HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուզում եմ՝ ոչ մեկը չհիվանդանա». Արյունաբանական կենտրոնում

«Ես ուզում եմ բժիշկ դառնալ ու բոլորին բուժել, բոլորին սրսկել», «Ես ուզում եմ, որ էլ երբեք չհիվանդանամ ու ամեն ինչ լավ լինի», «Ես էլ ուզում եմ հայրիկիս հետ ֆուտբոլ խաղալ», «Ուզում եմ՝ Նոր տարուն շա˜տ ձյուն գա».... այսպիսին են «Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում բուժվող երեխաների ամանորյա երազանքները։

«Իսկ ես Նոր տարուն առավոտը շուտ արթնանում եմ, գնում տոնածառի մոտ, որ տեսնեմ՝ ինչ նվեր եմ ստացել»,- ասում է 7-ամյա Հենրիկը։ Նա արդեն երազանք է պահել եւ Ձմեռ պապիկին նամակ ուղարկել։

«Հետքը» օրեր առաջ եղել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Երեխաները մեզ հետ զրույցում պատմել են իրենց ամանորյա ցանկությունների, Ձմեռ պապիկի հետ առաջին հանդիպման մասին։

Կենտրոնում արդեն զարդարել են տոնածառը, բաժանել ամանորյա հանդեսի դերերն ու հագուստները, սովորել բանաստեղծություններն ու երգերը։ Դեկտեմբերի սկզբին էլ երեխաները նամակ են գրել Ձմեռ պապին։

«Ես մի անգամ գնացել եմ Ձմեռ պապիկի տուն, նա կարմիր շորեր էր հագել ու սպիտակ մորուք ուներ, իր հետ էր նաեւ Ձյունանուշիկը ու մի մեծ պարկ»,- ասում է Ինգան։

Կենտրոնի մանկավարժ Անի Հովհաննիսյանն էլ հավաստիացնում է՝ Ձմեռ պապին ուղղված ոչ մի նամակ անպատասխան չի մնում, քանի որ Նոր տարին երեխաների ամենասպասված տոնն է. «Երեխաների հետ հագուստներ, դիմակներ ենք պատրաստում, նամակներ գրում, իսկ մեր ամանորյա հանդեսի ժամանակ մեզ այցելում են Ձմեռ պապիկը եւ հեքիաթի հերոսները»։

«Ես Ձմեռ պապիկին նամակը երեկ եմ գրել ու հայրիկիս տվել։ Նա խոստացել է, որ  կփոխանցի»,- ասում է Սնեժանան ու շնորհավորում բոլորի Նոր տարին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter