HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԳՄՕ նշանի մակնշումը կդառնա պարտադիր և առավել տեսանելի

Դեկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել, որով ԳՄՕ նշանի առկայությունը դառնալու է պարտադիր այն սննդամթերքի համար, որի արտադրության մեջ օգտագործվել են գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (նաև՝ ԳՁՕ՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ) և որոնց մեջ ԳՄՕ պարունակությունը գերազանցում է 0,9 %-ը։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։

Այս փոփոխությունը մտցվել է նաև «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011)՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում ։

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը ԳՄՕ-ները սահմանում է որպես՝ գենաինժեներային մեթոդներով ստացված ցանկացած կենսաբանական գոյություն, որն ունի գենետիկ նյութի փոխանցման կամ վերարտադրման ունակություն և (կամ) պարունակում է գենաինժեներային նյութ և տարբեր է բնական օրգանիզմներից։ 

Նշված օրեքնով՝ այժմ էլ ապրանքի փաթեթավորման և մակնշման պահանջներից է սննդամթերքում օգտագործված ԳՄՕ-ների մասին տեղեկություն տրամադրելը: Սակայն մինչ այս տառատեսակն ու տեղադրման հատվածը որոշվում էր արտադրողի հայեցողությամբ, ըստ որի՝ դրա մասին կարող էր նշվել փոքր տառատեսակով և մակնշման ցանկացած հատվածում։

Այժմ տեխնիկական կանոնակարգը ԳՄՕ նշանի համար սահմանում է հստակ տառաչափ և պահանջում` նշանը տպվի այնպես, որ  լինի հեշտ ընթերցվող ու տեսանելի՝ պիտանելիության ողջ ընթացքում։

Մասնավորապես՝ այն պետք է մակնշվի EAC` Եվրասիական համապատասխանության (Eurasian Conformity) նշանի կողքին և ձևով ու չափով համապատասխանի այդ նշանին։

Նոր պահանջներին անցնելու համար արտադրողներին տրվել է 12 ամիս, այսինքն՝ ԳՄՕ պարտադիր նշանը կհայտնվի սննդամթերքի մակնշման վրա միայն 2018թ.-ի վերջում։

ԵՏՀ հանձնաժողովի անդամ Վալերիա Կորեշկովան ԵՏՀ նիստի իր ելույթի ժամանակ նշել է, որ այս փոփոխության հիմնական նպատակներից մեկն այն է, որ հնարավորություն տա սպառողին «առավել գիտակցված ընտրություն կատարել»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter