Կիրակի, 23 սեպտեմբերի

«Երկիր Ծիրանին» բնակարաններ նվիրելու գործընթացում կոռուպցիա է տեսնում



Երեւանի ավագանին այսօր որոշում կայացրեց բնակարան նվիրել ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին:

Երեւանի քաղաքապետարանը տոնական առիթներով բնակարաններ է նվիրում մշակույթի գործիչներին, ազատամարտիկների ընտանիքներին, ովքեր ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք:

Ռաիսա Մկրտչյանին քաղաքապետարանը նվիրեց Երեւանի Մարգարյան փողոցի շենքերից մեկի 66.6քմ մակերեսով բնակարանը: Ըստ ավագանուն ներկայացրած նախագծի՝ երգչուհին իր ամուսնու, որդու ընտանիքի եւ դստեր հետ բնակվում են մեկ հարկի տակ՝ նույն բնակարանում: Ռաիսա Մկրտչյանի բնակարանային պայմանների բարելավման հարցով միջնորդություններ են ներկայացրել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն՝ Մարկ Գրիգորյանը:

Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ բնակարաններ նվիրելու գործընթացն իր մեջ «կոռուպցիոն գործարքներ» է պարունակում:

«Մարդիկ իշխանությունը բռնազավթած արյունոտ ձեռքով՝ վաստակաշատի մեդալներ են ստանում: Մեկ տարի անց, նույն օրը, նույն ժամին մեկ մարդու նման գալիս եւ իրենց կարիքավորությունն ու ստեղծագործական անտանելի պայմանները շեշտելով դիմում են գրում եւ բնակարան խնդրում: Այս մարդիկ մութ ու ցուրտ տարիներին ստեղծագործում էին: Իսկ հիմա հանկարծ կարիքավորությունը խանգարում է, եւ այլեւս չեն կարողանում ստեղծագործել: Ուրեմն թող չստեղծագործեն: Իսկ բնակարանը մենք նվիրենք այն մանուկին, ում ազատամարտիկ հայրը զոհվել կամ հաշմանդամ է դարձել՝ պաշտպանելով մեզ, մեր երեխաների՝ խաղաղ ապրելու իրավունքը», - նշեց Սոնա Աղեկյանը:

«Երկիր Ծիրանի» խմբակցությունից Մարինա Խաչատրյանը նշեց, որ Ռուբեն Մաթեւոսյանի պարագայում նույնպես ներկայացվել է պատմություն այն մասին, թե ինչպես նա չի կարողանում ստեղծագործել: Բայց հետո «Երկիր Ծիրանիի» անդամներն այցելել են անվանի երգչին նվիրված բնակարան եւ պարզել, որ Ռուբեն Մաթեւոսյանն ընդհանրապես բնակարանի կարիք չունի, եւ նվեր ստացած բնակարանը նվիրել է իր դստերը:

Հասցեում, որտեղ ներկայումս բնակվում է Ռաիսա Մկրտչյանը, գրանցված է չորս անձ: Մարինա Խաչատրյանի խոսքով՝ Երեւանում շատ բնակարաններ կան, որտեղ 4 անձ է հաշվառված, ինչու՞ նրանց էլ բնակարան չի տրամադրվում: «Երեանում շատ կան ընտանիքներ, որոնք ընդհանրապես տանիք չունեն գլխավերեւում, ովքեր մի քանի օրը մեկ են հաց ուտում: Սեփական տարածքը մեծացնելուց առաջ մարդ պետք է լսի իր խղճին եւ բարոյականությանը: Թե՞ Երեւանի քաղաքապետարանն ընտրել է ամենահեշտ ճանապարհը, մեր՝ հարկատուներիս հաշվին զավակներին ապահովել բնակարաններով»,-հայտարարեց Մարինա Խաչատրյանը:

Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հայտարարեց, որ «արյունոտ ձեռքեր», «քանդող, թալանող» ձեւակերպումները էթիկայի նորմերին չենթարկվող եւ ոչ հարգալից:

«Մենք գնում ենք Երեւանի հոբելյանական տարեթվին: Եվ եթե այս հագուստով, այս ձեւվածով, որ նույն դերձակն է կարում նրանց համար, մենք գնանք այդ հոբելյանին, մենք խայտառակ կլինենք», - իր խոսքը եզրափակեց Աստղիկ Գեւորգյանը:

Լեւոն Իգիթյանը լրացրեց Աստղիկ Գեւորգյանի խոսքերին. «Ես երիտասարդ տարիներին Ռաիսա Մկրտչյանի հետ աշխատել եմ եւ տեսել, թե որքան դիվիդենտ է նա բերել մեր երկրին: Ես չեմ ուզում, որ մենք Ադրբեջան դառնանք: Մարդիկ էությունը չիմանալով, թող կապրիզներով հանդես չգան եւ մեր նիստերը միտինգի չվերածեն»:

Ռաիսա Մկրտչյանին բնակարան նվիրելու հարցն ընդունվեց 58 «կողմ», 3 «դեմ», 0 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:

Երեւանի քաղաքապետարանը բնակարաններ նվիրեց նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի Սյուզաննա Փիրումյանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահարների փոխկոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարյանին, նույն նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին: Բոլոր դեպքերում էլ «Երկիր Ծիրանին» դեմ քվեարկեց:

Երբ քննարկվում էր Արամ Ասատրյանին բնակարան նվիրելու հարցը, «Ելք»-ի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ փաթեթում պակասում է Ասատրյանի՝ վերջին 5 տարիներին անշարժ գույքի գործարք կատարած չլինելու վերաբերյալ Կադաստրից տրվող փաստաթուղթը:

«Ցանկացած անձ կարող է իր բնակարանը վաճառել եւ դիմել քաղաքապետարանին, բնակարան խնդրելով: Մենք պետք է վստահ լինենք, որ տվյալ անձը ունի բնակարանի խնդիր», - նշեց Հարությունյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացավ հարցն անպայման ուշադրության կենտրոնում պահել:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ