ՈՒրբաթ, 20 ապրիլի

Հետախուզում է հայտարարվել «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ



Քննչական կոմիտեն հայտնում է, որ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. նոյեմբերի 16-ից մինչև 2017թ. մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Վ.Վասիլյանը զբաղեցրել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետի պաշտոնը, ով «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում՝ 2017թ. փետրվարի 15-ից մինչև ապրիլի 28-ը, կատարել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները։

Նախնական քննության տվյալներով՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները Վ.Վասիլյանի կողմից կատարելու ընթացքում՝ 2017թ. փետրվարի 19-ից մինչև 2017թ. ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում, «Հաղարծին տեղամաս», «Դիլիջան տեղամաս» և «Շամախյան տեղամաս» մասնաճյուղերի մի շարք պահաբաժիններում հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամագծի՝ ընդհանուր 471 ծառի ապօրինի հատման դեպքեր, որի արդյունքում ընդհանուր առմամբ բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 72.056.250 ՀՀ դրամի  վնաս:

Վ.Վասիլյանը, հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ պարկի ռեժիմի խախտման մասին տեղեկություններն իրավապահ մարմիններին չի տրամադրել, դրա հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար միջոցներ չի ձեռնարկել, ինչի արդյունքում դրանք թողնվել են անհետևանք: Վերջինիս գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. ապօրինի կերպով չի հաշվարկվել բնությանը պատճառված վնասի չափը, ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին որոշում է կայացվել՝ Վ.Վասիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ