Տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը ներկայացրել է «Թվային Հայաստան» հիմնադրամի 2017 թ. գործունեության հաշվետվությունը: Զեկուցվել է 2017թ. գործունեության ծրագրով նախատեսված և իրականացված միջոցառումների մասին, որոնք ուղղված են եղել պետական կառավարման բոլոր ոլորտներում էլեկտրոնային համակարգերի զարգացմանը և թվային միջավայրի ձևավորմանը, այն է՝ պետական կառավարման ոլորտում առկա թվայնացման ռազմավարությունների գույքագրում, առկա ՏՀՏ ենթակառուցվածքների և էլեկտրոնային ծառայությունների զարգացման գործընթացներին աջակցություն, Թվային Օրակարգի մշակման գործընթացին մասնակցություն և այլն: Խորհուրդը քննարկել է կատարված աշխատանքները և ի գիտություն ընդունել հաշվետվությունը:
Կառավարության ղեկավարը «Թվային Հայաստան»-ի գործադիր տնօրենի ուշադրությունը հրավիրել է հիմնադրամի գերակայությունների և չափելի արդյունքների հստակ ձևակերպման անհրաժեշտության վրա՝ համապատասխան հանձնարարական տալով նրան:
Մեկնաբանել