HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Իրանից Հայաստան բերված թմրանյութը փորձել են փոստային առաքման միջոցով Կանադա ուղարկել. ամբաստանյալի աթոռին նաև կին է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է մաքսանենգության փորձի վերաբերյալ մի գործ, որով անցնում են Հայաստանի և Իրանի քաղաքացիներ։ Այս գործով թմրանյութը հայտնաբերվել է փոստային ծառայությունում, երբ ամբաստանյալի աթոռին հայտնված կինն, ըստ մեղադրանքի, ցանկացել է թմրանյութն ուղարկել Կանադա։

Ամբաստանյալ Կարինե Մարգարյանն, ըստ մեղադրանքի, իր ծանոթ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալի Հաբիբոլլայի Հասսան Նայեբիից առաջարկ է ստացել գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգությամբ Կանադա տեղափոխելու և այնտեղ բնակվող, քննությամբ չպարզված անձին ապօրինի իրացնելու վերաբերյալ և համաձայնել առաջարկին:

Դրանից հետո, ըստ գործի նյութերի,  Ալի Հաբիբոլայի Հասսան Նայեբին Մարգարյանին է տվել մետաղական դետալներում թաքցված, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռքբերված ընդհանուր 2305,133 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցը, որն, ըստ մեղադրանքի, Կարինե Մարգարյանն իրացման նպատակով ապօրինի պահելով՝ փոխադրել է միջազգային սուրհանդակային առաքումներ իրականացնող «Յումակս» ՍՊԸ-ին՝ փորձելով  Հայաստանի պետական սահմանով մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելով  այն առաքել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալներով՝ վերը նշված արարքների համար Կարինե Մարգարյանին, ինչպես նաև մյուս ամբաստանյալ Ալի Հաբիբոլայի Հասսան Նայեբիին  մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-267.1 հոդվածի  4-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության փորձը, սակայն նրանցից մեկի՝ Կարինե Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ  Իրանի քաղաքացու խափանման միջոցը կալանավորումն է:

Օրեր առաջ «Հետք»-ը գրել էր թմրանյութերի մաքսանենգության վերաբերյալ ևս մեկ գործի մասին, որով անցում էր Իրանի Իսլամական Հանրապետության մեկ այլ քաղաքացի՝ Ֆարիբորզ Դաբիրիանմողադամին:

Այս գործերը նմանություններ ունեն. երկու դեպքում էլ թմրանյութը ցանկացել են ուղարկել Կանադա, բացի այդ՝ երկու դեպքում էլ դրանք հայտնաբերվել են ինչ- որ սարքավորման մետաղական դետալներում:

Այս երկու գործերը, սակայն,  միմյանց հետ կապ չունեն, համենայնդեպս քննություն իրականացնող մարմնին, մեր տեղեկություններով, չի հաջողվել երկու նմանատիպ գործերի միջև  կապը հաստատել:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` որոշ մանրամասներ հայտնելով  2017-ի հուլիսին Մեղրիի անցակետում կանխված շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի`մաքսանենգ եղանակով ներկրումը Հայաստան:

ԱԱԾ-ն նշել էր նաև, որ բացի վերը նշված դեպքից, 2017 թվականի ինը ամիսների ընթացքում Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպքի վերաբերյալ քրեական գործեր, որոնցով, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և առգրավվել են` շուրջ 2 կգ «հերոին», 14 կգ «ափիոն» և 3 կգ «մետամֆետամին», և փաստորեն, 105 կգ «հերոին»:

Վերը նշված դատական գործերը ԱԱԾ-ի կողմից նշված  հենց այս ութ քրեական գործերից երկուսն են, որոնք ուղարկել են դատարան, այլ գործեր ևս արդեն գտնվում են դատարանում,  որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter