HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայ-գերմանական ստարտափը էկո-տնակներ կպատրաստի Հայաստանում

Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից հայտարարված «Ձևափոխի՛ր» մրցույթի առաջին մրցանակը շնորհվել է Լիանա Եփրեմյանին և իր թիմին, որոնք ներկայացրել են «Էկո-տնակները Հայաստանում» ծրագիրը։ Լիանան Մքզիլլ համալսարանի (Կանադա) շրջանավարտ է, այժմ աշխատում է Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում որպես հետազոտող։ Ապրում է Լոնդոնում, սակայն յուրաքանչյուր հնարավորության դեպքում գալիս է Հայաստան։ «Հետք»-ը զրուցել է հաղթած ծրագրի մասին․

-Լիանա՛, ինչպե՞ս ծնվեց նման ծրագիր կազմելու գաղափարը։

-Ամռանն ընկերներիցս մեկի՝ Անիտա Լիբենաուի հետ եկել էինք Հայաստան, նա գերմանացի է, հիմա Ավստրալիայում է ապրում, կրկին մաթեմատիկոս է։ Հայաստանի մասին իրեն շատ եմ պատմել, որ մեր երկիրը շատ գեղեցիկ է, Անիտան էլ մեկ շաբաթ ժամանակ ուներ. առաջարկեց գալ արշավի։ Շատ դժվարությամբ էինք գտնում նման ծրագիր, թե ինչպես և դեպի որ ուղղությամբ կարող ենք արշավ իրականացնել, եթե ճանապարհը չգիտես ինքնուրույն չես կարող գտնել։ Այդպես Armenian Geographic կազմակերպության հիմնադիր Տիգրան Շահբազյանի հետ կապ հաստատեցինք, որոշեցինք գնալ Գեղամա սարեր, ու շատ հաճելի արշավ էր։ Տնակների միտքը ծագեց հենց այդ ժամանակ։ Ես Կանադայում 4,5 տարի ապրել եմ ու այդ ընթացքում շատ եմ գնացել արշավների։ Այնտեղ նման տնակներ շատ կան, արշավականը կարող է մեկ գիշերակացի համար նման տնակ գտնել, եթե դու 15 կմ քայլում ես, չես ուզում վրան տանել հետդ։ Ինձ մոտ կար այդ միտքը՝ ինչ լավ կլիներ, որ Հայաստանում էլ այդ տնակները լինեին, ու այդ արշավի ընթացքում մենք խոսեցինք այդ մասին։ Մենք քննարկեցինք, որ Հայաստանը գեղեցիկ վայրեր շատ ունի, որոնք գովազդված չեն, կարծես թե դրսի զբոսաշրջիկի համար բացահայտված չեն։ Ես «Լույս» հիմնադրամի շրջանավարտ եմ, իրենցից պարբերաբար նամակներ եմ ստանում, թե ինչ աշխատատեղեր, ծրագրեր կան Հայաստանում, և երբ նման նամակ տեսա, չէի նկատել, որ պետք է բիզնես ծրագիր մշակեմ։ Ես կարծեցի, թե պետք է գաղափարը ներկայացնել, իսկ Կառավարությունը պետք է իրականացնի այն, զարմանալի է, բայց նույնիսկ չէի կարդացել, որ մրցանակներ կան նախատեսված։ Տիգրանին ու Անիտային գրեցի, որոշեցինք կազմել ծրագիրը։ Ինձ թվում է` միակ մարդը, ով հավատում էր, որ իդեան կհաջողի, դա ես էի։ Ես հավատում էի, որ գոնե երկրորդ փուլ կանցնենք։ Բիզնես պլան երբեք չէի կազմել, այդպես էլ ծրագիրը ծնվեց՝ բազմաթիվ անքուն գիշերների շնորհիվ։

-Ծրագիրն ի՞նչ խնդիր է լուծելու, և ովքե՞ր են թիմի անդամները։

-Մենք աշխատել ենք «Ստորակետ» կազմակերպության հետ, իրենք ամենահայտնի ճարտարապետական ընկերություններից են Հայաստանում, իրենք են ստեղծել «Այբի» շենքը, Դիլիջանի կենտրոնական դպրոցը, Արցախի «Թումոն»։ Իրենք սիրով համաձայնեցին, երկար ժամանակ նման իդեա ունեցել են, սակայն չեն իրականացրել։ Ծրագիրը լինելու է այսպես՝ ամբողջ Հայաստանով մեկ 12-ից 18 տեղերում տեղադրելու ենք այդ տնակները, այն պահից, երբ սկսենք աշխատել ութ ամսում կունենանք առաջին տնակը, իսկ հաջորդ ամեն մեկի տեղադրումն ու պատրաստումը 3,5 ամիս է տևելու։ Այդ ընթացքում նաև առցանց հարթակ կունենանք, որտեղ արշավականը հնարավորություն կունենա ամրագրել իր գիշերակացը, նաև տեղեկություններ կլինեն Հայաստանի տարբեր հուշարձանների մասին։ Նախատեսում ենք, որ այդ տնակում լինի ցնցուղ ու խոհանոցային պայմաններ, բայց որոշ հատվածներում չեն լինի, օրինակ եթե սարերի մեջ լինի, բնականաբար նման պայմաններով չի կարող լինել, սակայն շատ արշավականների համար դա այնքան էլ անհրաժեշտ չէ, ավելի կարևոր է, որ գիշերակաց ունենան, և հաջորդ օրը շարունակեն արշավը։ Հնարավորություն է լինելու համայնքների հետ աշխատելու՝ որոշ մարդիկ կապահովեն սպասարկումը, այդ տների մաքրումը, գյուղացիները կարող են զբոսաշրջիկներին սննդով ապահովել, այդ գումարը բնականաբար տրվելու է գյուղացուն։ Համայնքների բնակիչներին հնարավորություն կընձեռվի նաև լոկալ գիդեր աշխատելու։

Այդ ծրագրով նախ ուզում ենք Հայաստանը միջազգային զբոսաշրջության համար ճանաչելի դարձնել, համոզված ենք, որ զբոսաշրջիկների թիվը կավելանա։

Մյուս խնդիրը, որն ուզում ենք լուծել այս ծրագրով, որ ապակենտրոնացում լինի Երևանից, Հայաստանը միայն Երևանը չէ։ Եւ ինչու ոչ, եթե զբոսաշրջիկների թիվն ավելանա, այն տնտեսության վրա իր ազդեցությունը կունենա։

Նկարում՝ Էկո-տնակների նախնական պատկերը՝ հեղինակ «Ստորակետ» ընկերություն

-Ձեր գերմանացի ընկերուհու՝ Անիտայի համար ի՞նչն էր հետաքրքիր Հայաստանի բնության մեջ և առհասարակ Հայաստանում։

-Հայաստանի բնությունը շատ վայրի է, և դրանով իսկ շատ գեղեցիկ է, մենք  բնապահպանական խնդիրներ շատ ունենք, դրանում ոչ մի խոսք,  բայց Հայաստանի բնությունն իսկապես անկրկնելի է։ Անիտան նաև շատ հավանեց Հայաստանի մարդկանց, հյուրասիրությունը, շատ զարմացած էր, թե ինչու են մարդիկ այդքան հյուրընկալ։ Հիմա շատ ոգևորված է, փաստորեն ավելի հաճախ ենք գալու Հայաստան։

-Ծրագրի համար Ձեզ որպես մրցանակ է տրվել 15 հազար դոլար, այդ գումարո՞վ է այն իրականացվելու։

-Մեզ դեռ չեն վճարել, հավաստագիր են տվել, իսկ գումարային փոխանցումը լինելու է ավելի ուշ, գումարը որպես մրցանակ է տրվել։ Ծրագրի բյուջեն երկու միլիոն դոլար է, 15 հազար դոլարը առանձնապես շատ խնդիր չի կարող լուծել որպես ծրագրի բյուջե։ Մենք առաջին փուլում արդեն իսկ շատ ծախսեր ունենք կատարելու՝ Հայաստանով մեկ այցեր, գովազդներ, այնպես որ այս նախնական գումարը կներդնենք մեր ծրագրի առաջին քայլերի համար՝ մինչ ներդրողներ գտնելը։

-Եթե ներդրող չլինի, հնարավո՞ր է Կառավարությունը ֆինանսավորի, ու այդ պարագայում այն Ձեր ծրագիրն է լինելու, թե՞ Կառավարության։

-Հայաստանի զարգացման հիմնադրամն աշխատում է Կառավարության հետ, հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետն է։ Ծրագիրը  ներկայացրել ենք Կառավարությանը, ես անձամբ հանդիպել եմ վարչապետին, Ֆինանսների նախարարին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին և այլոց։ Թե ինչ կլինի սրանից հետո, արդյոք կդառնա Կառավարության կամ այլ ներդրողի ծրագիրը, չգիտեմ, բայց իդեան մերն է։ Երբ ծրագիրը գրում էինք, մեզ համար ամենակարևորն այն էր, որ իդեան իրականանա, եթե ստացվի այնպես, որ ինչ-որ մեկը կարող է ավելի լավ իրականացնել քան մենք, պատրաստ ենք համագործակցել։

-Դեռ տարիներ առաջ Հայաստանում զբոսաշրջություն զարգացնելու նպատակով տեղադրվեցին բիոզուգարաններ, որոնք այդպես էլ չգործեցին, ի՞նչ է պետք անել, որ էկո-տնակներն էլ նման բախտի չարժանան։

-Բիոզուգարանների մասին ինչ-որ բաներ լսել եմ, բայց առանձնապես տեղյակ չեմ դրանցից։ Մեր ծրագրի բյուջեն անձամբ ես եմ գրել, մեծ մասը ճարտապետական ու կառուցողական ծախսերով է պայմանավորված, բայց ես իմաստ չեմ տեսնում կառուցել մի բան, որը չի օգտագործվելու, մեր ծրագիրն այդպես չի լինելու։ Նպատակն այն է, որ հինգ տարում ունենանք միջազգային տուրիզմի աճ և տեղական համայնքների հետ աշխատանք։ Բյուջեում մեծ հատկացումներ կան գովազդին, այն շատ կարևոր է, առանց գովազդի չես կարող հասնել նրան, որ միջազգային տուրիստը գա քո երկիր։ Բոլոր հայտնի կայքերի և ամսագրերի հետ, ինչպես՝ Trip Advisor, National Geographic, Linely Planet, պետք է կապ հաստատենք, որ նրանք մեր մասին հոդված գրեն։ Անիտան ավելի մեծ փորձ ունի մարքեթինգի ոլորտում։ Կարծում ենք՝ մեկ գիշերակացի գումարը զբոսաշրջիկի համար կլինի 12 դոլար, տեղացու համար՝ 6 դոլար։ Հնարավոր չէ թանկ գներ սահմանել ու սպասել, որ մարդիկ կգան առանց այն էլ Հայաստանի թռիչքները շատ թանկ են, օրինակ՝ Լոնդոնից Վրաստան կարող ես թռչել հիսուն ֆունտով, իսկ Հայաստանից՝ տասն անգամ ավելի թանկ գնով։

Լուսանկարում՝ «Էկո-տնակները Հայաստանում» ծրագրի հաղթողներ՝ Տիգրան Շահբազյանը, Լիանա Եփրեմյանը և Անիտա Լիբենաուն

Ի վերջո Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, շատ քրիստոնյաների համար այն կարող է առիթ հանդիսանալ որպես ուխտագնացության վայր։ Նաև սփյուռքահայ երիտասարդների համար իրենց արմատներին միանալու ձև կարող է լինել։ Հայաստանի լեռներն են, որ ինձ կապում են Հայաստանի հետ, ես իրենց մասին եմ մտածում, երբ դրսում եմ։

Հինգ տարում խոստանում ենք ավարտել տնակների կառուցումը, տեղադրումը, երբ ասում եմ կառուցում, դա չի նշանակում, որ մենք գնում ենք  բնության մեջ շինարարարություն սկսենք քարերով։ Դիզայնն արվելու է «Ստորակետ» ընկերության կողմից, իսկ տեղադրումը լինելու է ընդամենը մեկ շաբաթ, հնարավոր է լինելու նաև տնակները մի տեղից մյուսը տեղափոխել։

-Հայաստանում կարծրատիպ կա, որ առանց խնամի, ծանոթ, բարեկամ լինելու չես կարող հաջողության հասնել,  ինչպե՞ս հավատացիք Ձեր գաղափարին ու դիմեցիք այդ մրցույթին, նաև ասացիք, որ «Լույս» հիմնադրամի շրջանավարտ եք եղել, հասարակության մեջ որոշակի անվստահություն կա այն հարցում, թե ինչ սկզբունքով են ընտրվում շահառուները։

-Երբ տեսա ծրագրի հայտարարությունը, հասկացա, որ դա այն է, ինչ ես մտածել եմ երկար ժամանակ։ Ամեն անգամ դրսում արշավի գնալիս մտածում էի՝ ինչ լավ կլիներ, որ Հայաստանում նման բան լիներ, որ արշավ գնալուց չմտածեի՝ ուր եմ  մնալու, երբ եմ հասնելու, չեմ կորելու․․․Ուղղակի ներսումս ներքին մի բան ասում էր՝ դիմիր։ Հիշում եմ մի գիշեր մինչ առավոտ աշխատեցի, յոթին ուղարկեցի հայտը, ութին գնացի աշխատանքի։

Ես այս օրերին շատ եմ հանդիպում կասկածանքով լի աչքեր, բայց ես հավատում եմ, որ Կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք ցանկանում են լավ գործ անել։ Մեր հաղթանակն այս ծրագրում  կարծում եմ՝ դրա լավագույն ապացույցն է, որովհետև ամեն օր չէ, որ իդեա ես ուղարկում, ու այն վերջում դառնում է ծրագիր, որը հաղթում է։ Այն ինձ համար առիթ է, որ մտածեմ Հայաստան վերադառնալու մասին։

Ինչ վերաբերում է «Լույս» հիմնադրամին, իրենք չեն նայում, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունես, ինչ սոցիալական խավից ես, եթե ընդունվել ես 10 լավագույն համալսարաններից մեկը, իրենք պատրաստ են ֆինանսավորել։ Իրենց չափորոշիչների մեջ չկա, թե դու ինչ քաղաքական հայացքներ ունես, ես շնորհակալ եմ իրենց, որ օժանդակել են իմ կրթության հարցում։ Ես որևէ տեղ ծանոթ չեմ, ՀՀԿ-ական չեմ, այլ կապեր չունեմ, մայրս գյուղում ուսուցչուհի է, հայրս գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Եթե մարդ իդեա ունի ու հավատում է, այն պետք է ստացվի։ Ես հասկանում եմ,  որ Հայաստանում ապրելով` դժվար է հավատալ, որ փոփոխություն կարող է լինել, երևի ես բախտավոր եմ, որ դրսում եմ սովորել, երևի դրա համար այն մտքին չեմ, որ ոչնչի հնարավոր չէ հասնել հավատում եմ՝ Հայաստանում շատ բան հնարավոր է անել։

Լուսանկարները՝ Լիանա Եփրեմյանի անձնական արխիվից

Գլխավոր լուսանկարում՝ Լիանա Եփրեմյանը և Անիտա Լիբենաուն

Մեկնաբանություններ (2)

Կարպիս
Յուրորինակ, գովելի նախաձեռնություն է: Միայն թէ տնակների կառուցումից հետո, ո՞վ է հանձն առնելու պահպանումը եվ նորոգումները: Յիշեցնեմ որ գերմանացի մասնագետի վարձակալությունը ավելի թանկ կվերջանա, քան տնակների կառուցումը, միթե այն որ, տեղացիները տեխնիկային քաջածանոթ լինեն եվ շահ ունենան սարքավորումների նորոգման մեջ: Թույլ տվեք հիշատակեմ որ Եվրոպացի եվ Ամերիկացի էկոտուրիստներին քիչ է հետաքրքրում տնակների շքեղ կառույցը: վերջերս սիրահոժար նախընտրելի են դարձել խոտ/դարմանով ծածկված մահճակալները:
Նաիրա
Շատ լավ հոված է, շատ ճիշտ գաղփար են տվել էկո տնակների համար: Ես հպարտանում եմ որ մեր ժողովրդի մեջ կան նման տաղանդավոր հանճարներ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter