HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կալանք՝ 194 հազար դրամի ապրանքների գողության համար

Ամեն տարի զգալի միջոցներ են հատկացվում դատաիրավական բարեփոխումների համար: Պաշտոնյաները խոսում են կալանքը որպես խափանման միջոց խիստ անհրաժեշտության դեպքում կիրառելու մասին: Գումարները ծախսվում են, խոստումները մնում են չկատարված, իսկ դատարանները շարունակում են անազատության ձևով խափանման միջոց ընտրելու «սովորույթը»:

Պետությունը, չկարողանալով պատշաճ հոսկողություն իրականացնել մեղադրյալների նկատմամբ և չկատարելով իր պարտականությունները, ընտրում է ամենակարճ ճանապարհը՝ մարդկանց ազատությունից զրկելը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրեր անց քննվելու է գողության մի գործ, որտեղ անձը կալանքի տակ է, իսկ նախաքննական մարմնի բնորոշմամբ՝ պատճառված վնասի չափը չի հասնում նույնիսկ 200 հազար դրամի:

Ա. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել բնակարանից գողություն կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգիրք հոդված 177 3-րդ մաս 1.1 կետ): Ըստ մեղադրանքի` նա, 2017թ. մայիսի 11-ին ժամը 22:00-ի սահմաններում օգտվելով Մ. Ս. Փարսադանյանի` Էջմիածին քաղաքում գտնվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանի» ննջարանային մասնաշենքի բնակարանից բացակայելու հանգամանքից, պատուհանը հրելու-բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել ներս:

Ըստ մեղադրանքի՝ գողության եղանակով գաղտնի հափշտակել է 75 000 դրամ արժողության «HP» մոդելի նոթբուք համակարգիչ, 48,000 դրամ արժողության «MEIZU» մոդելի բջջային հեռախոս, 70 000 դրամանոց «SAMSUNG» մոդելի պլանշետ և 1200 դրամ արժողության պլանշետի պատյան:

Նախաքննական մարմինը եզրակացրել է, որ Մ. Ս. Փարսադանյանին պատճառվել է զգալի չափերի` ընդհանուր 194,200 դրամի գույքային վնաս:

Նշենք, որ պետական բյուջեով մեկ ազատազրկվածի համար օրական 6240 դրամ է նախատեսված: Ըստ քրեակատարողական վարչության ներկայացրած տեղեկատվության` օրական 6240 դրամից 700 դրամը հատկացվում է կալանավորների ու դատապարտյալների սննդի համար, 122 դրամը՝ հանդերձանքի, իսկ 41 դրամը հիգիենիկ պարագաների համար: Գումարի մնացած մասը պահպանման ծախսերն է ու աշխատակիցների աշխատավարձը: Դրան ավելացրած նաև կալանավորներին դատարան տանել-բերելու ծախսերը, ստացվում է, որ պետությունը որոշ դեպքերում մեղադրյալի կողմից պատճառված վնասի չափից մի քանի անգամ ավելի շատ գումար է ծախսում անազատության մեջ պահող դատապարտյալին պահելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter