ՈՒրբաթ, 20 հուլիսի

Թումանյանի թոռնուհու հիշողությունները հոր՝ Արեգ Թումանյանի մասին


Սանկտ Պետերբուրգում բնակվող Հովհաննես Թումանյանի թոռնուհին՝ Սուրմա Թումանյանը, գիրք է հրատարակել իր հոր՝ Արեգ Թումանյանի մասին:

Տիկին Սուրման հիմա 86 տարեկան է: Մասնագիտությամբ ակնաբույժ է, 2 երեխա, 4 թոռ և 4 ծոռ ունի: Գրքի նախաբանում հեղինակը հենց իր ժառանգներին է դիմել՝ նշելով, որ հիշողությունները գրելու պատճառն Արեգ Թումանյանի կերպարն ամբողջացնելն է՝ և որպես մարդու, և որպես քաղաքացու:

«Հիմա ես հասկանում եմ, թե ինչ կարևոր է օրագիր պահելը: Տատիկս համոզում էր ինձ անել դա, սկսեցի, ապա շուտով դադարեցրի: Ինձ թվում էր, թե անվարժ, անհետաքրքիր եմ գրում: Ցավոք: Օրագիր պահելու այդ սովորությունը սերմանել է ձեր նախնին՝ Հովհաննես Թումանյանը»,- նախաբանում գրել է Սուրմա Թումանյանը: Նա գիրքը նվիրել է մեծ գրողի 150-ամյակին:

Ինչո՞ւ է կարևոր գիրքը

Երբ 1923 թ. Հովհաննես Թումանյանը պառկած էր հիվանդանոցում, նրան բերում են մի գիրք՝ Դոստոևսկու դստեր գիրքը հոր մասին: Այդ ժամանակ նրա կողքին էին Արեգը և դուստրերից մեկը: Թումանյանը, գիրքը տեսնելով, ասում է, որ եթե այն գրված լիներ նույնիսկ ավելի թույլ, արժեքավոր և հետաքրքրական կլիներ, որովհետև աղջիկն է գրում հոր մասին: «Այսինքն՝ Թումանյանը նկատել է, որ եթե աղջիկն է գրում հոր մասին, և այդ հայրը մեծություն է, չի կարող այդ գիրքը հետաքրքրական և արժեքավոր չլինել»,- նկատում է բանասիրական գիտությունների դկոտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ ընդհանրապես, գրողի, բանաստեղծի, արվեստագետի ժառանգների գրածը չափազանց կարևոր է: Պատճառն այն է, որ դրանք սկզբնաղբյուր են. ինչպես արխիվային նյութերը, այնպես էլ ընտանիքի անդամների հիշողություններն են կարևոր:

Սուսաննա Հովհաննիսյանը նշում է, որ թեև ամբողջ կյանքում զբաղվում է Թումանյանով, բայց Սուրմայի գրքում նորություններ կային իր համար: Դրանցից մեկը, օրինակ, Արեգ Թումանյանի թումանյանագիտական աշխատանքն է, որ սկսել էր: Թումանյանագետն ասում է, որ Արեգը հոր կյանքի տարեգրությունն սկսել է գրել, քանի որ 30-ականներին սկսեցին շրջանառել, թե Հովհ. Թումանյանը նացիոնալիստ է, որ «Հայոց վիշտը» ազգայնական ստեղծագործություն է (սա Պողոս Մակինցյանն էր հայտարարել, ինչը, թումանյանագետի փոխանցմամբ, բացարձակ չի համապատասխանում իրականությանը):

Թումանյանի 8-րդ զավակը՝ Արեգ Թումանյանը

Արեգը Թումանյանի 8-րդ զավակն է, 4 որդիներից կրտսերը (Թումանյանը 10 երեխա է ունեցել): Արեգի անվան մասին այսպիսի պատմություն կա Սուրմայի գրքում: Ըստ այդմ՝ Թումանյանի լավ ընկեր, գրող Ղազարոս Աղայանը, ով նորածնի կնքահայրը պետք է դառնար, ասել էր, որ եթե աղջիկ ծնվի, ապա Արեգնազան անվանեն, տղա՝ Արեգ: Այդ անունները վերցրել էր իր «Արեգնազանը կամ հրաշքների երկիրը» ստեղծագործությունից:

Արեգը Հովհաննես Թումանյանի կյանքի երկու դրամատիկ և ողբերգական դրվագներում եղել է հոր կողքին: Երբ 1918 թ. թուրքերը գրավեցին Ղարաքիլիսան (այժմ Վանաձորը), Թումանյանի ամբողջ ընտանիքն այնտեղ էր: Այդ ժամանակ Արեգը դպրոցական էր, 18 տարեկան: Թումանյանը մոտ 100 հոգու Ղարաքիլիսայից ոտքով տարավ Թիֆլիս: «Այդ օրվա մասին հուշ կա, որը բոլորը գիտեն, դրա համար Սուրման չի շարադրել դա: Պատկերացրեք, մարդիկ իրենց տները թողած, գաղթական... Նստում էին խարույկի շուրջ, Թումանյանը անեկդոտներ էր պատմում, ուրախացնում նրանց: Հետո գնում էր հեռվում մի կոճղի նստում, սկսում արտասվել: Ինչքան էներգիա էր անհրաժեշտ, որ այդ պահերին ուրախություն տար մարդկանց: Այդ պահին Արեգը նրա կողքին էր»,- պատմում է Սուսաննա Հովհաննիսյանը:

Արեգ Թումանյանը մասնակցել է Էրզրումի ինքնապաշտպանական մարտերին: Երբ զորավար Անդրանիկը հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր զինվոր ունեն, տան հայ ժողովորդին, անհրաժեշտ է միասնական լինել, հաջորդ օրը Թումանյանը «Հայաստան» օրաթերթում բաց նամակ էր հրապարակել՝ ուղղված Անդրանիկին: Գրել էր, որ 4 տղա և 4 աղջիկ ունի (երկու աղջիկների անունները չի տալիս, քանի որ փոքր էին՝ մեկը 5, մյուսը՝ 7 տարեկան), թող Անդրանիկին զինվոր դառնան, ապա նշել, որ սրանից թանկ ոչինչ չունի: Արեգը Գեորգիևյան խաչ է ստացել պաշտպանական մարտերին մասնակցելու համար:

Արեգին մեղադրում էին որպես պանթյուրքիստի

Թումանյանի 3 որդիները ստալինյան բռնաճնշումների զոհ են դարձել: Թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանն ասում է, որ սկզբից Համլիկին են գնդակահարել, հետո՝ Արեգին, իսկ Մուշեղը բանտային պայմաններին չի դիմացել, մահացել է: Երկար ժամանակ համարվում էր, որ Թումանյանի 3 որդիները 1937-ի զոհ են դարձել, բայց նրանց գործերը հատկապես խորհրդային տարիներին ուսումնասիրված չէին…

«Հայրիկի ձերբակալությունից հետո մայրիկին՝ Ամալյա Սեմյոնովնա Փիլիպոսյանին, և ինձ տեղավորեցին կոմունալ բնակարանի սենյակում: Ես մայրիկին խենթացնում էի իմ հարցերով այն մասին, թե որտեղ է հայրիկը և արդյոք նա տեսնում է այս աստղերը: Մայրս ասում էր, որ նա գործուղման է, և ես հավաքում էի թերթերը, որ նա կարդա, երբ վերադառնա: Ուղիղ 4 ամիս անց՝ 1937-ի նոյեմբերի 5-ին, եկան մայրիկիս հետևից»,- գրքում պատմում է Սուրմա Թումանյանը:

«Սուրման ՊԱԿ-ի արխիվում ուսումնասիրել է իր հոր գործը, այդ թվում՝ նրա կապերը: Արեգը Միկոյանի մոտ ընկերն է եղել: Վերջինս էլ նրան ծանոթացրել էր Ստալինի հետ, բայց օգնել չկարողացավ: Հետո բամբասանքներ տարածվեցին, թե Միկոյանի հետ լավ չէր, դրա համար ձերբակալեցին: Սուրմայի գրքում, օրինակ, նշվում է, թե ինչ մեղադրանք էր առաջադրվել Արեգին: Պատկերացնո՞ւմ եք՝ Արեգին մեղադրել են պանթյուրքիստական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Մեկը մյուսից անհեթեթ մեղադրանքներ էին»,- ասում է Ս. Հովհաննիսյանը:

«2003 թ. ԱԴԾ-ի (անվտանգության դաշնային բյուրո- Մ.Մ.) արխիվում ինձ թույլատրեցին նայել հայրիկիս գործը: Ես այդ նյութերը կարդացել եմ երեք անգամ՝ որդուս, դստերս և ամուսնուս հետ: Հենց այդ ժամանակ վերջնականապես պարզ դարձավ, որ 1938 թ. հունիսի 4-ին Արեգին գնդակահարելու դատավճիռ են կայացրել և այդ ժամանակ էլ իրականացրել են»,- գրքում նշել է Սուրման:

Ըստ նրա՝ երկար տարիներ փորձել է գտնել այն տեղը, որտեղ հայրը հուղարկավորվել է: 2000 թ. «Մեմորիալ» կազմակերպությունը գիրք է հրատարակել 1937-41 թթ. քաղաքական ռեպրեսիաների զոհ դարձած անձանց մասին, որից պարզ է դարձել, որ Արեգ Թումանյանը գնդակահարվել է «Կոմունարկա» հատուկ օբյեկտում և թաղվել տեղի եղբայրական գերեզմանատանը: Ներկայում այս նախկին օբյեկտը գտնվում է Մոսկվայի տարածքում: 

«Ես սպասել եմ հայրիկիս երկար, երկար տարիներ: Մի անգամ՝ 1943 թվականին, դռան զանգը տվեցին, երբ բացեցի, հասկացա, որ իմ առջև կանգնած մարդն «այնտեղից» է: Ես հասկացա, որ նա իմ հայրը չէ, ի տարբերություն հայրիկիս, նա բարձրահասակ և խոշոր էր: Տնեցիները նրան ճանաչեցին որպես Աշոտ Հովհաննիսյան, 1922-27 թթ. Հայաստանի Կոմկուսի կենտկոմի նախկին քարտուղարն էր, հայտնի պատմաբան: Նա վերադարձել էր աքսորից, գործով էր Թբիլիսիում և մտել էր Օլյա տատիկին տեսակցության:

Դրանից հետո ես կորցրեցի հանգստությունս: Ամեն օր դասից հետո տուն էի շտապում, թռչում էի աստիճաններով՝ գաղտնի հուսալով, որ հայրս հանկարծ եկել է, իսկ ես դեռ չգիտեմ... Բայց, ցավոք: Մեր շենքի մուտքում՝ առաստաղի տակ, ծիծեռնակները բույն էին դրել: Երբեմն կտուցով խփում էին պատուհանի ապակուն: Տատիկս ասում էր, թե լավ լուր է գալու, ու մենք սպասում էինք նամակների: Բայց հույսերը չարդարացան»,- գրել է Սուրմա Թումանյանը:

Լուսանկարները՝ Ս. Թումանյանի գրքից 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։