Երեքշաբթի, 23 հունվարի

Հակաբիոտիկներ, սալմոնելա և ՄԱՖԱՄ` տեղական հավի մսում․ լաբորատոր փորձաքննության արդյունքները


Վերջերս  «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Մեր ընթերցողների առաջարկով՝ այս անգամ փորձաքննության ենք ներկայացրել տեղական արտադրության հավի մսերը, որոնք իրենց խախտումներով «չեն զիջում» ներկվածներին։

Մասնավորապես, ներկայացված 7 նմուշից միայն 3-ն էին անվտանգ։ Մնացած 4-ի մեջ հայտաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է։

 

 

2017թ. դեկտեմբերի 12-ին լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 7 տեսակի տեղական արտադրության հավի միս։

Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։

Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին» )նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի առաջին կարգի սառեցված բրոյլեր հավի միսը` (առանց փորոտիքի)։

Ապրանքի պիտակի վրա առկա էր ՀՍՏ նշանը, ինչը վկայում է, որ այն արտադրված է և համապատասխանում է Հայաստանում գործող ազգային ստանդարտների պահանջներին։
Պահպանման ժամկետը -180 C -ում՝ 12 ամիս։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի սառեցված բրոյլեր հավի մսի մեջ ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորման։

Ավելին, այս նմուշի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ՝ լևոմիցետին՝  0,017 մգ/կգ (թույլատրելի նորման՝ <0,01 մգ/կգ-ից)։

Այսպիսով, այս սառեցված հավի միսը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել դարձյալ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի արտադրության բրոյլեր հավի վիզը և մեջքը։

Ըստ մակնշման՝ այս հավը ևս 1-ին կարգի է, 2017թ. հոկտեմբերի 9-ին անցել է «անասնաբուժական ստուգում», պահպանման ժամկետը՝ 3-6 ամիս՝ կախված պահման ջերմաստիճանից։

Դարձյալ արտադրված է ՀՍՏ-ով՝ ՀՀ ՏՊ 37373876․6821-2012 (ՏՊ՝ արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ ապրանքի որակի և բաղադրության համար, հեղ․)

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ սառեցված բրոյլեր հավի վիզը և մեջքը համապատասխանում  են սահմանված նորմերին և պիտանի են սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Շիրառ» ՍՊԸ-ի «Աշտարակ» սառեցված բրոյլեր հավի միսը։

Ապրանքի պահպանման ժամկետը՝ -180 C-ում` 12 ամիս է։ Մակնշման մեջ առկա է EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ տարածքում ապրանքն իրացնելու համար։

Չնայած տեղ-տեղ վնասված փաթեթավորմանը՝ փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Աշտարակ» բրոյլեր հավի միսը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՆՄՈՒՇ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի «Լուսակերտ» սառեցված հավի թոքը։

Մակնշման մեջ նշված է, որ այն արտադրված է ԳՕՍՏ 25931-82 պահանջներով, ինչպես նաև առկա է EAC նշանը։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Լուսակերտ» հավի թոքի մեջ ՄԱՖԱՄ թույլատրելի քանակը 32 անգամ գերազանցում է թույլատրելի նորման։

Այս նմուշը չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

ՆՄՈՒՇ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «ՀԿԳ» ՖԲԸ-ի  «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» -ում արտադրված «Էրեբունի» թարմ բուդ բրոյլերը։

Ինչպես նախորդ նմուշի դեպքում, այս ապրանքը ևս արտադրված է ԳՕՍՏ 25931-82 պահանջներով, կա նաև EAC նշանը։

Անասնաբուժական ստուգումն անցել է փորձաքննության ներկայացնելու նույն օրը՝ դեկտեմբերի 12-ին, պահպանման ժամկետը՝ 3-6 օր։ Մակնշման մեջ առկա է նաև «Համազգային վստահության»  «Որակի նշանը» (2015-2016թթ)։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Էրեբունի»  հավի բուդն «անվստահելի է և «անորակ»»․ նրանում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ինչպես նաև՝ հակաբիոտիկ լևոմիցետին՝ 0,0847 մգ/կգ։

Այս նմուշը չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

 

ՆՄՈՒՇ N6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ»-ի պաղեցված հավի դոշը։

Պահպանման ժամկետը, կախված ջերմաստիճանից, 4 օրից մինչև 14 ամիս է։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Էրեբունի» 1-ին կարգի սառեցված հավի միսը։

Այն ձեռք էր բերվել կշռված՝ «Երևան Սիթի» սուպերմարկետից, և մակնշման վերաբերյալ այլ տեղեկություններ չկան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ  դրա մեջ ՄԱՖԱՄ քանակը 14 անգամ գերազանցում է նորման։

«Էրեբունի» սառեցված հավը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

7-ից միայն 3-ն են անվտանգ

Այսպիսով, փորձաքննված տեղական հավի 7 նմուշից միայն 3 են համապատասխանել սահմանված նորմերին (նմուշներ՝ N2, N3, N6

Մնացած 4-ում հայտնաբերվել են խախտումներ։

Մասնավորապես՝ ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ նմուշ N1,  N4, N7 –ում։ Սա արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի, ջերմային ռեժիմների խախտման հետևանք է կամ արտադրությունից հետո՝ տեղափոխման ժամանակ, իրացման կետերում պահպանման պայմանների և հիգիենիկ նորմերը չպահպանելու արդյունք։

Սալմոնելա խմբի մանրէներ՝  նմուշ N 5-ում, ինչն արդեն բուն արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտում է։

«Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված,- ասում է «Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։- Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»:

Պաշտոնական տվյալների համաձայն՝  2017 թ․ սկզբից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 324 հիվանդության դեպք՝ պայմանավորված սալմոնելային խմբի մանրէներով։

Առողջապահության նախարարության՝  «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» տեղեկագրքի տվյալներով՝ այս տարվա հուլիսին Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք, որից 333-ը՝ Երևանում, 746-ը՝ մարզերում։

Հակաբիոտիկներ՝ նմուշ N1, N5-ում։ Սա հիմնականում պայմանավորված է հավերի բուժման նպատակով օգտագործված հակաբիոտիկներով։

 «Թռչնի բուժման նպատակով կիրառել են հակաբիոտիկ և չեն սպասել, որ այն դուրս գա օրգանիզմից ու մորթ են կազմակերպել,- պարզաբանում է Կ. Դարբինյանը։- Կամ թռչունն անկման մոտ է եղել, մտածել են, որպեսզի չկորցնեն, հիվանդ վիճակում մորթեն և վաճառեն»։

Նշենք, որ հակաբիոտիկներ կարելի է ձեռք բերել միայն բժշկի դեղատոմսով, քանի որ դրանց ազատ վաճառքը «Դեղերի մասին» օրենքով արգելվում է։

Դրանց հաճախակի կիրառումից օրգանիզմում տվյալ հակաբիոտիկների նկատմամբ ձևավորվում են կայուն միկրոօրգանիզմներ։ Սա նշանակում է, որ հետագայում նման հիվանդությունների բուժման համար մեզ անհրաժեշտ կլինեն ավելի ուժեղ ազդեցությամբ հակաբիոտիկներ։

«Հետք»-ի՝ ներկրված սառեցված հավի մսի փորձաքննությունից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ուսումնասիրության ժամանակ թեև հայտնաբերվեցին խախտումներ (սալմոնելա, լիստերիա,), սակայն հակաբիոտիկների մասին ոչ մի խոսք չեղավ, և այդ փաստն այդպես էլ անտեսվեց ու մնաց անարձագանք՝ նաև Առողջապահության նախարարության կողմից։

 

Լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը տես՝ այստեղ


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։