HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հագվեցիներին սպասվող ամանորյա անակնկալը. Սեդվի գետը և գետից սնվող արտերը կրկին վտանգի տակ են

Մշակվում է Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի վարչական տարածքում «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի կողմից Կաճաճկուտ գետի վրա «Սեդվի-2» փոքր հէկի կառուցման (վերազինման) նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս հայտարարությունը տեղ է գտել Բնապահպանության նախարարության հայտարարությունների բաժնում:

Սա նշանակում է, որ «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն չի հրաժարվել Կաճաճկուտ գետի վրա հէկ կառուցելու իր մտադրությունից: Հիշեցնենք՝  Հագվի գյուղի բնակիչներն ընդդիմացել էին իրենց գյուղի վարչական տարածքում՝ Սեդվի գետից սնվող հէկի կառուցմանը: Այս տարվա փետրվարին տեղի ունեցած հանրային լսումներով գյուղացիները մերժել էին հէկի կառուցումը: Գլխավոր հիմնավորումն այն էր, որ գետից է սնվում 20 հա այգի, որոնք ոռոգման այլ աղբյուր, քան Սեդվի գետն է, չունեն:

Գետի միջոցով են տեսնում գյուղացիները իրենց անջրդի հողերի ապագա ոռոգան աղբյուրը:

Այստեղ 5 հա ազնվամուրու այգի է հիմնել ալավերդցի Ռուսլան Կիրակոսյանը, որի նորաստեղծ փոքրիկ բիզնեսի ապագան ևս գետից է կախված:

Մեկ տարի է՝ հարցը կարծես փակվել էր, և հագվեցիները հավատացած էին, որ հէկի սեփականատերերը հասկացել են գյուղացիների մտահոգությունները և այլևս չեն անհանգստացնելու իրենց: «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն, մինչդեռ, չի հրաժարվել հէկ կառուցելու իր ծրագրից:

Հայաստանում 2009 թվականին գրանցված «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի հիմնական բաժնեմասը ԱՄՆ-ում գրանցված ընկերությանն էր պատկանում՝ «Հելլեսդոն» ՍՊԸ-ին, բաժնեմաս ուներ նաև Աքորիի նախկին գյուղապետ Կամո Սիմոնյանը և Սարգիս Գաբայանը: Վերջինս հէկեր նախագծող «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր՝ Գրիգոր և տնօրեն՝ Ինեսա Գաբայանների որդին է:

Բաժնեմասի փոփոխություն է եղել, և ամերիկյան ընկերությունը դուրս է եկել բաժնեմասի մասնակիցների ցանկից: Այժմ գերիշխող բաժնեմասը Սարգիս Գաբայանինն է՝ ավելի քան 87 %: Ի հայտ է եկել նաև նոր բաժնետեր, ով նաև ընկերության տնօրենն է՝ Արսեն Գալստյանը:

Սարգիս Գաբայանից փորձեցինք պարզել, թե արդյոք հէկի կառուցման նախապատրաստություններ են ընթանում: Վերջինս ասաց, որ տեղյակ չէ ոչ ԲՆ հայտարարությունից, ոչ էլ հէկից:  Ինքը չի զբաղվում և չի կարող ասել, թե ով է զբաղվում:

«Ես չեմ կարող ասել՝ ով է զբաղվում, մենք հրաժարվել ենք դրանից (հէկից-հեղ.)»,- ասաց նա և մեր խնդրանքին՝  ուղղորդել դեպի այն անձը, ով զբաղվում է և որի հետ կկարողանանք զրուցել, ավելացրեց,- ով որ զբաղվում է, ինքն է զբաղվում, պարտավո՞ր եմ Ձեզ ասեմ՝ ով է զբաղվում»:

Հագվի գյուղը խոշորացվել է Օձուն հայամնքի հետ: Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանին կամ համայնքին  դեռևս որևէ նախագիծ չի ներկայացվել, իրենք այդ մասին ոչինչ չգիտեն:

Հագվիի բնակավայրի լիազոր ներկայացուցիչ Հայկասար Մայլիյանը նույնպես ոչնչից տեղյակ չէր․ «Այդ հարցը վաղուց փակված էր, չկան, չեն երևացել,- ասաց նա և նոր հայտի մասին ավելացրեց,-ոչ մի բանից տեղյակ չեմ»:

Համաձայն նախկին նախագծի՝ «Սեդվի» հէկի համար նախատեսված էր անցկացնել ավելի քան 5 կմ խողովակաշար: Արդեն գործող հէկի հետ միասին՝ խողովակաշարի մեջ կվերցվի գետի 8 կմ-ը: Այսինքն՝ Կաճաճկուտ գետի 70 տոկոսից ավելին, բնապահպանական թողքը չհաշված, կհոսի խողովակների միջով: 

Սեդվի գետի մասին՝ նաև այս տեսաֆիլմում

Մեկնաբանություններ (2)

լոռեցի
մարդիք սա լոռին կործանելու ծրագրի մի մասն է, այս ամենը հատուկ ծրագիր է, Արդվի, Մղարթ, Լորուտ, հիմա էլ Հագվի, ինքներտ դատեք
Սանթրո
Որ ասենք շան էրես ունեն, էդ հայվանին կանպատվենք: Սրանց դռնիցը եդ ես տալի ակոշկիցն են մտնում: Հագվցոնց մնում է դրանց ցաքի փշով մին դաղեն, բալքի խելքը գլխնին մտնի: Ուրիշ ելք չի ըրեվում, վերեվնին էլ ոնց որ օքմի չլի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter