HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Я кот, который гуляет сам по себе»,- ասում է գյումրեցի Կայսրը՝ Վազգեն Կարապետյանը

«Կայսրին ճանաչում ես»: Վահանի հարցը սկզբում տարօրինակ է հնչում, մտածում եմ՝ կատակում է, ու ժպտալով գլուխս աջուձախ եմ տանում. «Չէ, չեմ ճանաչում»: Հիմա էլ զարմանքը Վահանի դեմքին է գծագրվում: «Այ քեզ բան, ուրեմն դու գյումրեցի Կայսրին չես ճանաչում, դու Վազգենին փաստորեն չիդես, սաղ քաղաք գիտե իրան ախր, էդ ինչխ էղավ, որ դու իրան չիդես: Ես միշտ ասել եմ, որ Պանիկովսկուն չհաջողվեց ապրել հասարակության հաշվին, իսկ Վազգենին դա արդեն 20 տարի է հաջողվում է,- Վահանը ծիծաղում է:- Համբերի ուրեմն, կծանոթանաս, որովհետև Կայսրը հիմի մեր օֆիս է գալիս»:

Այդ պահին դուռն առանց թակելու բացվում է, ու 40-ն անց մի տղամարդ է հայտնվում շեմին: Անակնկալից շփոթվում եմ ու շփոթմունքից էլ քիչ է մնում հարցնեմ՝ «իսկ ուր է ձեզ ուղեկցող պահակախումբը, Ձերդ մեծություն», այնքան որ ներս մտնող տղամարդը նման է Նապոլեոն Բոնապարտին: Լայն ճակատ, կապտագորշավուն աչքեր ու ոչ այնքան հաստ շուրթերի վրա խոնարհված կեռված մի քիթ: Ինչ որ կատվային բան կա Կայսր-Վազգենի զգուշավոր շարժումների, անծանոթին տնտղելու կերպի, հայացքի, թող ծիծաղելի չթվա ՝անգամ չբարևելու մեջ:

«Վազգենն ալարում է բարև տալ շատ ժամանակ,- նկատում է Վահանը,- ասում է՝ դրանից ինձ ի՞նչ օգուտ»:

Գյումրին տարօրինակ քաղաք է: Ժամանակ առ ժամանակ պիտի անպայման իր կերպին, բնույթին հարիր մարդկանց ծնունդ ապահովի: Նրանք կծնվեն, կապրեն ու կմեռնեն իրենց բնօրրանում, ու կապ չունի, թե ինչ կկոչվի ծնունդ տված արգանդը՝ Ալեքսանդրապոլ, Լենինական, Կումայրի, թե Գյումրի: Միջավայրը նրանց կընդունի, կսիրի, կհարգի, շատ բաներ կների, սիրով մեկ կամ մի քանի մականուն կկպցնի, ու այս առումով Վազգենն այդ հազվագյուտ ընտրյալներից է:

Վազգենն ուսումնասիրում է
հերթական հնաոճ իրը

Վազգենի հոբբին գրքի առևտուրն է, բայց նրան երբեք չես հանդիպի քաղաքի հայտնի ճեմափողոցում՝ «Կիրովի վրա», որտեղ սովորաբար գիրք ու հազար ու մի մանրուք են վաճառում: Կայսրի մյուս նախասիրությունը հնաոճ իրերն են, բայց այստեղ էլ կսխալվեք, եթե մտածեք, թե այդ ամենը կգտնեք նրան պատկանող խանութում: Նա այստեղ, այնտեղ և ամենուր է՝ Թուլատի կերպին հարիր մի վաճառական, որ լույսը բացվելուն պես դուրս է գալիս տնից ու օրն հաջողված համարում, եթե գոնե երկու-երեք գործարք է կնքած լինում: Վազգենին գտնել կարող ես, եթե գիտես հեռախոսահամարը, իսկ եթե շատ պետք լինես, ինքը կգտնի քեզ:

«Վազգենը գիտե, թե էս քաղաքում ով ինչ հոբբի ունի, ով ինչ է հավաքում: Օրինակ՝ մեր ընկերներից Սեյրանը բվեճի արձանիկներ կսիրե: Հավատա, օր լեննականցիների տներն էլ բու չի մնացել, Վազգենն առել ու ծախել է Սեյրանի վրա: Լյովի, Ալիկի ու էլի որոշ մարդկանց համար ասենք հազվագյուտ հրատարակության գրքեր կճարե: Եթե ինքն էլ չունենա, ուրեմն հաստատ իմացի, որ գիտե, թե ում տունն էդ գրքից կա: Էնքան կերթա գուկա էդ տուն, էնքան զահլեքը կտանի, օր իրանից պրծնելու համար, մարդիկ կըսեն առ, վերցրու, կծախեմ, մենակ թե գնա: Զատո քաղաքապետի մոտ Վազգենի մուտքն ազատ է: «Էլի էկար, սատանա,- կըսե Վարդան Ղուկասյանը, հենց օր Վազգենը կհայտնվի իրա կաբինետում»,- Վահանը ծիծաղում է, իսկ խոսակցությանը ներկա Վազգենը միայն բարեսրտորեն ժպտում՝ կկոցելով աչքերը:

«Մի հատ ռուսական կլոր, հին սամավառ ունեի: Աչքը տեսել էր, եկավ, թե ուզող կա, տուր տանիմ փոխեմ, տեղը նույնից կբերեմ: Տարավ փոխեց, հըմի տեղն ինչ որ բերել է, նման է ապրանքիս, բայց արդեն լրիվ նոր է: Ես կվախենամ, որ վերջում էս սամավառիս տեղը մի օր ընձի «Տեֆալ» չայնիկ պիտի բերե: Վազգենն իսկական «չամուռ է». օր կպավ, կպավ, օր որոշեց քեզնից էդ ապրանքը տանելու, կտանի, բայց էնպես կենե, օր դու քու կամքովդ տաս: Համոզելու արտակարգ ձիրք ունի»,-շարունակում է պատմել Վահանը:

«Միամիտ Վազգեն», «Կառլսոն», «Կայսեր». սրանք Վազգենի մականուններն են: Նրան ճանաչողներն ասում են, որ շատ հարցերում Վազգենն այդպես էլ երեխայի նման միամիտ է մնացել: «Կառլսոն» մականվանն արժանացել է մուրաբա շատ սիրելու համար: Վազգենը քաղցրեղենի մեծ սիրահար է: Երկրաշարժից հետո Ավստրիական թաղամասում աշխատող շինարարական կազմակերպության նրա ընկերները լավության կարգով մի օր նրան փակել են սննդի պահեստում, որտեղ ողջ գիշեր Վազգենը խտացրած կաթ ու թխվածք է կերել, վրայից էլ մրգային սիրոպ խմել, որովհետև ջուր չի եղել: Դե, իսկ առավոտյան արդեն նրան տարել են հիվանդանոց՝ ստամոքսի խանգարում ախտորոշմամբ:

Բացի դրանից՝ Վազգենն ապրում է հինգ հարկանի շենքի վերջին հարկում, ինչպես ինքն է ասում՝ «պաչտի նա կռիշե», հայտնի մուլտֆիլմի հերոս Կառլսոնի նման: Վազգենը պատմում է, որ դեռ փոքրուց կիլոգրամներով կոնֆետ ու շոկոլադ է կերել: Խորհրդային տարիներին մայրիկները սովորություն ունեին Նոր տարուց առաջ «մոսկովսկի շոկոլադը բանկաները լցնելու ու զակատելու»: Վազգենին հաջողվել է ամանորի տոներից մեկը փչացնել՝ մինչ այդ հայտնաբերելով ու մինչև վերջին հատիկն ուտելով մոր՝ խնամքով «զակատած շոկոլադները»: «Ու դրա համար ես խիստ պատժվեցի,- հիշում է Վազգենը,- այսպես ասած, տուր թե կտաս շան ճակատին: Ախր, համ էդ 3 կիլանոց բանկի շոկոլադն էի կերել, համ բանկեն էի թափել»:

հնաոճ իրեր

Ինձ համար ամենահետաքրքիրն իհարկե «Կայսր» մականվան ծագումնաբանությունն է: Դժվար թե նրան Նապոլեոն Բոնապարտի հետ նմանության համար այդպես կոչեին գյումրեցիները, մտածում եմ, որ նախապատմությունն այլ կլինի: «28 տարեկան էի, օր էդ մականունը լեննականցիք կպցրին: Էդ վախտը սկսեցի հնաոճ իրերով զբաղվել: Ծանոթ տղեմ կար, ընձի ըսավ. «Դու կայսր ես, որովհետև քու խոսքերիդ մեջ ընպես վերամբարձ տոն կա, հետո հայացքիդ մեջ կայսրներին բնորոշ դաժան խստություն կա, հայացքիդ նայեմ կվախենամ: Էսօրվանից դու կայսր ես ու վերջ»: Կարող ա էդ տղեն էլ քու ըսածիդ պես Նապոլեոնին նկատի ուներ, բայց դե հըմի իրա համար «կայսրը» հավաքական կերպար էր, ու էդ օրվանից էդ մականունը կպավ ընձի»:

«Ես կատու եմ,- խոստովանում է Վազգենը,- իմ էությամբ, իմ զգացողությամբ: Միստիկական բաներ կան, օր շուտ կզգամ, ինչխոր կատուները. եթե էդ կենդանուց պահած կաս, բդի օր ընձի հասկնաս: Համ էլ կատվի տարին եմ ծնվել: Հնարավոր է՝ նախորդ կյանքում եմ կատու եղել, չիդեմ: Կզգամ թե լավը, թե վատը, բայց ամենակարևորը գիտե՞ս որն է, ինչխոր ռուսը կըսե. «Я кот, который гуляет сам по себе»: Ես երբեք որևէ մի մեծ մեխանիզմի պտուտակ չեմ դառնա: Անհնար է ընձի որպես դետալ օգտագործել, ես բդի ազատ էղնիմ, այլապես կդադարեմ ապրելուց՝ պատկերավոր ըսած»: «Նրան հակացուցված է պետության համար աշխատելը,-Վազգենի խոսքն է շարունակում Վահանը:- Ռեժիմով աշխատանք, կարգ ու կանոն, էդ բաները Վազգենի համար չէ, ինքը պիտի ազատ լինի»:

Կոշկակարի և ծաղկաբույծի զավակն իրեն առավել հոգևոր ոլորտի ներկայացուցիչ է համարում: «Հենց դպրոց ավարտեցի, հասկցա, օր փող է պետք, շատ փող, բայց փողի համար երբեք մեղք չեմ գործել»,- ասում է Վազգենը: Տարբեր կազմակերպություններում բանվոր է աշխատել: Տնօրինության համար եղել է «Տերն ու ծառան» հայտնի պատմության Սիմոնը, ու մարդիկ հուսահատված պարզապես դուրս են արել Վազգենի նման ծույլիկին:

«Իմ աշխարհը գրքերն են, քարն ու ցեմենտը չէին: Տասնյակ հազարավոր գրքեր եմ ծախել 20 տարվա ընթացքում: Նպատակս գիտես ինչն է եղել, օր գիրքն հասնի իրա տիրոջը, ըդիկ կարևոր բան է: Առաջ բայց պահանջարկ շատ կար գրքի, հըմի չկա, կոմպյուտրը կործանեց իմ բիզնեսը,- Կայսրը ծիծաղում է:- Հըմի գիրք ուզողների շրջանակը շատ է նեղցել: Ուսանողները չկան, թեկուզ նմուշի համար, դասախոսներ կան կլիենտներիս մեջ, հազվագյուտ հրատարակություններով հետաքրքրվողներ, պաշտոնյաներ կան ու ըդպես էլի, շատ քիչ մարդիկ»:

Կայսրի սիրած խաղը շախմատն է, որովհետև տրամաբանություն կա, ուղեղ պիտի աշխատեցնի, քայլեր մշակի, ռազմավարություն ունենա: Երկար տարիներ պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է այդ իմաստուն խաղով:

«Էս կյանքը շախմատային պարտիա է, իմ կարծիքով, օր վերջում սաղ ֆիգուրները մեկ է, կլցնես կառոպկի մեջ: Այսինքն՝ ինչխ էլ ապրիս, մեկ է վերջում սաղս մե տեղմ կերթանք: Մարդիկ կայուն չեն, կանայք հե~չ կայուն չեն, դիմակնե~ր, դիմակնե~ր… Իմ սերերս բոլորը փըստ են եղել ու կործանարար առողջությանս ու հոգևոր իրավիճակիս: Սիրո մեջ ամենամեծ դերը անկեղծությունը կխաղա: Ես զգացել եմ, օր չկա կանանց մեջ անկեղծություն: Կըսեն՝ քեզի կըսիրեմ, բայց անկեղծ չեն, ըդիկ չեղավ սեր»,- Վազգենը տխրում է:

«Իմ կեսս սուրբ է, կեսս սատանա,- մի պահ ընդհատված զրույցն է շարունակում գյումրեցի Կայսր Վազգենը,- Ես ըդպես կզգամ, հորոսկոպով էլ կուտա: Ես մշտապես էդ երկու ուժերի արանքն եմ, մշտապես պայքարի մեջ եմ: Րոպեն մեկ, վայրկյանը մեկ, ինչխոր էրթաս էն աշխարհ ետ գաս: Դու չես պատկերացնե, թե ըդիկ ինչ բան է: Այսինքն՝ մե որոշումմ օր կընդունես, չարի ու բարու պայքար կերթա մեջդ: Կրնա չար ուղղությունն ընտրես, կրնա բարին ընտրես, բայց գիտե՞ս՝ ըդիկ ինչ է, ըդիկ ահավոր բան է, որովհետև միշտ չէ, օր դու ի վիճակի կեղնիս բարին ընտրելու»:

Արևելյան օրացույցով 2011-ը Կատվի տարի էր: Հետահայաց վերլուծելով անցնող տարին՝ Վազգենն ասում է, որ այն իր համար շատ մեծ փոփոխություններով աչքի չի ընկել:

ձախից՝ Զավեն Խաչիկյանի լուսանկարը,
աջից՝ Նապոլեոն Բանապարտը

«Դրամական մուտքեր կային, սակայն անձնական կյանքում այդպես էլ փոփոխություններ չգրանցվեցին,- Վազգենը ժպտում է:- Գալիք Վիշապի տարուց սպասելիքներ ունեմ, ինչպես բոլորը: Ամենակարևորը՝ սիրելու հավատը չեմ կորցրել: Ճիշտ է՝ իդիալական սեր չկա, բայց դե կա անկեղծ սեր, ու ես էդ սիրուն կսպասեմ: Ամենադաժան բանը գիտե՞ս՝ որն է. մարդու էդ օրվա ապրած հույզերը՝լավ ու վատ: Մեզի ըդիկ կմնա: Ես կուտակած բան չունիմ ու չեմ էլ պատրաստվի կուտակել՝ անկախ էն բանից, թե տարին ինչխ կկոչվի»:

Զրույցի վերջում Վազգենն ասում է, որ մի խնդրանք ունի: Ասում եմ՝ ասա, խնդիր չկա: «Մե հատմ նկար ունիմ, բերեմ էդ էլ քից թերթի մեջ, կեղնի՞: Պրոֆեսիոնալ էրած նկար է: Ըդտեղ հայացքս լրիվ ուրիշ է,- սա ասելիս Վազգենի դեմքի արտահայտությունը փոխվում է, մի տեսակ հենց «կայսրական» է դառնում:- Զավեն Խաչիկյանն է լուսանկարել: Ընձի ըսավ՝ «դու լրիվ տիպաժ ես, արի քեզի նկարեմ», ես էլ նկարվա»:

Մեկնաբանություններ (2)

Goga
Qaxaqum Vazgenin vortex ases ches handipi ,,,pastoren estex el handipeci)))u miayn urax em dra hamar)))shnorhakalutyun Eranuhun nkatelu hamar ev jisht meknabanutyan......!!!!1
nare
Հաճույքով կարդացի: Գյումրվա կոլորիտը զգացվում էր: Հեղինակին շնորհակալություն: Էս տխուր գորշության մեջ նմանատիպ պատմություններ էլ են պետք: Եթե մի օր գնամ Գյումրի, կփնտրեմ Կայսրին, մեկ էլ տեսար հանդիպեցի...)))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter