմարների պաշարներն ուսումնասիրելու նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքներ կիրականացվեն, զբաղեցնում է 9,7 հա մակերես, 2050-2200 մետր բացարձակ բարձրությունների վրա է։ «Նպատակահարմար է ուսումնասիրվող 9.7 հեկտար տարածքի վրա անցնել 2 փորձնական բացահանքեր՝ տարբեր տեղերում: Նախատեսվում է հորատել 5 հորատանցք յուրաքանչյուրը միջինը 15 մ խորությամբ 75 գծամետր ընդհանուր ծավալով»,-նշված է հայտում։

Համաձայն «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի, Սեւանա լճի ջրհավաք ավազանը՝ կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիների ներառմամբ, որպես մեկ ամբողջական համակարգ համարվում է քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտ՝ հաշվի առնելով համակարգի բարձր արժեքավորությունը եւ լճի էկոլոգիական իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը։ «Սեւանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:

Սեւան ազգային պարկի եւ դրա պահպանական գոտու տարածքներում հաշվարկվում են փափկամարմինների 43 տեսակներ, որոնք պատկանում են խխունջներին եւ լորձնամոլյուսկներին, եւ հոդվածոտանիների 639 տեսակներ: Երկկենցաղները ներկայացված են 4 տեսակներով, որոնք պատկանում են Ցատկողների (Salientia) կարգին` լճագորտ (Rana ridibunda), փոքրասիական գորտ (Rana macrocnemis), կանաչ դոդոշ (Bufo viridis), Շելկովնիկովի ծառագորտ (H.a.shelkovnikovi): Տարածքներում հանդիպում են սողունների 16 եւ թռչունների 267 տեսակներ: Կաթնասունները ներկայացված են 44 տեսակով, այդ թվում միջատակերներ՝ 7 տեսակ, կրծողներ՝ 15 տեսակ, նապաստակներ՝ 1 տեսակ, չղջիկներ՝ 7 տեսակ, գիշատիչներ՝ 11 տեսակ, սմբակավոր կաթնասուներ 3 տեսակ: «Ակվեստը» պատրաստ է բնապահպանական միջոցառումների համար տրամադրել տարեկան 350 հազար դրամ:

Ջիլում կան 16-17 դարերի եկեղեցի, միջնադարյան գերեզմանոցներ։ «Ակվեստ» ընկերությունը վստահեցնում է, որ նախատեսվող աշխատանքները հուշարձանների վրա բացասական ազդեցություն չեն ունենա։

Չնայած մարմարի արդյունահանումը նախատեսվում է իրականացնել ազգային պարկի սահմաններից դուրս, սակայն առաջ է գալիս բուֆերային գոտու պահպանության հարցը: Ավելին, Ջիլը ծովի մակերեւույթից ավելի բարձր է քան Սեւանա լիճը։ Համապատասխանաբար 1916 եւ 1900 սանտիմետր։ Սա տեսականորեն չի բացառում, որ հանքարդյունաբերության ընթացքում փոշի ու ցեխ կլցվի լիճ։

Երբ «Հետք»-ը փորձեց նախագծի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի մասնագետներից, հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն ասաց, որ նախագիծը հակասում է «Սեւանի լճի մասին օրենքին», եւ որ դրա քննարկումը հանվել է հանձնաժողովի օրակարգից։ «Ինձ զանգահարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը եւ ասել, որ մեր օրակարգից նախագծի քննարկումը հանենք»,-ասաց Ջավադյանը։

Չնայած դրան, դեկտեմբերի 15-ին Ջիլում տեղի են ունեցել հանրային երկրորդ լսումները։ Շողակաթ համայնքի Ջիլ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանից տեղեկացանք, որ համայնքի մեծամասնությունը կողմ է արտահայտվել նախագծին։

«Ակվեստի» հայտի վերաբերյալ Բնապահպանության նախարարության կողմից դրական եզրակացություն դեռեւս չի տրվել: ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, թե քանի որ նախագիծն իրականացվում է Սեւանի ավազանում, նախարարությունը ներկայացրել է որոշ դիտարկումներ ու հարցեր, նախագիծը վերադարձրել են լրակազմման: ՊՈԱԿ-ի դիտողությունները հետեւյալն են.

- Նախատեսվող գործունեությունն իրականացվելու է Սեւանա լճի ջրահավաք ավազանում՝ անմիջական ազդեցության գոտում, ուստի անհրաժեշտ է ստանալ «Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի» կարծիքը կամ եզրակացությունը, ինչպես նաեւ ներկայացնել Սեւանա լճի եւ հատուկ պահպանվող տարածքների վրա ազդեցությունների բացառմանը, նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների ծրագիրը:

- Աշխատանքային ծրագրում եւ նախնական գնահատման հայտում կան անհամապատասխանություններ ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վերաբերյալ, անհրաժեշտ է կատարել համապատասխան ճշգրտումներ:

- Անհրաժեշտ է ներկայացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը՝ այն համապատասխանեցնելով կառավարության 2017 թվականի 676-Ն որոշման հավելված 1-ի պահանջներին: Ներկայացնել միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի գումարային գնահատումն՝ արդի շուկայական արժեքներին համապատասխան:

Եթե ընկերությունը այս բոլոր մտահոգությունների պատասխանն ունենա, ձեռնարկի լրացուցիչ միջոցառումներ, ապա նախարարությունում սկզբունքորեն դեմ չեն, որպեսզի այս հանքարդյունահանումն իրականացվի: Վարդան Սահակյանը նշեց, որ Սեւանի ավազան ասելով` չպետք է կանխակալ մոտեցում ունենալ որեւէ նախագծի վերաբերյալ, որպես օրինակ բերելով Վարդենիսի Սոթքի հանքավայրը, որտեղ արդյունահանում իրականացվում է, բայց մշակումն իրականացվում է այլ վայրում, նկատի ունի՝ Սեւանա լճի էկոհամակարգին որեւէ վնաս չի հասցվում։

Զենքից՝ հանքարդյունահանում

Պետռեգիստրի տվյալներով՝ «Ակվեստի» բաժնետեր Գրիգոր Մարտիրոսյանն առնչություն ունի եւս մի քանի ընկերությունների հետ։ Դրանցից մեկը «ՍՋՍ» ՍՊԸ-ն է, որը վերջերս «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու հայտ էր ներկայացրել կառավարություն։ «ՍՋՍ»-ն կառավարությունից նաեւ զենք արտադրելու լիցենզիա է ստացել։ Խոսքը խոցման միջոցներից ազդանշան արձակելու համար նախատեսված սարքերի մասին է։

Հաջորդը «Այ.Թի.Այ»-ն է, որը 2016 թվականին ամենամեծ վնասը կրած հայաստանյան ընկերությունների ցանկում է։ Կրած վնասը՝ 32,2 միլիոն դրամ:

«Ակվեստի» մյուս բաժնետիրոջ՝ Նորայր Կարապետյանին առնչվող ընկերությունները եւս մի քանիսն են, այդ թվում՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող։

Դրանցից մեկը «Նոր-Հենդ» ՍՊԸ-ն է, որը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2017թ. ճանաչվել է սնանկ: Այս ընկերությունը գրանցված է Ճամբարակ քաղաքում։ «Նոր-Հենդ»-ին Ճամբարակի անդեզիտատրախիտի հանքն արդյունահանելու լիցենզիա էր տրվել։

Նորայր Կարապետյանի հետ առնչություն ունեցող «Լա-Մար» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզի Ճամբարակի դացիտային տուֆերի հանքավայրի արդյունահանման 30 տարվա լիցենզիա է ստացել 2014 թվականին։

Գրիգոր Մարտիրոսյանը եւ Նորայր Կարապետյանը համատեղ հիմնադրել են նաեւ «Գրի-Նոր» ընկերությունը, որի գործունեության վերաբերյալ որեւէ տեղեկություն համացանցում առկա չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter