Շաբաթ, 22 սեպտեմբերի

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուբեն Թաթուլյանի դեմ



ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Ռոբսոն» մականունով հայտնի ռուսաստանաբնակ «հեղինակություն» Ռուբեն Թաթուլյանի դեմ: Թաթուլյանից բացի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդագրության  համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել ռուսաստանցի և հետխորհրդային այլ երկրներում բնակվող 9 քրեական հեղինակությունների դեմ: 

Ըստ պատժամիջոցների՝ Թաթուլյանին և մյուսներին արգելվում է ԱՄՆ-ի տարածքում զբաղվել բիզնեսով: Բացի դրանից, այդ անձանց արգելվում է մուտք գործել ԱՄՆ, իսկ այնտեղ ունեցած հաշիվները սառեցվում են: 

РБК-ի փոխանցմամբ՝ պատժամիջոցների տակ հայտնված անձանցից երեքը, այդ թվում Ռուբեն Թաթուլյանը, մեղադրվում են «օրենքով գողերին» նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ: 

Հիշեցնենք, որ Ռուբեն Թաթուլյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաև 2017 թվականի մայիս ամսին, երբ Չեխիայում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալվել էր: Նրա մոտ հայտնաբերվել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր, ինչը հաստատվել էր նաև Հայաստանի արտգործնախարարության կողմից, մասնավորապես ասվում էր, որ Թաթուլյանին ՀՀ դիվանագիտական անձնագիր է տրամադրվել «օրենքով սահմանված կարգով»:

Այս տարվա սեպտեմբերին «Հետքը» նամակ էր ստացել Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցումների ոլորտում վերահսկման դաշնային ծառայությունից («Роскомнадзор»)՝ տեղեկացնելով, որ քաղաքացի Ռուբեն Թաթուլյանը դիմել է իրենց՝ խնդրելով աջակցել իր անձնական տվյալները «Հետք» ինտերնետային կայքից հեռացնելու հարցում: «Роскомнадзор»-ի պահանջը «Հետքը» մերժել էր:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ