HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկատան սաները մնացել են անօթևան (վիդեո)

2 ամիս առաջ «Զատիկ» մանկատան ավելի քան 15 շրջանավարտ ստիպված է եղել հեռանալ մանկատնից և ապաստան գտնել որտեղ պատահի: Մանկատան տնօրենը շրջանավարտներին ասել է, որ ինքն այլևս իրավունք չունի նրանց մանկատանը պահելու, քանի որ երեխաների 18 տարին լրացել է: «Զատիկ» մանկատան սաները պատմեցին, որ նույն խնդիրը շուրջ 200 մանկատան սաներին է վերաբերում, ովքեր դեռևս չեն ստացել բնակարան, սակայն  պետությունն իրենց զրկել է օթևանից և որևէ կերպ չի աջակցում` բնակարան չի տվել, բնակվարձ չի վճարում: Իրենց ընկերներից ոմանք ուսանողներ են, բնակվում են վարձով` անմարդկային պայմաններում, կիսանկուղային կացարաններում, աշխատում են չնչին գումարներ, որը միայն գոյատևելու հնարավորություն է տալիս: 

19-ամյա Արմեն Սարգսյանը պատմում է, որ Նոր Նորքում կարողացել է 20 հազար դրամով բնակարան վարձել և տեղավորվել իր ընկերոջ՝ Արթուր Խաչատրյանի հետ: Միայն Արմենը ցանկացավ նկարահանվել, մյուսները հրաժարվեցին (քանի որ բուհում կամ աշխատավայրում չգիտեն, որ իրենք մանկատնից են): «Մենակ 25 հազար հոսանքի փող պիտի տանք, տունը ծանոթ մարդու է, գիտի որ մանակատնից ենք, 20 հազար ենք տալիս, բայց դե ահագին փող է, չենք կարող մեզ շոր առնել»,- ասում է Արմենը:

  

Ոմանք ժամանակավոր օգնություն են խնդրում կամ մանկատան նախկին շրջանավարտներից, կամ ծանոթների բնակարաններում են տեղավորվել, պատահել է, որ գիշերել են դրսում կամ մնացել աշխատավայրում, օրինակ՝ ավտոլվացման կետում: Իգական սեռի շրջանավարտներին տնօրենը դեռ ապաստան տալիս է, որպեսզի նրանք փողոցում չհայտնվեն, չնայած նրանց էլ է ասել, որ լուծեն իրենց բնակարանի խնդիրը եւ հեռանան:   

«Նախարարությունն ասել է` Մարալիկում մեզ տներ կտան, բայց մենք չուզինք, որովհետև որ էթանք էնտեղ ոչ աշխատանք ենք ունենալու, ոչ մի բան, ինչո՞վ պիտի գոյատևենք»,-շարունակում է Արմեն Սարգսյանը: Տղաներից մեկը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում է սովորում, մյուսը՝ Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետում: «Համալսարան սովորողներս Մարալիկից ինչպես հասնենք Երևան, հաստատ հարմար չի»,- շարունակում է Խաչատուր Ծատուրյանը: Տղաները չեն կարող Մարալիկ գնալ, այնտեղից համալսարան հասնելը դժվար է ու ծախսատար, ավելին՝ նաև աշխատում են Երևանում, իսկ Մարալիկ գնալու դեպքում կկորցնեն նաև աշխատատեղերը: 

«Պետությունը երեխաներին մանկատներում պահում է մինչև 18 տարեկան: 18 տարեկանը լրանալուց հետո երեխաները մանկատանը մնալու իրավունք չունեն: Մենք տարիներ ի վեր շատերին պահում ենք, աղջիկներին պահում ենք և թույլ չենք տալիս, որ դուրս գան, տղաներին էլ տուն ենք վարձել»,- ասաց «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանը:  

Տնօրենի խոսքով՝ չափահաս դարձած երեխաները պետք է դուրս գան մանկատնից, իսկ ինքը, լինելով նաև «Բարի շավիղ» հասարակական կազմակերպության նախագահ, կազմակերպության միջոցներից գումարներ է հատկացրել մանկատան շրջանավարտներին` նրանց բնակվարձերը վճարելու համար: Տնօրենը, սակայն, չնշեց մանկատան շրջանավարտների ստույգ թիվը, որոնց 18 տարին լրացած լինելու պատճառով դուրս են եկել մանկատնից և դեռևս բնակարան չունեն: Նա միայն ասաց, որ 3 բնակարան է վարձել, որոնցից յուրաքանչյուրում կարող են 3-4 տղաներ բնակվել: Մանկատան շրջանավարտ Սարգիս Ներսիսյանի համար արդեն 2-րդ ամիսն է՝ տալիս է 45 հազար դրամ բնակվարձ: Հայկ Սիմոնյանի համար հանրակացարանային սենյակ է վարձել, որտեղ 3 շրջանավարտ կարող է բնակվել, բայց Հայկը միայնակ է ապրում այնտեղ: Երրորդ բնակարանը տնօրենը վարձել է Արմեն Սարգսյանի և Արթուր Խաչատրյանի համար՝ 30 հազար դրամ բնակվարձ է տալիս նրանց:

«Բոլոր այն տղաները, որոնք գտնվում էին իմ մոտ, իրենց համար ստեղծված են պայմաններ, որպեսզի իրենք ապրեն մանկատնից դուրս: 5-6 հոգի էին, որոնք երկար ժամանակ ի վեր այստեղ էին: Քանի որ մենք վերակազմավորվում ենք, ես չեմ կարող իրենց պահել: Ես պահում էի նրանց անլեգալ ձևով, իրավունք չունեի»,-ասում է տնօրենը: Նա միաժամանակ նշում է, որ պետությունն իր վրա չի վերցնում մանկատնից հետո երեխայի հետ կապված խնամքը: «Դա դուք պետք է արդեն դիմեք կառավարություն, Ազգային ժողով, որպեսզի օրենքը փոխվի ու երեխայի խնամքը երկարացվի, ասենք` մինչև 23 տարեկան»,- ասաց Աշոտ Մնացականյանը: 

Մեր դիտարկմանը, թե պետությունը պետք է նախ բնակարանով ապահովեր մանկատան շրջանավարտին, ինչը չի արել, Ա. Մնացականյանը նշեց, որ բնակարանային ծրագիրը կա, բայց այս կրիզիսային վիճակում 2-3 տարի է այն չի ֆինանսավորվում. «Ինքը պետք է գնա, սպասի, աշխատի, փորձի մի տուն վարձել և ապրել, մինչև որ կգա բնակարան ստանալու պահը, իրենց էդ հարցով կկանչեն, կասեն` արի քո բնակարանը ստացի»: 

Եթե բնակարանը 10 տարի հետո տրվի, երեխաները մինչ այդ որտե՞ղ պետք է ապրեն հարցին էլ, պատասխանեց. «Ճիշտն ասած` այդ հարցն արդեն տվեք Ազգային ժողով կամ կառավարություն»: 

Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ուղարկված հարցերին դեռ պատասխան չենք ստացել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter