HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անսպասելի դիտարկումներ սպասված համերգին

Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին անցյալ տարի հունվարին էր Երևանում ու հիմա` մեկ տարի անց՝ դեկտեմբերի քսանհինգին, նա նորից նվագում էր իր բանդոնեոնն ու ակորդեոնը հայ հանդիսատեսի համար:

Արամ Խաչատրյան դահլիճը հավաքվել էր լսելու Աստոր Պիացոլլա: Պիեդրոդարքիի համերգների կարևոր բաղադրիչը, հրաշալի երաժշտությունից բացի, նրան նայելն է, որովհետև բանդոնեոնահար-ակորդեոնիստ Մարիո Ստեֆանոն ոչ միայն նվագում է, այլև ցույց է տալիս երաժշտություն՝ մարմնի, դիմախաղի, ժեստի երաժշտություն:

Նա բազմիցս է եղել Երևանում ու համերգներից մեկի ընթացքում մի քանի րոպե նվագում էր` աթոռից մի քանի սանտիմետր վեր բարձրացած: Միգուցե վարժված մարզիկի համար սա առանձնապես հմտություն չպահանջող վիճակ է, բայց երաժիշտ-ակորդեոնիստի համար պահանջվում է բացարձակ ինքնամոռացություն ու երաժշտության հետ երաժշտություն դառնալու անուն չունեցող հմտություն: Նրա դեմքը նվագի ամեն ելևէջի հետ այլակերպվում է, մարմինը պարում է բանդոնեոնի ու ակորդեոնի հետ: Եվ սա անպայման պետք է տեսնել, եթե եկել ես Պիետրոդարքիի համերգին: Այս նկատի ունենալով՝ որպես Պիետրոդարքիի մշտական ունկնդիր, տոմսերը պատվիրեցի պարտերի երկրորդ շարքում, քանի որ ավելի հեռվից դիոպտրիաներս հնարավորություն չէին տա տեսնելու դիմախաղի տանգոն:

Եվ որքան անտանելի պիտի լինի մի այսպիսի հանդիսատեսի հիասթափությունը, երբ պարզվի, որ հենց այդ տեղից Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր մարմնով ամբողջովին փակում է Մարիո Ստեֆանոյին: Շարքում դեպի կենտրոն ազատ նստարաններ կային, բայց սկզբունք է՝ դահլիճում երբեք չնստել ուրիշի աթոռին, եթե նույնիսկ ազատ է: Առաջին անգամ խախտեցի սկզբունքս ու մի հինգ աթոռ դեպի կենտրոն տեղափոխվելով՝ հայտնվեցի ուղիղ կենտրոնում: Այստեղից, իհարկե երևում էր Մարիո Ստեֆանոյի հրաշալի նստակյաց տանգոն, երաժշտության հետ գալարվող դիմախաղը, բայց նաև երևում էր այն, ինչը գերադասելի էր չտեսնել․ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը հայացքով բավականին հայեցի՝ այն է ոտքից գլուխ չափելով, դիտողություններ էր անում երիտասարդ թավջութակահարուհուն, որն, ըստ երևույթին, անփորձ էր կամ որևէ պատճառով` շփոթված: Դիրիժորը քթի տակ ակնհայտորեն ոչ բարեհամբույր խոսքեր էր ուղղում աղջկան, վերջինս դրանից ավելի էր լարվում, ու այս ամենը տեսնում էր հանդիսատեսը: Առաջին անգամ էի տեսնում հարաբերությունների հայեցի պարզաբանում բեմի վրա: Հետո դիրիժորն անմիջապես եվրոպական ժպիտ էր գցում դեմքին ու շրջվում դեպի իր հասցեին գովեստի խոսքեր ասող Պիետրոդարքին: Սա կրկնվեց մի քանի անգամ, և առաջին շարքերի հանդիսատեսը տեղից նուրբ հումորով դիտարկումներ էր անում:

Չեմ փորձի անգամ գնահատական տալ մասնագիտական առումով, որովհետև երաժշտագետ չեմ և չունեմ  բարձրագույն երաժշտական կրթություն, բայց որպես պրոֆեսիոնալ հանդիսատես ինձ համար չափազանց տարօրինակ էր կենցաղային վիճակներ տեսնել սիմֆոնիկ նվագախմբով ծանրաբեռնված բեմում: Այս՝ մի քանի անգամ կրկնված տհաճ միջադեպից բացի, նկատելի էր, որ նվագախմբի անդամներից ոմանք, անտեսելով դահլիճի գոյությունը, ընթացքում ռեպլիկներ էին ուղղում իրար, ցույց տալիս իրենց ձանձրույթը, երբ դահլիճը ծափահարություններով նորից բեմ էր հրավիրում Պիետրոդարքիին։

Նվագախումբը, որը կատարում է Պիացոլլայի երաժշտությունը, կամ առհասարակ՝ որևէ երաժշտություն բեմից, պետք է ունենա արտիստիզմի որոշակի հմտություն: Իմ տեսած բոլոր նվագախմբերի երաժիշտներն իրենց ֆիզիկական ներկայության ձևով, դեմքի արտահայտությամբ դահլիճին ի ցույց էին դնում իրենց ապրումները, մասնակցությունը դահլիճի ոգևորությանը: Սա կարծում եմ ինքնըստինքյան լինող մի բան է երաժշտի և երաժշտության պարագայում, իսկ տանգոյի հնչյունների տակ՝ հատկապես: Որևէ ապրում, ժպիտ, հանդիսատեսին ուղղված երախտագիտություն, նվագախմբի անդամների մեծ մասի դեմքին չկար: Փոխարենը կար «անհավես» ու հոգնած արտահայտություն: Տպավորությունն այնպիսին էր, թե ջութակները ժպտում էին, իսկ թավջութակներն ու կոնտրաբասները տրամադրություն չունեին:

Տարիներ առաջ, Արամ Խաչատրյան դահլիճում, իր առաջին այցի ժամանակ Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին կատարեց Աստոր Պիացոլլայի ՝ արգենտինյան տանգոյի արքայի, հայտնի «Օբլիվիոնը», «Լիբերտանգոն» ու Երևանում ձեռք բերեց մշտական հանդիսատես, որն ամեն նրա այցի ժամանակ ներկայանում է ու որպես հղկված և լավ երաժշտությունը հարգող լսարան՝ համբերատար սպասում իր ամենասիրելի մասին՝ Պիացոլլայի «Լիբերտանգոյին»: Եվ անգամ եթե ծրագրում չեն լինում հանդիսատեսի սպասած ստեղծագործությունները՝ Պիետրոդարքին դրանք կատարում է ծրագրից դուրս և որպես կանոն համերգը նախատեսված ժամից երկար է տևում:

Այս անգամ Պիետրոդարքին ներկայացրեց նոր ստեղծագործություններ՝ Տոմազո Զիլիանի, Ռոբերտո դի Մարինոյի,  Չաքչիարեթթիի ստեղծագործությունները: Դահլիճն այս ստեղծագործություններն ընդունեց զուսպ երախտագիտությամբ, և քանի որ տրամադրությունը նախատոնական էր՝ ետևի շարքում երաժշտությունից բավականին տեղյակ երիտասարդները ցածրաձայն կատակում էին. «Մուռկու դավայ»՝ նկատի ունենալով «Լիբերտանգոն»:

«Լիբերտանգոն» հնչեց, դահլիճը շնորհակալ էր ու հոտնկայս հայտնեց իր սերը Սուրբ ծննդյան օրը Իտալիայից Հայաստան եկած սիրելի երաժշտին:

Նոր՝ 2018 թվականի առթիվ, իր նվագած երաժշտության պես շռնդալից տարի մաղթենք  Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիին, իսկ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբին, որն ինչպես պարզվեց հենց այդ օրը, կառավարության որոշմամբ այլևս երիտասարդական չէ, այլ ուղղակի սիմֆոնիկ նվագախումբ է՝ մաղթենք լավ տրամադրություն նվագախմբի ներսում, որպեսզի երիտասարդ երաժիշտները կարողանան ժպտալ ու ապրել իրենց իսկ կատարած երաժշտությամբ ու նաև շնորհակալ լինել հանդիսատեսին, որը տոմս է գնում և լսում իրենց կատարումը մի քանի ժամ:

Ի դեպ, սիմֆոնիկ համերգների հաղորդավարը հարկ է, որ երաժշտագետ լինի ու մի երկու մասնագիտական խոսք ասի կատարվող ստեղծագործության մասին, իսկ մորեգույն կոստյումով երիտասարդ աստղը կարող է վարել որևէ փարթի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter