Չորեքշաբթի, 24 հունվարի

Հայկական ստարտափ. inOne՝ բոլոր զեղչի քարտերը սմարթֆոնում


Մանե Գևորգյան

inOne հավելվածի միջոցով հնարավոր է թվայնացնել զեղչի, կուտակային և անդամակցության քարտերն ու դրանք պահել սմարթֆոնում։ Այսինքն՝ հավելվածը դառնում է թվային դրամապանակ, որը հեշտացնում է մարդու առօրյան՝ լուծելով քարտը տանը մոռանալու կամ կորցնելու խնդիրը։

Ստարտափի համահիմնադիր և ղեկավար Արտեմ Թորոսյանի խոսքերով՝ տարիներ առաջ ստեղծված մարքեթինգային հզոր գործիքը՝ պլաստիկ քարտերով հաճախորդների հավատարմությունն ապահովելը, այժմ կորցնում է իր արդյունավետությունը, քանի որ մարդիկ հրաժարվում են տասնյակ քարտեր իրենց մոտ պահելու անհարմարությունից:

Ըստ Արտեմի՝ խնդիրը երկկողմանի է։ Օրինակ՝ գնորդն ունի զեղչի քարտ, բայց միայն գործարքի պահին է հասկանում, որ քարտը մոռացել է կամ կորցրել։ Կամ գնորդն ունի զեղչի քարտ, բայց, երբ հասնում է խանութ ու հիշում, որ մոռացել է, գնում է մեկ այլ խանութ, որի զեղչի քարտը տվյալ պահին իր մոտ է, ու արդյունքում բիզնեսներից մեկը կորցնում է իր պոտենցիալ հաճախորդին։

Մյուս կողմից բիզնեսը կորցնում է տեղեկություն այն մասին՝ արդյոք հաճախորդը վերադարձե՞լ է իր մոտ, թե՞ ոչ, կամ առհասարակ ինչ հաճախականությամբ և ինչ գնումներ է կատարում իր հավատարիմ հաճախորդը։ Այս տեղեկությունն օգնում է մշակել քայլեր՝ հաճախորդի մասին ավելի ճիշտ հոգ տանելու համար։ Արտեմը նշում է, որ վերլուծությունների համաձայն՝ բիզնեսի եկամուտի 80%-ը հիմնականում ստացվում է հավատարիմ հաճախորդների, իսկ մնացած 20%-ը՝ տարբեր մարքեթինգային արշավների շնորհիվ։ Հետևաբար կարևոր է հետևել հաճախորդների վարքագծին ու ամեն ինչ անել նրանց հավատարմությունը պահելու համար։

Ստարտափը ձևավորվել է 1 տարի առաջ և այս ընթացքում հասցրել է համագործակցել ավելի քան 20 ընկերության հետ, իսկ և՛ iOS,  և՛ Android համակարգերի համար նախատեսված հավելվածն ունի 10.000 ներբեռնում։ Հավելվածն անվճար է։ Վճարող կողմը միայն այն ընկերությունն է, որը ցանկանում է, որ իր տրամադրած քարտերը հնարավոր լինի թվայնացնել։

Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է սկան անել տվյալ քարտի գծիկային կոդը։ Եթե չկա գծիկային կոդ, ապա անհրաժեշտ է մուտքագրել քարտի վրա եղած թվերը։ Եթե ամեն ինչ ճիշտ է արվում, ու համակարգն ընդունում է քարտը, ապա դրանից հետո գնումներ կատարելիս հաճախորդը իրական զեղչի կամ կուտակային քարտի փոխարեն տրամադրում է թվայինը։ Այսինքն՝ հավելվածի շնորհիվ հաճախորդը երբեք չի մոռանում քարտը, մշտապես օգտվում է իր համար ստեղծված զեղչի հնարավորությունից ու նաև ազատվում է այն բոլոր խնդիրներից, որոնք առաջանում են քարտը կորցնելուց հետո։


Լուսանկարը՝ Getty Images/iStockphoto

inOne-ն ունի շատ կարևոր հնարավորություն։ Այն թույլ է տալիս տեսնել հաճախորդի կուտակած միավորները։ Այս տվյալները տրամադրող բրենդների թիվը inOne-ում շուտով կավելանա։

Հավելվածի շնորհիվ հաճախորդն ունի ինչպես քարտերը թվայնացնելու, այնպես էլ բրենդային խանութների նորություններին ու հատուկ առաջարկներին մեկ տեղում ծանոթանալու հնարավորություն։ Ամեն ինչ ավելի քան հեշտ է՝ պետք է պարզապես ընտրել առաջարկվող բաժիններից մեկը, օրինակ, պայուսակն ու հետևել՝ որ բրենդային խանութներն են վաճառում պայուսակ՝ շատ դեպքերում տեսնելով յուրաքանչյուրի կոդը, գինը ու եթե առկա է նաև զեղչված գինը։ Այս գործիքը շատ լավ հնարավորություն է զուգահեռաբար տեսնելու՝ տարբեր խանութներում ինչ արժե Ձեր նախընտրելի ապրանքը։ Անհրաժեշտ տեղեկությունը համակարգ են ներմուծում կա՛մ բրենդի ներկայացուցիչները, կա՛մ ստարտափի աշխատակիցները՝ կախված նախնական պայմանավորվածությունից։

inOne հավելվածը նաև մի հարթակ է, որտեղ մարդիկ կարողանում են ձեռք բերել զեղչի թվային կտրոններ։ Ստարտափի հետ համագործակցող բրենդները հավելվածի միջոցով հատուկ զեղչեր են տրամադրում միայն հավելվածի օգտատերերին հաճախ նույնիսկ այն ժամանակ, երբ տվյալ ապրանքատեսակի համար հայտարարված զեղչ չկա։

Հավելվածն ունի առանձին էջ, որտեղ նշված են տվյալ պահին խանութներում առաջարկվող զեղչերը։ Սա այն համակարգված հարթակն է, որտեղ հնարավոր է առանց ժամանակ կորցնելու ամբողջական պատկերացում կազմել բոլոր խանութների հնարավոր զեղչերի մասին։

Ցանկության դեպքում հավելվածն ուղարկում է ծանուցումներ՝ կապված տարբեր նորությունների ու զեղչերի հետ։ Հաճախորդը կարող է ստեղծել իր նախընտրելի խանութների ցանկն ու ծանուցումներ ստանալ միայն դրանցից։

Ստարտափի հեղինակները մշտապես ուսումնասիրում են շուկան ու փորձում կատարելագործել inOne հավելվածի հնարավորությունները։ Պատրաստվում են դուրս գալ միջազգային շուկա՝ հավելվածը հարմարեցնելով և կիրառելի դարձնելով տարբեր երկրներում։ Արտեմի խոսքերով՝ հիմա շատանում են և՛ տեղական, և՛ միջազգային բրենդները, հետևաբար մեծանում է մրցակցությունը, ու բրենդի հիմնական կապիտալը դառնում է հավատարիմ գնորդը, որի հետ կապի պահպանումն էլ ստարտափի հիմնական նպատակն է։

Ստարտափը վերջերս դարձավ «Գաղափարից դեպի բիզնես դրամաշնորհային ծրագրի» հաղթողներից մեկը։ Այն նաև մասնակցել է ԴիջիԹեք 2017-ին, որի ժամանակ ձևավորել են «Ներբեռնի՛ր հայկականը» նախաձեռնությունը։ Վերջինիս շրջանակում համախմբվել են հայկական տարբեր ընկերություններ, ստարտափներ՝  նպատակ ունենալով հնարավորինս միավորել բոլոր ստարտափները ու միասնական ներկայանալ աշխարհին։

Լուսանկարները՝ inOne -ի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։