HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը 9 անգամ ցածր գնով գույք տվեց ՀԿ-ին՝ երիտասարդների համար բազմաբնակարան շենք կառուցելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով որոշեց Ազատության պողոտայում գտնվող անշարժ գույքը գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից հետ վերցնել և տրամադրել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին։

Հասարակական կազմակերպությանն ուղղակի վաճառքի ձևով կօտարվի 961 քմ մակերեսով շենք, շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը։

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում»-ը խոստացել է այդ տարածքում երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցել։

Դեկտեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է ավելի քան 452 միլիոն դրամ, սակայն այն կվաճառվի 9 անգամ ցածր գնով՝ 50 միլիոն դրամով։ Այդ գումարի 70 տոկոսն ուղղվելու է պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքային բյուջե։

ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահը՝ տեղեկացնելով, որ կազմակերպությունը Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Ծրագրերի շրջանակում Երևանում կառուցվում են բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնք տրամադրվում են բնակարանի կարիք ունեցող մի շարք բնագավառների երիտասարդ մասնագետներին:

Ըստ որոշման նախագծի՝ այժմ մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկ կա, շուրջ 1000 երիտասարդ մասնագետ բնակարաններ ձեռք բերելու դիմում է ներկայացրել, և Սերժ Սարգսյանը հանձնարարել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը։

Լուսանկարը՝ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter