HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չնայած իշխանության անտարբերությանը` Դավիթ Պետրոսյանը կշարունակի հացադուլը

Նելլի Պետրոսյան

Թեպետ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Յուրի Ավագյանը նախօրեին դադարեցրեց հացադուլը` նախաձեռնության առաջնորդ Դավիթ Պետրոսյանը շարունակում է փակված մնալ ԵՊՀ լսարաններից մեկում: «Հետք»-ի հետ զրույցում նա նշեց, որ ֆիզիկապես իրեն լավ է զգում, հացադուլն ավարտելու մտադրություն էլ չունի: Յուրան թոքաբորբի պատճառով նրան միանալ չի կարող: Այս պահին ծրագրված չէ նաև նախաձեռնության մյուս անդամների հացադուլ սկսելը. «Չեմ կարող ասել, թե երբ վերջ կտրվի հացադուլին: Բայց մենք որոշ չափով արդեն հասել ենք մեր նպատակին: Ուղղակի հարթակ էր պետք` ցույց տալու, որ իշխանության անտարբերությունը մեզ սպանում է: Մինչև հիմա իշխանությունից որևէ արձագանք չենք ստացել»,- ասաց Դավիթը:

Ազգային ժողովում անցկացրած կլոր-սեղան քննարկման արդյունքները գոհացուցիչ չեղան տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների համար: Դավիթի խոսքով` իրենց զիջումներ խոստացան, բայց չիրագործեցին: Քննարկման հնարավորություն ընձեռելն էլ չի համարում զիջման տարբերակ: Հացադուլի նպատակի մասին խոսելիս շեշտում է, որ դա քայլ է` ընդդեմ իշխանությանը և օրենքը լեգիտիմացնելուն: Թերահավատ է, որ միայն հայտարարություն անելը բավական կարող էր լինել դա իրագործելու համար. «Էդպես էլ չնշվեց, թե համակարգում եղած կոռուպցիան որտեղ է, ինչպես է լուծվելու: Եթե մարդիկ փող էին տալիս, ընդունվում համալսարան, հիմա նույն փողը կտան առողջապահական համակարգին, հիվանդություններ կձևակերպեն ու չեն գնա բանակ: Էսքան ժամանակ պետպատվեր է եղել, հիմա էլ ասում են, թե անիմաստ էր: Նշանակում է` սխալ աշխատանք են իրականացրել: Եթե իսկապես տարկետման տեղերը շատ էին, թող նվազեցվեին»:

Դավիթն ըմբռնումով է մոտենում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, թե նախաձեռնության անդամները հովանավորվում են «Սորոս» հիմնադրամի կողմից, և իբր ինքն էլ վերջերս Լեհաստան կատարած այցի ժամանակ «առաջադրանք է ստացել դրսից». «Այդ հայտարարությունը հիմքեր չունի: Լեհաստան ես լրիվ այլ նպատակով էի գնացել, հրավերս էլ ռեկտորատ էի ներկայացրել: Եթե իրենք դա չեն կարդացել, արդեն իրենց խնդիրն է: Բայց ոչինչ, հասկանում եմ: Հիմա ուղղակի լարված իրավիճակ է»:

Համալսարանի մի քանի դասախոսներ կոչ են արել Դավիթին դադարեցնել հացադուլը, իսկ կուրսընկերները նույն նպատակով ստորագրահավաք են կազմակերպել:

Դասադուլի վերսկսվելն, ըստ Դավիթի, իրատեսական չէ: Ասում է` ուսանողները համախմբված չէին. դասադուլի առաջին օրվանից մինչև վերջին օրը նրանց թիվը նվազեց: Դրա պատճառը թե´ ուսանողների հանդեպ ճնշումներն էին, թե´ նրանց` բավականաչափ պատրաստակամ չլինելը. «Հեշտ է ասելը, թե դասադուլը պիտի շարունակվի: Հիմա դրա համար բավարար պայմաններ չկան: Ռեկտորատներն էլ ազդեցին, մթնոլորտը կուսակցականացված է: Մենք ուզում էինք հանրային քննարկումներ անցկացնել, Ամերիկյանի, Սլավոնականի, Կոնսերվատորիայի ռեկտորները մեզ մերժեցին, և դա, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ»:

«Հանուն գիտության զարգացման» շարժման անդամներն այժմ ձևակերպում են հայտարարություն` ամփոփելու իրենց երկամսյա պայքարը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու դեմ ԵՊՀ մի խումբ ուսանողներ դեռևս նոյեմբերին դուրս էին եկել բողոքի` անցկացնելով դասադուլ: ԱԺ-ում «Հանուն գիտության զարգացման» շարժման ներկայացուցիչների հետ քննարկումից հետո դասադուլն ավարտվեց, սակայն դեկտեմբերի 18-ին շարժման անդամներից 2-ը վերսկսեցին պայքարը` հայտարարելով անժամկետ հացադուլ:

 Լուսանկարը՝ Դ. Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter