Կիրակի, 22 ապրիլի

Բալկոնում Ռաֆայել Մանուկյանն է


Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում քանդակագործ Ռաֆայել Մանուկյանն է։

Ռաֆայել Մանուկյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինքը խառը մտքերով, ժամանակ առ ժամանակ բռնկվող, երբեմն շատ հանգիստ մարդ է։ Ինքը քանդակագործ է։ Հնարավորության դեպքում փորձում է կտրվել աշխարհից, ու դա հիմնականում ստեղծագործելիս է տեղի ունենում։ Կատարյալ երջանիկ է այդ պահին։

Ինքը երկրի ցավով ապրող է․ տեսնում է՝ աշխարհն ուր է ուղղված, եւ տեսնում է, որ այդ նույն ժամանակ այստեղ ուրախանում են, երբ մի ինչ-որ գյուղում գազ է քաշվում։

Ինքն ուղղակի ուզում է՝ պարզ շփման մեջ կեղծիք չլինի․ ինքը դուրս լինի շողոքորթությունից, անարդարությունից։ Ուղղակի հանգստություն լինի, որը ստեղծագործելուն է վերաբերում (չնայած ստեղծագործողի մշտական անհանգստությունն իր մեջ է):

Ցանկացած գործ ավարտելուց հետո ուրիշ հանգստություն կա, բայց միշտ ընթացքն է, որ իր համար կարեւորվում է, հետաքրքիր է ու ուրիշ։ Ընթացքն է, որ իր մտքերին ֆորմա է տալիս, ֆորման կավին է փոխանցվում, կավից՝ բրոնզին։ Ինքը երջանիկ է, որ այդ ընթացքը միշտ է՝ թեկուզ արվեստանոցից դուրս, որովհետեւ գլխում պտտվող թեմաներն իր շուրջն են՝ մարդիկ, իրականությունը, գործողություններն ու հարաբերությունները։  Ինքը հավատում է մարդուն ու չի հավատում մարդուն։ Հավատում է արարչին (չնայած աշխատում է այդ թեմային չանդրադառնալ)․․․Բայցեւ չլիներ այդ արարումը, մենք ինչի՞ շարունակողը պիտի լինեինք։

Քո վերջին գործը հենց «Արարում» էլ կոչվում է։

Միքելանջելոն նկարեց Աստծո եւ Ադամի կապը, ես Ադամից եկող շղթան փորձեցի ներկայացնել քանդակի միջոցով, որովհետեւ Ադամն էր, որ շարունակեց արարումը։

Բայց Ադամի ձեռքին արդեն փղի կնճիթն է հպվումմի բան այն չէ։

Մեր իրականության մեջ ինչ-որ բան միշտ էլ այն չէ։

Դա էլ  է արարման տեղ բացում։

Հա, էդպես է։

Անդրադառնանք մի հարցի, որ «Բալկոնում» բոլորին եմ հղումքո ու Հայաստանի հարաբերությունները։

Մենք շատ են ծանրաբեռնում Հայաստանին, բայց մի կարեւոր կետ կա, որ բաց ենք թողնում միշտ՝ մենք ինչ պետք է անենք, մենք՝ ի նկատի ունեմ նաեւ ես ու դու, որովհետեւ ձեւավորող ենք, ստեղծում ենք մի բան, տալիս ենք, վերցնում ենք։ Մենք միշտ կարող ենք տալ այս հարցը՝ Հայաստանը մեզ ինչ է տալիս, երբ դրան զուգահեռ՝ ինչ ենք տալիս Հայաստանին հարցը բաց ենք թողնում։

Լավ, դու Հայաստանին ի՞նչ ես տալիս։

Ես աշխատում եմ անտեղի ոչինչ չվերցնել․․․ Բայց, իհարկե, սա իմ ներշնչվելու, ապրելու, հարաբերությունների տեղն է։ Ես ինձ փորձում եմ իսկական քաղաքացու պես պահել, որովհետեւ հաճախ եմ զգում՝ մենք այստեղ ներգաղթյալի պես ենք․ շատ ուզողի, պահանջողի, բայց շատ չտվողի դերում ենք։ Ի վերջո քաղաքացի լինելը թղթի կտորով չի որոշվում․ քաղաքացի լինելը պատասխանատվություն զգալն է փողոցի մաքրության, ամեն ծառի, ամեն թփի, գլոբալ ու մանր հարցերի համար, որոնք միշտ են եւ անխուսափելի։

Տես՝ դու նորից «մենք» ես ասումքո անունից կոնկրետ․․․ Դու այդ «մենքի» հետ կա՞պ ունես։

Ինչ-որ ձեւ ունեմ եւ չունեմ միաժամանակ։ Ժողովուրդ ասվածը հիմա որպես զանգված է աչքիս երեւում․ մարդիկ են, ովքեր ապրում են նույն տարածքում, բայց դեռ «ժողովուրդ» ասել դժվարանում եմ․․․ Եթե հստակ ասեմ, որ մենք ժողովուրդ ենք, ուրեմն ես էլ իրենց մասն եմ։

Ի՞նչ պետք է անի այդ «զանգվածը», որ քո ասած «ժողովուրդը» դառնա։

Հստակ ընթացք պիտի ունենա, նպատակային լինի։ Ամեն քաղաքացի իրեն առանձին արժանավայել պիտի պահի, եւ միավորում լինի, երբ դրա անհրաժեշտությունը կա, եւ կոնկրետ է պահանջն ու նպատակը։

Նահանգներից նոր ես վերադարձել։ Այնտեղ բավականին հայտնի ցուցահանդեսի մասնակից էիր, գիտեմ։ Հաստատ հարցրել են Հայաստանի մասին, հաստատ շատերն էլ շփոթել  են երկրի անունը․․․

Հա, ասում էին՝ Ռումինիա՞․․․

Իսկ ու՞մ անվան հետ էր առնչվում Հայաստանը։ Կա՞ր ինչ-որ բան, որ օտարի կողմից Հայաստանի հետ էր ասոցացվում։

Այնտեղ զրույցներ եղան աբստրակտ-էքսպրեսիոնիզմի մասին ու պնդումներ, որ նկարիչ Պոլոկն է հիմնադիրը։ Ես Գորկիին ներկայացրի որպես հիմնադիր, ում շատ լավ գիտեն բնականաբար։

Ոչ մասնագիտական խոսակցությունների ժամանակ շեշտվում էր Ազնավուրի անունը, Հենրիկ Մխիթարյանի, բայց, ընդհանուր առմամբ, հիմնականում ոչ թե պատմությամբ ու պատմական անցքերով գիտեն, այլ այն մարդկանցով, ովքեր հայ են ու աշխարհի այս կամ այն անկյունում որպես արտիստ են հայտնի։ Երեւի դրանից է, որ մարդկանց մի մասը Քիմով է մեզ «տեղը» բերում, մյուս մասը՝ Ազնավուրով։

Ասում ես՝ պատմությամբ չգիտեն։ Եթե քեզ հարց ուղղեին, ի՞նչ կառանձնացնեիր մեր պատմությունից։

Մեր պատմությունը, որ սկսում ես ուսումնասիրել, շփոթվում ես, խճճվում, բայց անհերքելի են պատմական շերտերն ու մշակութային ժառանգությունը։ Բարդ է։ Մեր պատմության բովանդակությունը ծավալուն է, բայց մասնատված, չկոնկրետավորված։

Գիտե՞ս՝ քեզ հետ զրուցելուց առաջ մտածում էի, որ դու շատ ինքնավստահ ես որպես քանդակագործ։

Ինչ-որ առումով կենսափորձից է։ Տարիքս բնականաբար այն չի, որ ես
«կենսափորձ» բառը գործածեմ լրիվ ու առանց վերապահումների, բայց, անկախ դրանից, իսկապես տարաբնույթ բաների միջով եմ անցել, դժվարություններ են եղել, հաղթահարվել են, ու երեւի դա էլ տարել է ինքնավստահության։ Այդ դժվարությունները շատ թանկ են ինձ համար, որովհետեւ յուրահատուկ ձեւով են ինձ ուղղորդել, մտածելու առիթ են տվել, ճանապարհներ են բացել։

Ես ասում եմ, որ ունեմ պրոֆեսիոնալ կրթություն, ավարտել եմ Թերլեմեզյանը, Գեղարվեստի ակադեմիան, բայց շատ քիչ մարդիկ կան, ովքեր՝ որպես քանդակագործներ ինձ ինչ-որ բան են տվել։ Ինքնուս լինելն էլ հենց այդ կենսափորձն է ձեւավորել, որովհետեւ իմ գործերն ստեղծվել են իմ արվեստանոցում, ոչ թե ակադեմիայի պատերի ներսում։

Եղել են դեպքեր, որ ինձ ասել են՝ դու քանդակով մի զբաղվի։ Ասողներն էլ հենց քանդակագործներ են եղել․․․ Բայց դա իմն է, իմ էության մասը, ոնց հիմա սուրճի պահանջ զգացինք ու խմեցինք, նույն ձեւ քանդակն է իմ պահանջը, կենսական անհրաժեշտությունը։ Ես ապրում եմ դրանով։ Հիմա, իհարկե, այդ խոսակցությունները մասամբ դադարել են, որովհետեւ դրսում եմ ցուցադրվում։ Ցավալի է, որ այդտեղից սկսած ասելու էլ բան չունենք։

Ես գիտեմ դեպք, որ ֆրանսիացի մի մեծ կոլեկցիոներ գործերիդ լուսանկարները տեսնելուց հետո անմիջապես որոշում է կայացրել գնելու դրանք, երբ իրականում դեռ չի էլ տեսել։

Գիտե՞ս՝ մինչեւ այս այցը Նահանգներ դեռ երբեւէ դուրս չէի եկել Հայաստանից։ Հիմա, երբ վերադառնում եմ մի մեծ ցուցահանդեսից, որտեղ իմ գործերը ցուցադրվում էին Դալիի,  Պիկասոյի, Բոտերոյի գործերի կողքին, ու որտեղ տարբեր մշակույթներ կրող ազգերի ներկայացուցիչներ էին դիտողները, ովքեր վերաբերմունք էին ցուցաբերում, հասկանում ես, որ քո երկրի մասին չգիտեն, դու էլ մեծ աշխարհի մասին շատ բան չգիտես, բայց արվեստային լեզուն երկուսիդ կապում է իրար։ Այդտեղ տարածություն ու ժամանակ չկա։ Այդտեղ լեզուն էլ, որպես կոդ, ոչ մի նշանակություն չունի։

Բրոնզի հետ ես հիմնականում աշխատում։ Նյութի ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված։

Ոչ միայն բրոնզի․․․

Ի նկատի ունեմ՝ որպես հիմնական նյութ։

Բրոնզը իմ սիրելի նյութերից մեկն է, որովհետեւ իրենով կարողանում ես քանդակն ապրեցնել։ Բրոնզը թարմություն պահող նյութ է։ Դժվար է, իհարկե, բրոնզով աշխատելը, ինչպես ցանկացած այլ նյութով, եթե ուզում ես քո պատկերացրածն ամբողջական ստանալ։

Վերջերս Նարեկացի արվեստի միությունում Դանիել երաժիշտի կիսանդրիի բացումն էր, որի հեղինակը դու ես։ Անհատին վերաբերող քանդակի ստեղծման պահը հետաքրքիր է՝ հատկապես, երբ այդ անհատը քո իրականությունից է, ապրում է եւ ստեղծագործում է նույն ժամանակում։

Դանիել երաժիշտն անձամբ ինձ համար մտավորականի տեսակ է։  Այսօրվա մեր ժամանակակից արվեստագետների մեջ նաեւ տարբերվողն է․․․Երկու տարի առաջ ծանոթացա մաեստրոյի հետ, ու պատկերացրու՝ առաջին հանդիպումից հետո միանգամից մտածեցի քանդակելու մասին։ Եղավ խոսակցություն, եւ կես-կատակ, կես-լուրջ Ռոդենի՝ Հյուգոյին քանդակելու պատմության մասին խոսեցինք, մեջս խմորում սկսվեց։ Մի օր զանգեցի ու ասեցի, որ էսքիզ եմ արել ու պատրաստվում եմ քանդակել։

Շատ բարդ է երաժիշտի քանդակել առանց երաժշտական գործիքի այնպես, որ դիտողին պարզ լինի, որ դա հենց երաժիշտն է․․ Առհասարակ քանդակը շատախոսություն չի սիրում․ մինիմալիստական ֆորմայով մաքսիմալը պիտի փոխանցես։

Երեւանում քո նկարագրածի համապատասխան երաժիշտի քանդակ կա՞։

Դավիթ Բեջանյանի գործն է։ Առնո Բաբաջանյանի քանդակը կոմպոզիցիայի առումով ստացված է։

Այնտեղ երաժշտական գործիք կա՝ ռոյալը։

Հա, բայց առանց դրա էլ ստացված կլիներ։ Այս պահին միայն այդ քաղաքային քանդակը միտքս եկավ։ Առհասարակ, եթե քաղաքային քանդակին անդրադառնանք, սիրելիները երեքն են՝ Արտաշես Հովսեփյանի Թամանյանի քանդակը, Չուբարի՝ Մխիթար Գոշը եւ Քոչարի Սասունցի Դավիթը։ Այս երեքն են, որ ինձ քաղաքային ուրիշ էներգիա են հաղորդում ու ամեն անգամ նոր բան սովորելու առիթ են տալիս։

Մեր քաղաքին ի՞նչ քանդակ է պակասում։

Հենց քաղաքային քանդակն է պակասում․ այսօր Երեւանը շատ է ծանրացել հուշարձանային քանդակներով։ Կասկադի օրինակն ունենք, ու դա լավ է (չնայած այնտեղ գործեր կան, որոնց առանձնապես նախապատվություն չեմ տալիս. սա սուբյեկտիվ է), բայց ի վերջո այնտեղ կան գործեր, որոնք քաղաքին այլ շերտ են հաղորդում, կարեւորվում են իրենց տեղում։

Երբ Նունե Թումանյանը նախաձեռնեց «Քաղաքային քանդակի» ցուցահանդեսը, շատ ուրախացա, ինքնս էլ մասնակցեցի, որովհետեւ կան հրաշալի գործեր, որոնք մեր ժամանակակիցներն են ստեղծում։ Այդպիսի գործերը քաղաքում հաստատ իրենց տեղն ունեն։

Խոսակցություններ կային, չէ՞ (եթե չեմ սխալվում) Քոչարի «Սասունցի Դավիթը» Հանրապետության հրապարակ տեղափոխելու մասին, բայց եւ գործը, եւ հրապարակը դրանից «փչանալու» էին, որովհետեւ «Սասունցի Դավիթը»՝ եւ որպես գործ, եւ որպես ճարտարապետական լուծում, ճիշտ տեղում է՝ կայարանում։

Այդտեղ պատահական ոչ մի բան չկա, եւ եթե պատահականությունը մտավ քանդակի մեջ, «հերն անիծվում» է։  Հրապարակը չափազանց մեծ է այդ ծավալի աշխատանքի համար։

Հիմա ինքս պատրաստվում եմ կրկեսի նոր շենքի տարածքում իմ թեմատիկ «լարախաղաց» փղերը տեղադրելու մասին առաջարկ անել համապատասխան մարմիններին։

Քանի անդրադարձանք այս թեմային, շարունակենք։ Վերջին շրջանում Հայաստանում հենց «լարախաղաց» փղերդ են ցուցադրվում։ Նահանգներ նույնպես այդ շարքից գործեր ներկայացրիր։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ դիտելու այդ գործերըփիղը՝ լարի վրա, փաստորեն։ Գաղափարը ինչպե՞ս առաջացավ։

Գաղափարը, թե՞ կոնտեքստը։

Ինքդ ասա։

Մեր իրականության մաս է, եւ պատճառներն էլ մեր իրականությունից են, բայց ասոցիացիան ամեն միջավայրում տարբեր է։ Ինձ միշտ հետաքրքրում է աբսուրդը, որն իրականության մաս է, աբսուրդը, որին հնարավոր չէ բացատրություն տալ։

Այս դեպքում՝ փիղն արդեն իշխանություն ունեցող, ծանրակշիռ, ահռելի զանգված է, որի գործողությունները վտանգավոր են․․․ Մեր իրականության մեջ փիղը լարի վրա է։ Այդքան աբսուրդի հասնող են «այդ» փղերի հնարավորությունները եւ հենման կետերը։

Ցանկացած արվեստագետ (չնայած այս բառից խուսափում եմ, բայց միտքս այլ բան չեկավ), եթե իր գործերի մեջ նպատակային կետին հասնելու միտումը չունեցավ, գործն էլ ուժ ունենալ չի կարող, ազդեցություն էլ։ Ինձ թվում է՝ ստեղծագործող մարդիկ մի քիչ ավելի զգայուն են, մի քիչ ավելի կրքով են ապրում, ավելի նուրբ ու ավելի շուտ են ընկալում իրականությունը, քան հասարակության մյուս շերտերը։ Եվ այս թվարկածներս էլ լուրջ պատասխանատվություն են ստեղծում․․․ Այնքան, որ փղին լարի վրա ես կանգնեցնում։

Նորից տպավորություն է, որ քանդակագործությանը կամ այդ արարման պրոցեսին վերագրումներդ շատ են բացարձակ։

Քանի որ քանդակագործությամբ զբաղվելը անձամբ իմ լինելու ապացույցն է, այսինքն ես այդքան էլ կարեւոր չեմ իմ ժամանակի մեջ, բայց գործերս կարեւորում եմ, ուրեմն չեմ կարող բացարձակ չվերաբերվել։ Եթե ինչ-որ մեկը վնասում է ստեղծագործելու ընթացքին, ավելի ծանր է, քան անձամբ ինձ վիրավորելը։

Նահանգներից առաջ խոսեցինք։ Հիմա այլ տրամադրությունների մեջ եսերեւի ինֆորմացիան շատ էվերլուծելու ժամանակ է պետք։ «Miami Red Dot» գնալը ազդեցիկ է, որովհետեւ գիտես՝ ընտրություն ես անցել՝ խիստ, կանոնակարգված։

Երեւի գործով կերեւա այդ ազդեցությունը, իսկ ցուցահանդեսին գնալը իրոք մեծ պատմություն էր ինձ համար՝ լի անակնկալներով։ Գործերս «Էսքիզ» ցուցասրահն է ներկայացրել։ Ընտրություն տեղի ունեցավ, եւ ինձ բախտ վիճակվեց այնտեղ ներկայանալու։

Մասնակցության անդամավճար կար։ Կարճ ժամկետներ, արագ գործընթացներ․ ստեղծագործ մարդիկ գիտեն՝ ինչ դժվար պրոցես է։ Այստեղ շատերին դիմեցի աջակացության համար, բան դուրս չեկավ։

Ի ուրախություն ինձ՝ շատ կարճ ժամկետում ֆինանսական առաջին աջակցությունը ցուցաբերեցին ՀԲԸՄ նյու-յորքյան գրասենյակից, եւ էլի շատ կարճ ժամկետներում երկրորդ աջակցությունն ստացա արդեն Լիսաբոնից՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամից։ Ինձ համար շատ մեծ պատիվ էր Մայամիում ներկայանալ այս երկու կառույցների աջակցությամբ։

Տպավորություն է, որ քո մասին քեզ հարցնեն, միայն քանդակը կմեջբերես։

Այդպես էլ կա։ Արդեն ասեցի, որ քանդակն իմ լինելու ապացույցն է՝ ամենակարեւոր տեղը, որտեղ կամ, արտահայտվում եմ։ Եթե ինչ-որ մեկն ուզենա հասկանալ ինձ, իմ քանդակի միջոցով հնարավոր է։

Էջմիածնի «Մաչանենց» սիմպոզիումի ժամանակ ծանոթացա հետդ․․․ Այնտեղ բանալի էիր «բանտարկել»․․․

Բողոք էր։

Ինչի՞ կամ ու՞մ դեմ։

Գլոբալ բողոք էր։

Դու քո տեղու՞մ ես․․․ Տեղի հարց կա՞։

Միշտ։ Այնտեղ, որտեղ ես եմ, ուրեմն արդեն իմ տեղն է։ Տեղն ու բնակավայրը չեմ նույնացնում։ Այսօր Հայաստանում եմ, վաղը գուցե այլ տեղում լինեմ՝ որոշ ժամանակով կամ երկարաժամկետ, բայց միշտ իմ տեղում եմ։ Երջանիկ կլինեի, որ շատերն իրենց տեղում լինեին։ Մարդիկ ուղղակի տեղը կորցրել են․․․

Դա քեզ խանգարու՞մ է։

Բոլորին է խանգարում։ Մարդը, ով իր տեղում չի, կիսատություն է առաջացնում։ Այդ մարդը կիսատ է դառնում իր գործի, իր արածի մեջ ու փաստորեն մի տեղում, որտեղ առհասարակ պիտի չլիներ։

Լարի վրայի փիղն է «դառնում» էլի․․․

Հա․․․ Իսկ իսկականներն արդեն մեխանիկորեն դուրս են մնում իրենց տեղից։ Սա արդեն համամարդկային վտանգ է։ Գյուղացին առօրյայում փաստացի ուզում է խաբել, պատշարին շատ չեն վճարում, պատը ծուռ է կանգնեցնում, բայց, եթե ամեն մեկը մտածի, որ իր դրած հիմքի վրա հարկեր պիտի ավելանան, մի բան կփոխվի։

Ես ինքս այդպես եմ վարվում․ ինչ-որ գործի մոտենալիս կամ լավ պետք է անեմ, կամ չմոտենամ ընդհանրապես։ Այդպես հանգիստ եմ եւ պատասխանատու ցանկացած դետալի համար։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։