Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Սարի թաղի» գործով ամբաստանյալ.«Ձեր ծանրաբեռնվածության պատճառով 1,5 տարի է նստած ենք»



«Սարի թաղի» գործով շարունակվում է ոստիկանության աշխատակից վկաների հարցաքննությունը։ Այսօր Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի եւ Անդրանիկ Քյոսեյանի գործով նիստին հարցաքննվեց ոստիկանության աշխատակից Ռաֆայել Մանուկյանը։ 

Ոստիկանության տեսուչը նշեց, որ 2016-ի հուլիսի19-ին ոստիկանները ՊՊԾ գնդից դեպի Սարի թաղ տանող ճանապարհն են փակել՝ հատուկ գործողություններ անելու նպատակով, իսկ քաղաքացիները փորձել են գնալ դեպի ՊՊԾ գունդ։ «Ավելի ագրեսիվ պահվածք է ցուցաբերել դեղին վերնաշապիկով մի երիտասարդ, ով հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին»,-նշեց վկան: Այնուհետեւ ավելացրեց, որ դեպքի օրը կրակոցներ է լսել ՊՊԾ գնդի տարածքից։ «Քաղաքացիներ կային, հասկացան՝ ճանապարհը չի բացվելու եւ հետ կանգնեցին»,- նշեց Ռ. Մանուկյանը։

Ըստ վկայի ՝ ինքը դեպքի օրը տեսել է վնասվածք ստացած ոստիկանության աշխատակից Արմեն Գալստյանին եւ նրան տեղափոխել հիվանդանոց։ Վկան պատմեց, որ ոստիկանի գլխի վնասվածքը քաղաքացիների կողմից ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու հետեւանքով էր առաջացել։

Ըստ Ռաֆայել Մանուկյանի՝ ոստիկանները քաղաքացիների նկատմամբ բռնություն չեն կիրառել, նույնիսկ փոխադարձ հայհոյանքներ չեն հնչեցրել։ Նշեց, որ 25-30 քաղաքացի են եղել, ովքեր ցանկացել են ճանապարհը բացել, իրենք էլ ոստիկանական շղթա են կազմել եւ բանակցություններ վարել քաղաքացիների հետ։ «Տասից տասնհինգ րոպեների ընթացքում հայհոյել են, քարեր են նետել, փորձել ճանապարհ բացել»,- ավելացրեց վկան։ 

Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հակասությունների առկայության պատճառով դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքների վերաբերելի մասերը։ Ցուցմունքը հրապարակելուց հետո վկան հայտնեց, որ ցուցմունքերի մեջ առկա հակասությունները չհիշելու հետեւանքներ են, քանի որ դեպքից 1,5 տարի է անցել։

Այսօրվա նիստի ընթացքում վկան նշեց, որ հավաքված քաղաքացիների մեծ մասը եղել է ոչ սթափ վիճակում։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ, դրան ի պատասխան, ասաց, որ «գուցե վկայի չհիշելու պատճառը եւս եղել է ոչ սթափ վիճակում գտնվելը»։

Փաստաբանը հարց ուղղեց`  ինչու՞ վկան տուժող ոստիկան Արմեն Գալստյանի վերաբերյալ նախաքննության ընթացքում որեւէ բան չի հայտնել: Վկան պատասխանեց, որ  դեպքից մի քանի օր հետո մտքից «թռել է» այդ դրվագը, այդ պատճառով էլ քննիչի մոտ չի նշել։

Ինչպես հայտարարեց փաստաբան Սիմոնյանը, մատնանշելով գործում առկա այլ ոստիկան վկաների եւ տուժողների ցուցմունքները, քաղաքացիները լույս, գազ, տրանսպորտ չունենալու համար են փորձել ճանապարհը բացել: Բայց այդ մասին վկան ոչինչ չհայտնեց դատարանում:

Նրա նախաքննական ցուցմունքի մեջ բնակության հասցեն հստակեցված չէր: Փաստաբանները նկատեցին, որ վկայի բնակության հասցեն նշված է «Խորենացի 162 ա»-ն, որը Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի հասցեն է: Փաստաբաններից մեկը հարց ուղղեց՝ արդյոք վկան բնակվում է դատարանի շենքում, որին ի պատասխան՝ վկան նշեց, որ տեխնիկական վրիպակ է եղել։ Սակայն նախաքննական ցուցմունքը ստորագրելուց առաջ Ռ. Մունուկյանը նշել էր, որ ամեն բան ճիշտ է գրված։

Այս ասածից հետո փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարությամբ հանդես եկավ եւ հայտնեց, որ վկան հարցերի 99 տոկոսին պատասխանում է ՝ չեմ հիշում արտահայտությամբ կամ հղում է կատարում նախաքննական ցուցմուքին։ Ըստ վկայի պարզաբանմամբ՝ պատճառը ծանրաբեռնված աշխատանքն է:

Այս արտահայտությունը լսելուց հետո, ամբաստանյալ Անդրանիկ Քյոսեյանը տեղից միջամտեց՝ ասելով. «Ձեր ծանրաբեռնվածության պատճառով 1,5 տարի է` նստած ենք»։

Դատավոր Աննա Դանիբեկյանն Անդրանիկ Քյոսեյանի նկատմամբ սանկցիա կիրառեց եւ հեռացրեց նիստերի դահլիճից։ Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 12-ին։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ