HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել նախընտրական քարոզչությանը հարկադրաբար մասնակցելը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և հարակից այլ օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու որոշումը։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ փոփոխությունը պայմանավորված է ընտրությունից հետո կատարված մոնիթորինգով։

«Տվյալ պարագայում խոսքը վարչական ռեսուրսի չարաշահմանն է վերաբերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնումենայնիվ մեր ընտրությունների ժամանակ տեղի ունեցան բացասական երևույթներ, ուստի այս փոփոխությունների նպատակն է կանխել դրանք»,- ասաց նախարարը։

Դավիթ Հարությունյանի հիշեցմամբ՝ չնայած գործող Ընտրական օրենսգիրքը վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված դրույթներ պարունակում է, սակայն փոփոխություններն ավելի են ընդլայնվում։

«Ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ում պարագայում ներառում ենք նախընտրական քարոզչության սահմանափակում, մասնավորապես եթե նախկինում ունեինք հանրային ծառայողներ, ապա այժմ նաև բժշկական, տարբեր տիպի ուսումնական, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների դեպքում նման դրույթ կգործի։ Խոսքը վերաբերում է նրան, որ ոչ միայն իրենց լիազորությունները իրականացնելիս իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել, այլ նաև ի պաշտոնե գործելիս»,- հստակեցրեց նախարարը։

Հարությունյանի խոսքով՝ նման սահմանափակում կտարածվի նաև պետական կամ համայնքային հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև պետական ու համայնքային այն կազմակերպությունների վրա, որտեղ պետությունը կամ համայնքն ունի 20%-ից ավելի մասնակցություն։

«Մեկ այլ երևույթի մասին կուզենամ խոսել, երբ անձին հարկադրում են մասնակցել կամ չմասնակցել քարոզչությանը՝ համարելով, որ այն լուրջ ու վտանգավոր արարք է, ուստի այն քրեականացնում ենք։ Նաև համարում ենք որակյալ հանցակազմ այն դեպքերում, երբ օգտագործվում է ծառայողական կամ այլ տիպի կախվածությունը, երբ օրինակ որևէ կազմակերպության սեփականատերը կամ տնօրենը հարկադրում է իր աշխատակցին այս կամ այն ձևով մասնակցելու կամ ձեռնպահ մնալու նախընտրական քարոզչությանը մասնակցելուց»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter