Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Առաջարկվում է «9-11» և «1-02» ծառայությունների ահազանգերի տեղորոշման համակարգ ներդնել



Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում և «911» և «1-02» ծառայությունների ահազանգերի տեղորոշման համակարգ ներդնել։  Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ е-draft.am-ում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն իր գործունեության տարիների ընթացքում սպասարկել է 6 մլն-ից ավելի ահազանգ: Չնայած ահազանգերի գերակշիռ մեծամասնությունը կրում է կենցաղային բնույթ, սակայն գրանցվում են նաև այնպիսիք, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն։  

«Նման իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը, առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն: Իրավիճակն էապես փոխվում է, երբ «911» օպերատորը հնարավորություն է ունենում տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը։ Կարևորելով մարդու կյանքի և առողջության առաջնայնությունը՝ «911» ծառայությունում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը հանդիսանում է կարևորագույն գործընթաց, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը»,- ասված է նախագծում։

Նախագծում նշվում է նաև, որ տեղորոշման համակարգերը տարիներ շարունակ արդյունավետ կիրառվում են ԱՄՆ-ի «911», Եվրամիության գրեթե բոլոր երկրների «112» ահազանգման կենտրոններում, ուստի փորձը տարածում է գտնում ամբողջ աշխարհում:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ ենթակետով․

«Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է կարգավորողի կողմից սահմանված կարգով բացահայտել իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության (911) և ՀՀ ոստիկանության 102 համարներին կատարվող կանչերի դեպքում։ Կարգավորողը հաստատում է սույն կետով նախատեսված կարգը, այդ թվում՝ տեղորոշման համակարգի գործարկման պայմաններն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները՝ նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ»։

Հ.Գ. Նախագիծը դեռևս պետք է հաստատի կառավարությունը, ապա քվեարկության կներկայացվի խորհրդարանում։

Լուսանկարը՝ ԱԻՆ-ի կայքից


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ