Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Սասնա ծռերի» գործով փաստաբանը՝ դատավորին. «Դուք խոչընդոտեցիք փաստաբանական իմ գործունեությունը եւ խանգարեցիք ինձ»



«Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով  դատական նիստում այսօր ապացույցների հետազոտման փուլ էր, որի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց դատարան բերել նաեւ «Սասնա ծռերի» մյուս գործով քննվող անդամ Արթուր Սողոմոնյանին, քանի որ ապացույցների մեջ կային նաեւ նրան վերագրվող հատվածներ։

Մինչեւ դատավորը կքններ միջնորդությունը, Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը  հայտարարությամբ հանդես եկավ եւ խոսեց իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին, սակայն նախագահող դատավոր Արթուր Օհանյանը չթողեց փաստաբանին ավարտել իր խոսքը՝ նշելով, որ մի քանի անգամ լսել է փաստաբանի հայտարարությունը։ Դատավորը հորդորեց նրա ձեռքից վերցնել բարձրախոսը։

Հայարփի Սարգսյանը հայտարարության մեջ նշում էր, որ Հովհաննես Հարությունյանի առողջությանը վտանգ է սպառնում. «Նրա աջ ոտքի մի մասը պոկված է, առկա է մետաղյա 18 բեկոր ու մինչ օրս պատշաճ բուժում չի իրականացվել»,- հայտարարեց Հ. Հարությունյանի փաստաբանը։

Արթուր Օհանյանն էլ նշեց, որ ինքը թույլատրել է փաստաբանին հայտարարությամբ հանդես գալ, բայց չի նշանակում, որ պետք է իր համբերությունը չարաշահել եւ նույն բանը կրկնել։

«Արագացրե՛ք, վերջացրե՛ք»,- ասաց դատավորը` դիմելով փաստաբանին։

«Դուք խոչընդոտեցիք փաստաբանական իմ գործունեությունը եւ խանգարեցիք ինձ. ես պիտի խոսեմ դատաբժշկական եզրակացության մասին»,- ասաց փաստաբանը եւ նշեց, որ Հովհաննես Հարությունյանին պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչն անտեսվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողմից։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւս հայտարարությամբ հանդես եկավ եւ նշեց, որ դատավորը սահմանափակում է Հայարփի Սարգսյանի ազատ խոսքի իրավունքը՝ թույլ չտալով հանդես գալ հայտարարությամբ։

«Դուք արդեն կողմնակալ, բացասական վերաբերմունք եք դրսեւորում, ինչը դատարանին բացարկ հայտարարելու հիմք է հանդիսանում։
Դուք իրավունք չունեք լռեցնելու եւ սահմանափակելու Հովհ. Հարությունյանի փաստաբանի պաշտպանական իրավունքը»,- հայտարարեց Մուշեղ Շուշանյանը։ 

«Ձեր կոչերը, արտահայտությունները ձեր կողմնակալ վերաբերմունքի կոչերն են»,- ավելացրեց փաստաբան Դավիթ Գյուրջյանը եւ միացավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը։

Ինչ վերաբերում է Արթուր Սողոմոնյանի՝ դատարան բերելու հարցին, դատավորը նշեց, որ մերժում է միջնորդությունը։

Մուշեղ Շուշանյանը նորից առարկեց դատավորի գործողությունների դեմ եւ նշեց, որ դատավորի կատարած գործողությունները հակասում են Քրեական դատավարության օրենսգրքին։

«Այն պահից սկսած, երբ ես դատավորի ինքնաբացարկի միջնորդություն հայտնեցի, դատարանը որեւէ դատավարական հարց քննարկելու եւ առավել եւս այլ միջնորդության որոշում կայացնելու իրավունք չունի, պիտի անմիջապես անցներ ինքնաբացարկի միջնորդության քննությանը»,- հայտնեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց Մուշեղ Շուշանյանի ներկայացրած բացարկի միջնորդությունը։

Այսօր փաստաբան Արայիկ Պապիկյանը  եւս միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալներ Գեւորկ Իրիցյանի եւ Թաթուլ Թամրազյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն նախագահող դատավորն այս միջնորդությունը եւս մերժեց։

Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 9-ին։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարդան Սմբատյան00:19 - 27 դեկտեմբերի, 2017
Հարգելի դատավորին ամանորի առթիվ Աստվածաշունչ նվիրեք ,հիշեցրեք կա մի դատավոր ` որի առաջ ինքն էլ է կանգնելու վաղ թե ուշ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ