Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Տաթև համայնքի ղեկավարի հիերոգլիֆներով կայացրած որոշումները



Տաթեւը առաջին երեք խոշորացված համայնքներից մեկն էր, որին կառավարությունն ու հասարակական կազմակերպությունները բավականին բծախնդրորեն էին նախապատրաստվում: Մինչեւ խոշորացվելը պարբերաբար հանդիպումներ էին կազմակերպվում բնակչության հետ, այնուհետեւ խոշորացման հարցը հանրաքվեի դրվեց, որից հետո ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին: Ուզում էին համոզիչ դարձնել, որ համայնքների միավորումը բնակչության ընտրությունն է եղել: Հաջողված օրինակն ավելի դյուրին կդարձներ խոշորացման դեմ ըմբոստացող եւ նախատրամադրվածությամբ այն մերժող մյուս համայնքները միավորելը:

Նախընտրական շրջանում կառավարությունն ու ՀԿ-ները, ներդրումային խոստումներից բացի, շեշտադրում էին նաեւ խոշորացման մյուս առավելությունները՝ վարչարարության բարելավում, թափանցիկ եւ մասնակցային կառավարման ապահովում եւ այլն: Այդ նպատակի իրագործմանն էին միտված համայնքային կենտրոն Շինուհայրում քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը, համայնքային կայքէջի՝ http://www.tatevhamaynq.am ստեղծումը:

Նախկինում, եթե ներվում էր տեղական իշխանության՝ համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու որոշումները չհրապարակելը՝ ասելով, թե 100 բնակիչ ունեցող համայնքի 3 հոգանոց ավագանին ո՛չ բովանդակալից որոշումներ կայացնելու ունակություն ունի, ո՛չ էլ դրանք հրապարակելու տեխնիկական ռեսուրս, ապա 8 գյուղի միավորումով ստեղծված տեղական իշխանության նկատմամբ պահանջներն ավելի խիստ են: Խոշորացումն իրականացնելու հիմնավոր փաստարկներից մեկն էլ հենց այդ էր՝ վարչարարության բարելավում, պրոֆեսիոնալ աշխատակազմ, լավ կառավարում եւ այլն:

Սակայն, Տաթեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու կայացրած որոշումները վկայությունն են այն բանի, որ 830 բնակիչ ունեցող Տաթեւ գյուղի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի աշխատաոճը փոփոխություն չի կրել 6370 բնակիչ ունեցող «Տաթեւ» խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո: Դատելով համայնքի ղեկավարի եւ ավագանու ընդունած որոշումների բնույթից, նաեւ համայնքային բյուջեն կազմելուց ու ծախսումներից՝ կարող ենք ասել, որ Տաթեւ համայնքը կազմավորելուց հետո Սյունիքի մարզպետարանն ու տարածքային կառավարման նախարարությունն այլեւս դրանով չեն հետաքրքրվել:

Տաթեւ համայնքը վատ վարչարարության օրինակ է

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում միավորված 8 գյուղից՝ Շինուհայր, Սվարանց, Հալիձոր, Տաթեւ, Խոտ, Հարժիս, Տանձատափ, Քաշունի, ավագանու կազմում ներկայացված են 6-ը:  Ավագանու 11 անդամից 5-ն ընտրվել են Շինուհայրից, 2-ը՝  Խոտ համայնքից եւ մեկական հոգի ընտրվել է Տաթեւ, Հարժիս, Սվարանց, Հալիձոր համայնքներից: Փոքրաթիվ ընտրողներ ունենալու  պատճառով Տանձատափը եւ Քաշունին ավագանու թեկնածու չէին կարող առաջադրել: Այս հանգամանքն առավել եւս պարտավորեցնող էր, որպեսզի տեղական իշխանությունն առավելագույնն աներ հրապարակային եւ մասնակցային կառավարում ապահովելու համար:

Տաթեւի 11 հոգանոց ավագանին, հիմնականում, որոշումներն ընդունում է 8 հոգանոց կազմով, եւ դրանք մեծ մասամբ հրապարակվում են առանց կից հավելվածների: Հաճախ չեն կցվում նաեւ բյուջեի եռամսյակային հաշվետվությունները:

2015 թ.-ից ընտրված ավագանին մինչ օրս հանձնաժողովներ չի ձեւավորել, ինչը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջն է: Օրենքի 2-րդ գլխի 13-24-րդ հոդվածներով, բազմաբնակավայր համայնքի ավագանու համար սահմանվել է. «Եթե համայնքի ավագանին կազմված է ավագանու 9 եւ ավելի անդամից, ապա ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար ստեղծում է մշտական, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ»:

Հանձնաժողովները ստեղծվում են որոշումների նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ համայնքի ավագանուն եզրակացություններ տալու նպատակով։ Ըստ այդմ, պետք է ձեւավորվեր 3 մշտական հանձնաժողով·

  1. սոցիալական, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով,
  2. քաղաքաշինության, հողօգտագործման, բնապահպանության, ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով,
  3. ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:

Զարմանալի չէ, որ մինչ օրս ավագանին համայնքի սոցիալական քաղաքականությունը չի ճշտել՝ անապահովության շրջանակը, դրամական օգնության չափը եւ տրամադրելու կարգը չի սահմանել: 2017 թ.-ի տարեկան բյուջով 2 մլն դրամ է հատկացվել սոցիալական օգնության համար, սակայն առաջին եռամսյակի հաշվետվությունով արդեն 2,7 մլն դրամ հատկացվել էր, իսկ հասցեատերերը հայտնի չեն:

Ավագանին 1 մլն 326 271 դրամ գույքահարկի եւ հողի հարկի արտոնություն է տրամադրել որոշ անձանց՝ «համաձայն կից հավելվածի», սակայն հավելվածը չի հրապարակվել, եւ արտոնյալները հայտնի չեն:

Տարվա ընթացքում ավագանու որոշումով աճուրդ-վաճառքի են դրվել Տաթև համայնքի սեփականությունը հանդիսացող հողեր եւ շինություններ՝ արտադրական նշանակության պահեստ, կովանոց եւ այլն: Որոշումներից ոչ մեկում չի նշվում, թե  ինչպես է սահմանվել անշարժ գույքի մեկնարկային գինը: Օրենսդրությունը պահանջում է, որ շինությունները վաճառքից առաջ ներկայացվեն մասնագիտացված եւ լիցենզավորված կազմակերպությունների գնահատմանը, որի սահմանած արժեքն էլ կարող էր հիմք հանդիսանալ մեկնարկային գնի համար: Սակայն, ավագանու որոշումներից ոչ մեկում այդպիսի հղում չկա:

1. Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Խոտ գյուղի «Կալեր» անվ. տարածք, N 1 հասցեում գտնվող  09-047-0106-0421 ծածկագրով, 356 քմ  մակերեսով գյուղատնտեսական նշանակության օբյեկտների հողամասը և նրա վրա կառուցված  330,4 քմ մակերեսով արտադրական նշանակության պահեստը աճուրդ-վաճառքով օտարելուն:
2.
Մեկնարկային գին սահմանել՝ 1174600/մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր/ դրամ, որից 1050000/մեկ միլիոն հիսուն հազար/ դրամ պահեստի արժեք, իսկ 124600/մեկ հարյուր քսանչորս հազար վեց հարյուր/ դրամ  հողամասի արժեք/ 1քմ-ի համար 350 դրամ/:                                                                                                                                                      

1. Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Խոտ գյուղի «Կվանոց» հասցեում գտնվող,  09-047-0106-0419 ծածկագրով 1691 քմ  մակերեսով գյուղատնտեսական նշանակության օբյեկտների հողամասը և նրա վրա կառուցված  1644,2  քմ մակերեսով արտադրական նշանակության կովանոցը աճուրդ-վաճառքով օտարելուն:
4.
Մեկնարկային գին սահմանել՝ 1061850 /մեկ միլիոն վաթսունմեկ հազար ութ հարյուր հիսուն/ դրամ, որից 470000/չորս հարյուր յոթանասուն հազար/ դրամ որպես կովանոցի  արժեք, իսկ  591850 /հինգ հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր հիսուն/ դրամ հողամասի արժեք, 1քմ-ի համար 350 դրամ/:

Հիշեցնենք, որ խոսքը 8 գյուղերի միասնական բյուջեն ծախսելու եւ այդ գյուղերի գույքն օտարելու մասին է, որոնք համայնքի ղեկավարն իրականացնում է օրենսդրության պահանջների խախտումով: Առհասարակ, համայնքի ղեկավարի կայացրած որոշումները վերծանման անհրաժեշտություն ունեն, քանի որ կազմված են հիերոգլիֆներով: Վերծանման բանալին, թերեւս, միայն համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի մոտ է:

Տաթեւ համայնքի ղեկավարի ծածկագրերով կայացրած որոշումներից·

Տաթեւ համայնքի 2017 թ.-ի բյուջեով տեղական տուրքերի գանձումը պլանավորված է 600 հազար դրամ եւ երրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ 450 հազար դրամ հավաքագրվել է: Սակայն չկա համայնքի ղեկավարի ոչ մի որոշում, որով պարզ լինի, թե տուրքերը ումից են գանձվում եւ ինչ գործունեություն իրականացնելու համար է թույլտվությունը տրամադրվել՝ վառելիքի, ալկոհոլի, ծխախոտի վաճառքի, թե՞ հանրային սնունդ արտադրելու կամ մեկ այլ ծառայության դիմաց: Նկատի ունենանք, որ նշված ծառայություն մատուցողները գտնվում են տարբեր համայնքներում եւ կարեւոր է բոլորի նկատմամբ հարկման հավասար քաղաքականություն վարելը:

Աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման համար վարձավճարներ սահմանվել են, սակայն վճարներ չեն գանձվում ոչ միայն ֆիզիկական, այլեւ իրավաբանական անձանցից: Հավաստիացնում են, որ տուրիզմում ակտիվորեն ընդգրկված Տաթեւ վանական համալիրը շրջապատող գյուղերում շաբաթը մեկ անգամ աղբահանություն է իրականացվում, որի համար 2017 թ.-ի բյուջեով հատկացվել է մոտ 4 մլն դրամ:

2017 թ. վարչական բյուջեով տույժերից ու տուգանքներից դրամական մուտքեր չեն նախատեսվել, բայց համայնքի ղեկավարը տարվա մեջ մի քանի որոշում է կայացրել վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ: Ինքնակամ շինություն կառուցած բնակիչները տուգանվել են 200 000 դրամի չափով, որից հետո շինություններն օրինականացվել են: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ