Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարին
Փարիզում այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի պետական նախարար, ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վաղեմի բարեկամին, ով մեծ ներդրում ունի երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում՝ այդ թվում միջխորհրդարանական և ապակենտրոնացված բնագավառներում։
Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրին։ Այս համատեքստում արծարծվել է ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը։ Նախարար Նալբանադյանը նշել է, որ վերոհիշյալ հարցում հայկական կողմը ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի արժեքավոր աջակցությունը։ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն էր, որի հետ Հայաստանը դեռ 2008թ.-ին սկսեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը։
Հանդիպմանը գոհունակություն են հայտնել արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության շուրջ։
Մեկնաբանել