Երեքշաբթի, 17 հուլիսի

Վարչական դատարանի վճռով՝ Կենտրոնական բանկը և «Ամերիաբանկը» ապօրինի գործարք են իրականացրել



«Ամերիաբանկի» նախկին փոքր բաժնետեր Արտաշես Հովհաննիսյանը վարչական դատարանում հայցապահանջ էր ներկայացրել Կենտրոնական բանկի, «Ամերիաբանկի» և Կենտրոնական դեպոզիտարիայի դեմ, որն ամբողջությամբ բավարարվել է:

Արտաշես Հովհաննիսյանը քաղաքացիական դատարանում «Ամերիաբանկի» դեմ նմանատիպ հայցով պարտություն էր կրել: Հիշեցնենք, որ նա դատարանում պահանջում էր վերադարձնել իր 5 բաժնետոմսերը, որոնք բանկի խոշոր բաժնետերերը կոնսոլիդացրել(համախմբվել) ու հետ էին գնել առանց իր իմացության: Հովհաննիսյանի պաշտպանների որակմամբ՝ սա փոքր բաժնետիրոջ պարտադրված հեռացում էր բանկից, որը հակասում է Հայաստանում բանկային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտին:

Նրանց բացատրությամբ՝ գործարքը հակասում էր «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքին, որով արգելվում է կոնսոլիդացված բաժնետոմսերի հետգնումը: Քաղաքացիական դատարանը, սակայն, հայցապահանջը մերժեց: Վերջինիս համար իրավական հիմնական հիմք ծառայեց Կենտրոնական բանկի թիվ 8 պարզաբանումը, որով ԿԲ-ն լրացուցիչ մեկնաբանում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը՝ թույլատրելով «Ամերիաբանկին» կոնսոլիդացնել և հետ գնել փոքր բաժնետերերի բաժնետոմսերը: Այսպիսով՝ Կենտրոնական բանկը նախադեպ էր ստեղծել ու արտոնություն տվել հայաստանյան բոլոր բանկերի խոշոր բաժնետերերին:

ԿԲ-ի թիվ 8 պարզաբանումը նախատեսում է, որ հիմնական բաժենետերը կարող է բաժնետոմսերի կոնսոլիդացման և հետգնման որոշում կայացնել, եթե ստացել են ԿԲ-ի վերհսկողական դրական դիրքորոշումը: Նույն պարզաբանմամբ՝ վերհսկողական դրական դիրքորոշումը պետք է կայացվեր՝ ‹‹քննելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատուկ փաստերը»:  

Քաղաքացիական դատարանի ատյանները սպառելուց հետո Արտաշես Հովհաննիսյանը դիմեց վարչական դատարան՝ արդեն ընդդեմ Կենտրոնական բանկի: Որպես երրորդ անձ՝ գործում ներգարվված են ‹‹Ամերիաբանկ›› ՓԲԸ-ն և ‹‹Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա›› ԲԲԸ-ն: Վերջինս գործում ներգարվվել է` որպես բաժնետոմսերի հետգնման գործարքը վավերացրած կառույց:

Արտաշես Հովհաննիսյանը պահանջել է վերացնել կամ առոչինչ ճանաչել Կենտրոնական բանկի՝ ‹‹Ամերիաբանկ››-ին տված վերահսկողական դրական դիրքորոշումը, որպես հետևանք՝ առոչինչ ճանաչել ‹‹Ամերիաբանկ››-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի այն որոշումները, որոնցով կոնսոլիդացվել և հետ են գնվել Ա. Հովհաննիսյանի բաժնետոմսերը: Եվ որպես վերջնական արդյունք՝ վերականգնել իրեն պատկանած 5 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը:

Վարչական դատարանում բավարարվել է հայցվորի հայցապահանջի բոլոր կետերը։ Որոշվել է նաև Կենտրոնական բանկից հօգուտ Արտաշես Հովհաննիսյանի բռնագանձել 4000 դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Կենտրոնական բանկը վճռի վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել: 

Հայկ Հովհաննիսյան. ‹‹Մենք ունենք աննախադեպ իրավիճակ. անկախության այսպիսի մակարդակ որևէ դատարան չի ցուցադրել մեր հարևան երկրներում›› 

Արտաշես Հովհաննիսյանը Վարչական դատարան է դիմել 2016թ. մարտին՝ քաղաքացիական դատարանի բոլոր ատյանները սպառելուց և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո: ԵԴ-ում գործն առայժմ գրանցվել է:

Ա. Հովհաննիսյանի որդին և փաստաբանը՝ Հայկ Հովհաննիսյանն ասում է, որ անկախ Կենտրոնական բանկի բողոքարկման արդյունքից՝ Վարչական դատարանի այժմյան վճիռը նախադեպը չունի և Եվրոպական դատարանում իրենց հաջողության հավանականությունը հասցնում է մոտ 75%-ի:  

Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի կայացարած վճիռը, Հայկ Հովհաննիսյանի խոսքով, հետաքրքիր զարգացում է դատական համակարգի անկախության ճանապարհին: ‹‹Սա նշանակում է, որ մեր դատարանները սկսում են ձերբազատվել ‹‹հեռախոսային իրավունքից››, երբ վերևից զանգում են ու ասում՝ այսպես կվճռես ու վերջ: Հիմա էս դեպքում մենք ունենք աննախադեպ իրավիճակ, և որքանով ուսումնասիրել եմ Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի դատական պրակտիկաները, այդպիսի վճիռ, անկախության այսպիսի մակարդակ որևէ դատարան չի ցուցադրել մեր հարևան երկրներում››,- ասում է Հովհաննիսյանը: Շեշտում է՝ Կենտրոնական բանկի պես մարմնի բոլոր որոշումները տվյալ գործով անվավեր են ճանաչվել, կորպորատիվ հարաբերություններում պաշտպանվել է փոքր բաժնետիրոջ շահը և վերականգնվել նրա սեփականության իրավունքը կորցրած բաժնետոմսերի նկատմամբ:

‹‹Սա կարծում եմ Հայաստանի համար ընդհանուր առմամբ բավական դրական զարգացում է, որովհետև ոչ միայն ցույց ենք տալիս դատարանների անկախություն, այլև այն, որ սեփականության իրավունքը Հայաստանում սկսում է պաշտպանվել: Մասնավոր սեփականությունը և դրա պաշտպանվածությունը շուկայական տնտեսության, ներդրումների ներգրավման հիմքն է: Այսինքն՝ օտարերկրյա ներդրողները և ներսի ներդրողները նայում են՝ ինչքանով է բաժնետերը պաշտպանված այդ պետությունում, նրանք բոլորը դատական պրակտիկան ուսումնասիրում են երկիր մտնելուց առաջ, և տեսնում են, որ մենք ունենք այն մակարդակի անկախ դատարան, որ կարող է վերցնել ու Կենտրոնական բանկի որոշումները անվավեր ճանաչել ու արդյունքում փոքր բաժնետիրոջ իրավունքները վերականգնել››,- նշում է Հայկ Հովհաննիսյանը: 

Վարչական դատարանի այսպիսի որոշումը, ըստ Հ.Հովհաննիսյանի, պայմանավորված է կամ նրանով, որ վարչական ճնշումներ չեն կիրառվել, կամ կիրառվել են, բայց դատարանը կարողացել է իր անկախ դիրքորոշումը արտահայտել. երկու տարբերակներն էլ, իրավաբանի կարծիքով, դրական են: ‹‹Ես գրեթե վստահ էի, որ վարչական ճնշումները շարունակվելու են, վարչական լծակները կիրառվելու են, այդ հեռախոսային իրավունքը՝ սովետական և դրանից առաջվա մեր կյանքից, շարունակելու է գործել, և մենք չենք հասնելու արդարության, բայց ի զարմանս մեզ... Մենք ուրախությունից թռչկոտում էինք դատարանի դահլիճում, երբ ասվեց, որ հայցը բավարավել է››,- պատմում է նա:

Ինչ է տալիս այս որոշումը Հայաստանի տնտեսությանն ու բանկային համակարգին

Հ. Հովհաննիսյանը հստակեցնում է նաև այն, որ Վարչական դատարանի այս որոշումը ոչ միայն իրենց, այլև հայաստանյան բոլոր բանկերի փոքր բաժնետերերի հաղթանակն է: ԿԲ-ի հիմնական գործառույթներից է բանկերում բաժնետերերի միջև խտրականություն թույլ չտալն ու կանխելը, մինչդեռ, իրավաբանի խոսքով, օրենքը լրացուցիչ մեկնաբանող թիվ 8 պարզաբանումը, ինչպես նաև դրա հիման վրա ‹‹Ամերիաբանկի››-ն տրված վերահսկողական դրական դիրքորոշումը վտանգում են բոլոր փոքր բաժնետերերին:

Հարցին՝ եթե բողոքարկումից հետո ունենան նույն արդյունքը, և վճիռը մտնի օրինական ուժի մեջ, հնարավոր համարո՞ւմ է  համագործակցությունը խոշոր բաժնետերերի հետ, Հովհաննիսյանը պատասխանեց. ‹‹Ինչո՞ւ ոչ. մենք միշտ բաց ենք եղել բանակցությունների համար, որը և երկրի վարկանիշին կնպաստի, և խոշոր բաժնետերերի շահերը չի ոտնահարի, և այսօր արդեն բաժնետեր դարձած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շահերը չի ոտնահարի, և մյուս կողմից էլ չի լինի բացասական նախադեպ››:

Հ.Հովհաննիսյանն ավելացնում է՝ վարչական դատարանի վճիռը՝ բոլոր փուլերում նույն արդյունքն ունենալու դեպքում, հսկայական ծախսերի առաջ է կանգնեցնելու ‹‹Ամերիաբանկ››-ին, վերջինս իր հերթին ենթադրաբար կարող է փոխհատուցում պահանջել պետությունից, քանի որ գործարքն իրականցրել է վերահսկիչ պետական մարմնի՝ ԿԲ-ի թույլտվությամբ: Ենթադրելիք արդյունքը, իրավաբանի կարծիքով, բարենպաստ ազդեցություն չի ունենալու հայաստանյան ամբողջ տնտեսական դաշտի վրա, սակայն հայցապահանջը չբավարարելու դեպքում էլ վտանգվում են բանկերի բոլոր փոքր բաժնետերերը՝ ոչ պակաս կարևոր նույն դաշտի համար: 

‹‹Վարչական դատարանի վճիռը մեր անկախության ծիլերից է, իրական ձեռքբերումներից. սա պետք է փայփայենք ու զարգացնենք: Մեր երկիրը եվրոպական գործընկերների հետ խոսելիս միշտ կարող է ասել, որ կա այսպիսի անկախ դատարան, սա կարևորագույն ցուցանիշ է, նույնիսկ Համաշխարհային բանկի Doing Business ռեյտինգային դասակարգման մեջ Հայաստանի դիրքերը բավականին կարող են ամրապնդվել: Եվ հակառակը, եթե հիմա նորից վարչական ռեսուրս կիրառելով, պետական մարմինները տապալեն էս հաղթանակը, որը բոլորինս է, ապա սա բավականին բացասական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի վարկանիշի վրա››,- ասում է Հայկ Հովհաննիսյանը:

առաջին լուսանկարում(ձախից)՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և  ‹‹Ամերիաբանկ››-ի տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (4)
1. Լուսիկ23:59 - 28 դեկտեմբերի, 2017
Հիշենք դատավորի անունը՝ Արգիշտի Ղազարյան: Հնարավոր է, որ նրա նկատմամբ լինեն ճնշումներ, ոչ դրական վերաբերմունք վերադասի կողմից, բայց այդ մարդը ցուցաբերել է պրոֆեսիոնալիզմ և կատարել է ՔԱՅԼ առաջ:
2. Հայկ02:19 - 29 դեկտեմբերի, 2017
Ներքին անկախության հասած Արգիշտի Ղազարյանի պես մարդիկ են կերտում պատմությունը և բեկում մտցնում հասարակական գիտակցությունում։
3. ԱՐՄԱՆ14:19 - 3 հունվարի, 2018
Սկզբում բանկերը խժռեցին ժողովուրդի ունեցվածքը,մարզերում մեկի տանը մի կտոր ոսկի չմնաց, հիմա էլ մեծ բաժնետերերը կուտեն փոքրերին, ու վերջում իրար, եւ ամեն ինչ կըսկսվի նորից: Ինչ վերաբերվում է Արգիշտի Ղազարյանին ապա կեցցե նրան, բայց ինձ թվում է նաէլ կունենա Պարգեև Օհանյանի ճակատագիրը:
4. Մարիամ19:10 - 4 հունվարի, 2018
Երբ մարդիկ ամենուր հայրենասիրությունից են խոսում, ամպագորգոռ հայտարարություններ անում հայրենասիորւթյան մասին, ծախսում միլիոններ՝ հայրենասիրական թեմայով սոցիալական գովազդներ պատրաստելու համար, իսկ իրական հայրենասիրական գործերով զարմացնում են քչերը։ Կեցցեք, Հայկ ջան, որ Ձեր գործով նորից վերականգնում եք հավատը ՄԵՐ (ոչ թե ԷՍ) երկրի հանդեպ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ