ՈՒրբաթ, 20 հուլիսի

Կառավարությունը հարկային արտոնություն տվեց նախկին նախարարի հետ փոխկապակցված ընկերությանը



Կառավարությունը հարկային արտոնություն տվեց Էկոնոմիկայի նախկին նախարար, ՀՀԿ անդամ Կարեն Ճշմարիտյանի հետ փոխկապակցված «Էլբատ» ընկերությանը։

Ըստ նախագծի՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷԼԲԱՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հնարավորություն կընձեռվի օգտվել ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

Տարիներ առաջ «Հետքը» գրել էր, որ հայ-գերմանական ընկերության բաժնետոմսերը պատկանում են այն ժամանակ ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանին (24%), ձեռնարկության տնօրեն Սամվել Աբրահամյանին (25%) և «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությանը (51%):

Նախագիծը գործադիրին ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։

«Ծրագրի ընդհանուր արժեքը 14,5 միլիարդ դրամ է կազմում, ծրագիրն արդեն ընթացքի մեջ է, նախատեսվում է 78 նոր աշխատատեղ ստեղծել՝ 198  հազար միջին աշխատավարձով»,- ասաց փոխնախարարը։

Խաչատրյանի խոսքով՝ նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 1,5 միլիարդ դրամ, որից մեկ միլիարդը կիրացվի Հայաստանում, իսկ արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 147,7 միլիոն դրամ։

Ըստ նախագծի արձանագրության՝ «ԷԼԲԱՏ» ՓԲԸ-ի կողմից ներմուծվող ապրանքն օգտագործվելու է մարտկոցների և կուտակիչների արտադրության մեջ: Ներմուծվող ապրանքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չի բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Ընկերությունը Ֆրանսիայից ներմուծելու է 147 միլիոն 760 հազար դրամ արժողությամբ պլաստմասաներ, մարտկոցներ, սեպարատորներ։

Նկատենք, որ այս ընկերությունը պետական գնումների համակարգում խախտում թույլ տալու պատճառով հունիսին հայտնվել էր ֆինանսների նախարարության «սև ցուցակում», իսկ դեկտեմբերին հանվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների այս ցանկից՝ ժամկետի լրացման հիմքով։

Լուսանկարում՝ հատված gnumner.am-ի՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ