Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Հայկական ստարտափ. Cribby` առաջին խելացի օրորոցը


Մանե Գևորգյան

Ծնողների կենցաղն ավելի հեշտացնելու և անհրաժեշտության դեպքում երեխային հեռակա հետևելու համար երիտասարդները ստեղծել են առաջին խելացի օրորոցը՝ Cribby-ն։ Այս փայտե օրորոցն ունի կշեռք, ներկառուցված տեսախցիկ, բարձրախոս, սենյակի խոնավության, օդի ջերմաստիճանի, լույսի վերահսկման սենսորներ և տարբեր ժողովուրդների օրորոցայիններ՝ երեխային քնեցնելու համար։

Այս բոլոր սարքավորումները հնարավոր է առանձին-առանձին ձեռք բերել, սակայն Cribby-ն հեշտացնում է ծնողների՝ ինչ-որ սարքեր փնտրելու, հարմար գնով գտնելու, պատվիրելու և բոլորը տարբեր մեթոդներով համակարգելու գործընթացն ու առաջարկում այդ ամենը մեկ տեղում ունենալու և սմարթֆոնով հեշտ կառավարելու հնարավորություն։

Ստարտափի հեղինակ Գոռ Շահբազյանը զբաղվում է արդյունաբերական դիզայնով ու 2014 թվականից ունի մանկական կահույքի սեփական արտադրությունը։ Կահույքը պատրաստում են ժամանակի ընթացքում մոռացված ավանդական տեխնոլոգիաներով, ու պատում բնական փայտանյութով, մեղրամոմով ու բուսական յուղերով։ Մշտապես ուսումնասիրելով շուկան՝ Գոռն ու ընկերները որոշեցին տարբեր մասնագետներով միանալ, միության պես մի բան ստեղծել ու անհրաժեշտության դեպքում միավորվել և շղթայական աշխատել՝ նոր արտադրանք մտածելու համար։ Հենց այս շրջանակում էլ որոշեցին զարգացնել  Cribby-ի միտքը։ Գրեթե չորս տարի ժամանակ առ ժամանակ աշխատել են նախագիծն իրականացնելու շուրջ, սակայն վերջին  8-9 ամսում են կարողացել ներդնել հնարավոր ռեսուրսները, ավելի ինտենսիվ աշխատել ու ահա արդեն  ներկայացնել օրորոցի նախատիպը։ Նախագծի արտ-տնօրենը Սերգեյ Նավասարդյանն է, իսկ ծրագրավորմամբ զբաղվում են Աշոտ Գասպարյանն ու Մհեր Սարգսյանը։ Օրորոցը դեռ պատրաստ չէ վաճառքի, բայց այն որոշեցին ներկայացնել մարդկանց՝ հնարավոր արձագանքը հասկանալու, ըստ պահանջի ինչ-որ բաներ վերանայելու և ֆինանսավորման հաջորդ փուլն ավելի ճիշտ պատկերացնելու համար։

Օրորոցը լուծում է ծնողների համար ամենակարևոր խնդիրներից մեկը՝ նրանք ունենում են երեխային ցանկացած պահի հեշտ ու հարմար կշռելու հնարավորություն։ Օրորոցը ձեռք բերելուց հետո ծնողները համացանցի միջոցով միանում են ամպային համակարգին ու ստանում տեղեկություն երեխայի ու միջավայրի մասին, ինչպես նաև հաղորդակցվում նրա հետ։ Ամպին կարելի է միաժամանակ մի քանի սարքավորմամբ միանալ՝ նկատի ունենալով, որ ամպում հավաքագրված տեղեկության անվտանգությունն ապահովված է։ Ծնողը նախապես նշում է, թե որ դեպքերում ծանուցում ստանա, ու հրահանգների համաձայն (օրինակ` նախատեսվածից ավելի ցածր է ջերմաստիճանը կամ ավելի շատ է լուսավորությունը)` ծնողը ստանում է ծանուցում։ Ծնողը տեղեկանում է նաև, թե երբ է արթնանում երեխան կամ որ պահին է ավելի անհանգիստ։ Այսինքն՝ երբ ծնողն աշխատանքի է կամ տան մյուս սենյակում, այս օրորոցը վերականգնում է հնարավոր կապն ու թույլ տալիս արագ արձագանքել անհրաժեշտ փոփոխություններին։

Ծնողն ունի նաև երեխայի համար օրորոցային հեռակա միացնելու հնարավորություն։ Ստարտափի հեղինակները նպատակ ունեն հավաքել բոլոր երկրներին հատուկ օրորոցայիններն ու երեխային փոքրուց հաղորդակից դարձնել տարբեր մշակույթներին։ Հիմա ներկայացնում են 9 տարբեր օրորոցայիններ, որոնք մշակել են «ԳՈՂԹ» բենդ-նախագծի ազգային փողային նվագարանների վարպետ Հայկ Կարապետյանն ու ԹՈՒՄՈ ուսանող Աննա Մեջլումյանը։

Հիմա օրորոցը ծանուցումներն ուղարկում է միայն համապատասխան ցուցումների համաձայն, սակայն Գոռի խոսքերով՝ նախատեսում են, որ մոտ ապագայում համակարգը կաշխատի արհեստական բանականության հիման վրա՝ կվերլուծի հնարավոր տվյալներն ու արդեն կկարողանա որոշել, օրինակ, երբ միանա տեսախցիկն ու ինչ-որ կադրեր ֆիքսի կամ կկարողանա հաղորդել երեխայի տրամադրությունը։ 

Պլանավորում են նաև լազերային համակարգով կամ հատուկ ջերմային տեսախցիկներով օրվա ընթացքում չափել երեխայի մարմնի ջերմաստիճանը։ Այսինքն՝ երբ երեխան լինի օրորոցում ու նրա ջերմությունը բարձրանա, ապա ծնողները կկարողանան միանգամից տեղեկանալ հեռախոսի միջոցով։ Այս ամբողջ տեղեկությունը կպահպանվի ամպային համակարգում ու անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կիսել բժշկի հետ։

Շատ կարևորվում է տվյալների հավաքագրումը։ Հավանական է, որ հետագայում այդ տվյալները, իհարկե, միայն ծնողի համաձայնության դեպքում, կարող են օգտագործվել որպես` երեխայի վարքագիծը իրական ժամանակում ուսումնասիրելու լավ հնարավորություն։ Գուցե մի օր այդ վերլուծությունները հենց համակարգն էլ կարողանա տրամադրել։

Արհեստական բանականության շնորհիվ նաև օրորոցը կաշխատի «sleep mode»-ով՝ այսինքն՝ կակտիվանա միայն անհրաժեշտության դեպքում, կխնայի էներգիա ու մարտկոցները փոխելու անհրաժեշտությունը կնվազի։

Օրորոցը բնական նյութերից է պատրաստված ու այն հնարավոր չէ ճոճել։  Գոռը նշում է, որ վաղուց է ոլորտում ու հասցրել է շատ ուսումնասիրել ու համոզվել, որ օրորոցը չի կարելի շարժել։ «Զարգացած երկրներում  երեխային ճոճելը վաղուց վերացրել են։ Բժիշկները պնդում են, որ այն գլխացավ ու սրտխառնոց կարող է առաջացնել, ինչի մասին երեխաները չեն կարողանում հաղորդել։ Իսկ հոգեբանների կարծիքով, երբ քնելիս օրորում ես, երեխան քունը կապում է կոնկրետ գործողության հետ ու խախտվում է երեխայի ինքնակամ քնելու ցանկությունը»,- ավելացնում է Գոռը։

Հեղինակները կարծում են, որ օրորոցին կից սարքավորումները վնասակար չեն երեխայի համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ գրեթե բոլորի տանը կա հեռուստացույց,  WiFi տարածող սարք ու մարդիկ չեն պատրաստվում դրանք հեռացնել բնակարանից։ Այս սարքավորումները ոչ թե WiFi տարածիչ, այլ ընդունիչ են։ Այսինքն՝ դրանք ցածր ալիքային են ու հաճախականությունների տեսանկյունից ավելի թեթև են, քան հեռախոսը, որը, օրինակ, 3G-ով է աշխատում։ Երեխայի համար սարքավորումների տեսանելիությունն ու հասանելիությունը նվազագույնի են հասցնելու։

Գոռը, ի պատասխան շատերի այն մտահոգությանը, որ նման հնարավորություններով օրորոցը ծնողին կհեռացնի երեխայից, նշում է, որ օրորոցը ոչ թե գալիս է փոխարինելու ծնողին, այլ դառնում է կապի միջոց՝ լուծելու հեռավորության ու ժամանակի խնդիրը։ Ծնողները կարող են որոշել՝ որ գործառույթները կիրառել, որոնք անջատել և ինչպես արձագանքել ստացվող ծանուցումներին. չէ՞ որ միևնույն է շատ ծնողներ աշխատում են , ինչ-որ ժամանակ տանը չեն լինում, ու սա լավ հնարավորություն է այդ ընթացքում երեխայի հետ կապը չկորցնելու և նրան հետևելու համար։

առաջին 3 լուսանկարները՝ AGBU-օ
4-րդը՝ լուսանկարը՝ Առնոս Մարտիրոսյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. aniyerevan@yahoo.com13:14 - 26 դեկտեմբերի, 2017
գործարկում=startup
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։