Չորեքշաբթի, 24 հունվարի

Մեկ օր` 911-ի հատուկ նշանակության ջոկատի հետ


ԱԻՆ հատուկ նշանակության ջոկատի փրկարար, ավագ ենթասպա Գեորգի Մխիթարյանը երազել է օդաչու դառնալ, Գեորգին կարծում է, որ երազանքն ինչ-որ կերպ իրականացել է․ ալպինիստական աշխատանքի շնորհիվ նորանոր բարձունքներ է հաղթահարում։ Տանն աշխատանքի մասին խոսել չի սիրում, տան անդամներն իր կատարած փրկարարական աշխատանքների մասին երբեմն հեռուստացույցի միջոցով են իմանում:

Գեորգին «Հետք»-ի նկարահանող խմբին ներկայացրեց իրենց ջոկատի աշխատանքները, հանգստյան սենյակն ու տեխնիկան, պատմեց զավեշտալի ահազանգերի ու ջոկատի հաջողությունների մասին։ Գեորգին արդեն վեց տարի է` փրկարար է, պատմում է, որ գործընկերների հետ Ամանորը նշելն ավելի հետաքրքիր է, քան տանը։

«Ամենքս տնից մի բան ենք բերում կամ էստեղ պատրաստում, մեծ սեղան գցում, բայց ամենակարևորը՝ առանց ալկոհոլի»,- պատմում է Գեորգին:

Իր աշխատանքային պրակտիկայում եղել է դեպք, երբ ահազանգ են ստացել Ամանորի գիշերը․ հրդեհը մարել են, ապա վերադարձել ջոկատ ու շարունակել նշել։

911-ի զավեշտալի ահազանգերի մասին միայն ժպիտով է պատմում՝ առնետ գտնելուց մինչև ջրմուղի խնդիրներ իրենց են դիմում, ասում է՝ մարդիկ վստահում են իրենց։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ փրկարարական աշխատանքն օգնել է իրեն լավ մարդ դառնալ, քանի որ «վատ մարդկանց շնորհակալություն չեն ասում»։ Կինը չի սիրում ամուսնու աշխատանքը. կարծում է, որ Գեորգին սառնասիրտ է դառնում աշխատանքի շնորհիվ, բայց նա  կնոջից ներողություն է խնդրում՝ ինքն է որոշում իր աշխատանքը։

Հպարտությամբ պատմում է իրենց ջոկատի հաջողության մասին. արդեն երկու տարի է` ԻՆՍԱՐԱԳ  (INSARAG) համաշխարահային ցանցի անդամ են, միջազգային որակավորում են ստացել․ աշխարհը գիտի իրենց ջոկատի մասին։


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։