Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Քոչարի՝ Վենետիկում կերտած քանդակի ոդիսականը եւ վերադարձը Երեւան



Երվանդ Քոչարի տուն-թանգարանի սրահներից մեկի պատերին պրոեկցիաներ են՝ Վենետիկ, Հռոմ, Երեւան... Սրահի ամենավերջում դիմաքանդակ է՝ խորհրդավոր, ինչպես եգիպտական փարավոնի դիմապատկերը:

Գիպսից պատկերված է իտալահայ Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը: Երվանդ Քոչարը Զաքարյանի դիմաքանդակը կերտել է, երբ 22 տարեկան էր եւ նոր էր լրջորեն հետաքրքրվում քանդակագործությամբ:

1922 թվականին Երվանդ Քոչարը Եվրոպական արվեստին մոտիկից ծանոթանալու եւ այն ուսումնասիրելու նպատակով ուղեւորվել է Եվրոպա: Վենետիկում արվեստագետն ապրել է Սուրբ Ղազար կղզում՝ մխիթարյան վանականների կաթոլիկ միաբանության հովանու տակ: Այստեղ նա կերտել է իր առաջին քանդակները՝ Ավետիք Իսահակյանի, Վենետիկի կարդինալ Լաֆոնտենի, Ժորժ Զաքարյանի եւ Մխիթարյան միաբանության աբբահայր Կյուրեղյանի դիմապատկերները:

Ժորժ Զաքարյանը Քոչարի ընկերն էր և նույնպես այդ տարիներին սովորում էր Իտալիայում: Հետագայում Ժորժն աշխատել է Իտալիայի առաջատար «Հռոմ» բանկում, որի գլխավոր մասնաշենքերը գտնվում էին հենց Հռոմում, եւ մինչեւ 1964 թվականն աշխատել է որպես բանկի գլխամասերի փոխտնօրեն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ժորժ Զաքարյանը նաեւ ղեկավարել է ENDSI գրասենյակը, որը կոչված էր ԱՄՆ-ից եւ այլ երկրներից հավաքագրված օգնությունը հասցնել Իտալիայի բնակչությանը: Նաեւ օգնել է Վենետիկում սովորող բազմաթիվ հայ ուսանողների:

Ժորժ Զաքարյանի դիմաքանդակի տեղը երկար ժամանակ Հայաստանում չեն իմացել: Սակայն այն պահվել է Ժորժի ընտանիքում, նրա որդու՝ Պաոլո Զաքարյանի մոտ: Այն տուն-թանգարանին նվիրել են ընդամենը վերջերս, Իտալիայում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ:

Երվանդ Քոչարի հարսը՝ Լալա Քոչարը ներկայացնում է քանդակի հայտնության պատմությունը.

«Թանգարանը նոր էր ստեղծվել, տիկին Մանիկն էլ մահացել էր, երբ ես սկսեցի աշխատել Քոչարի արխիվի հետ: Եվ գտա մի փոքրիկ լուսանկար, որի մասին ոչ մի տեղեկություն չունեի, չգիտեի՝ դա վարպետի ստեղծագործությու՞նն է, թե պարզապես նրա նախասիրած գործերից մեկը: Անցան տարիներ: Մի օր թանգարան եկավ մի մարդ եւ ասաց, որ ինքն ունի Քոչարի հետ կապ ունեցող լուսանկար: Մենք գնեցինք: Այդ մարդը երկու էջ պոկել էր Քոչարի ֆոտոալբոմից: Զոքանչի անունը չտվեց, ուղղակի ասաց, որ իրենք շատ մտերիմ են եղել եւ Վենետիկում բազմիցս հանդիպել են:

1999 թվականին Հայաստանի ազգային արխիվում հայտնաբերեցի մի հոդված, որում կար քանդակի լուսանկարը, մակագրությամբ՝ Ժորժ Զաքարյան, գործ՝ Երվանդ Քոչարի: Նայելով Քոչարի վենետիկյան շրջանի նամակները՝ հայտնաբերեցի այնտեղ Զաքարյանի անունը: Ավետիք Իսահակյանն էլ Քոչարին շատ էր գրում, որ Ժորժիկը քեզ բարեւում է:

Էլի անցան տարիներ, մի օր մասնակից եղա մի խոսակցության, երբ Մխիթարյան հայրերից մեկին մասնակիցներից մեկը հարցրեց՝ կա՞ն հայեր, որոնք միաբանությանն աջակցում են: Վանահայրը տվեց Ժորժ Զաքարյանի անունը: Ես Իտալիայում ապրող ընկերուհուս խնդրեցի, որպեսզի Հռոմում փնտրի Զաքարյան ազգանունով ինչ-որ մեկի: Նա գտավ հասցեն, մենք նամակ ուղարկեցինք եւ պատասխան ստացանք Ժորժ Զաքարյանի որդուց՝ Պաոլոյից, որը պատմում էր, որ այս քանդակն իր գրասեղանի վրա է: Մի քանի նամակներից հետո խնդրեցի, որպեսզի քանդակը նվիրի Քոչարի տուն-թանգարանին, պատասխանեց, որ պատրաստ չէ: Բայց 2015 թվականին նամակ ստացանք, որ նա, լինելով 84 տարեկան, կարծում է, որ հոր դիմաքանդակի տեղը թանգարանն է, եւ ինքը պատրաստ է այն նվիրել»:

Անվանի քանդակագործի ճակատագրով պայմանավորված` նրա ստեղծագործությունները գտնվում են աշխարհի տարբեր քաղաքներում, տարբեր թանգարաններում, անհատ կոլեկցիոներների մոտ: Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը վերջին 10 տարվա ընթացքում առաջին եւ միակ ցուցանմուշն է, որ թանգարանը այսպես ասած վերադարձրել է:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, խոսելով քանդակի վերադարձի մասին, ասաց, որ սա նշան է մեր գանձերը շուտով Երեւան վերադարձնելու մասին: «Մեր գանձերը պիտի Երեւան գան, ցուցադրվեն հայրենիքում: Մեր մեծերը ինչքան բան են թողել հայրենիքից դուրս»,- ասաց ռեժիսորը։ Հարցին՝ մենք հարուստ ենք նրանով, որ մեր վարպետների գործերը աշխարհով մեկ ցուցադրվու՞մ են, թե՞ որ Հայաստանում են, Վարդանյանը պատասխանեց․ «Շատ լավ է, որ դրսերում են, բայց եթե՝ մեկ-մեկ փոշին առնում ենք։ Իսկ մենք անգամ Հայաստանում եղածների փոշին չենք առնում»։

Իտալիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը համարում է, որ Քոչարի վենետիկյան աշխատանքի վերադարձը թանգարան՝ վերածնունդ է այդ քանդակի համար․ «Մենք վերադարձրինք մի գանձ, որը կարող էր էլի մնալ որպես մասնավորի սեփականություն, մնալ մեկի գրասեղանին։ Քոչարն ինքը կուզեր, որպեսզի այս քանդակը մնար Երեւանում»։

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը կարծում է, որ Պաոլո Զաքարյանի քայլը՝ քանդակը նվիրել Քոչարի տուն-թանգարանին, խոսում է նրա մտավորական լինելու, ազնվազարմության մասին։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ