HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը և համոզմունք հայտնել, որ նման բարձր մակարդակի փոխայցելությունները դրական ազդեցությունն են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա: Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է և պատրաստ է Հայաստանի հետ շարունակել հետևողականորեն զարգացնել սերտ համագործակցություն` իր ներդրումն ունենալով երկու երկրների միջև կապերի խորացման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել ընթացիկ տարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը, այդ թվում` առևտրաշրջանառության ծավալների աճը և կարևորել այն պահպանելու ու ամրապնդելու ուղղությամբ ջանքերը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում երկկողմ կապերի նման մակարդակը պարտավորեցնող է: Հանրապետության նախագահը խորհրդարանական կառավարում ունեցող Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարևորել է նաև Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցնելու տեսանկյունից:

Իրակլի Կոբախիձեն դրվատանքով է խոսել Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների գործունեության մասին` ընդգծելով, որ նրանք իրենց ներդրումն են ունենում ոչ միայն խորհրդարանի աշխատանքում, այլ նաև հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում:

Սարգսյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահը համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրներն ունեն ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ, և սերտ փոխգործակցությունը լավագույն ձևն է արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են նաև տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter