Երկուշաբթի, 22 հունվարի

Ինչպես են աշխատել նոր խորհրդարանի պատգամավորները քաղաքացիների հետ


Ազգային Ժողովի կանոնակարգ-օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիների գրավոր առաջարկներին։

«Հետք»-ը փորձել է պարզել, թե պատգամավորները որքանով են հետևել օրենքի պահանջին: ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրին դիմել էինք գրավոր հարցմամբ՝ խնդրելով հայտնել, թե 2017թ. մայիս-նոյեմբեր ամիսներին՝ վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին և երկրորդ նստաշրջանների ընթացքում քանի անգամ են քաղաքացիների ընդունելություն իրականացրել, քաղաքացիներն ինչ խնդիրներով են իրենց դիմել, արդյոք այդ խնդիրները նպաստել են որևէ օրենսդրական նախաձեռնություն հեղինակելուն կամ գործող օրենքում փոփոխություններ կատարելուն:

Խնդրել էինք նաև հայտնել, թե քաղաքացիներից գրավոր ինչ առաջարկներ են ստացել, քանիսի դեպքում են կարողացել խնդրին լուծում տալ և առհասարակ քանիսն են եղել այնպիսի հարցեր, որոնց լուծումը վերաբերում է պատգամավորի լիազորություններին: Խնդրել էինք կցել նաև քաղաքացիների ընդունելությունից արված լուսանկարներ։

ԱԺ 105 պատգամավորների աշխատանքային էլեկտրոնային փոստերին ուղարկված մեր գրավոր հարցմանը պատասխանել են շուրջ 40-ը՝ ԱԺ բոլոր չորս խմբակցություններից։

ԱԺ նախագահի երեք տեղակալից հարցերին պատասխանել է միայն Արփինե Հովհաննիսյանը։ 4 խմբակցությունների ղեկավարներից միայն երկուսից ենք պատասխան ստացել՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից։ 4 խմբակցությունների քարտուղարներից պատասխանել են 3-ը՝ Աղվան Վարդանյանը («ՀՅԴ»), Վահե Էնֆիաջյանը («Ծառուկյան») և Գևորգ Գորգիսյանը («Ելք»)։

ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներից պատասխանել են 3-ը՝ Եվրոպական ինտերգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ու Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը։

Չնայած պատգամավորներին ուղղված հարցերը հստակ էին, սակայն մեզ պատասխանած պատգամավորների մի մասը հստակ թվեր չի ներկայացրել՝ ասելով, որ նամակների վերաբերյալ հաշվառում չի իրականացվել։ Հարցումներն ուղարկել ենք նոյեմբերի 24-ին և 25-ին, ուստի հրապարակում ենք այն պատասխանները, որոնք ստացել ենք մինչ այժմ, քանի որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ ժամանակը չի կարող ավելին լինել, քան 30 օրը։

Ներկայացնենք պատասխանները` ըստ հանձնաժողովների կազմի․ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական Ջեմմա Բաղդասարյանը հանդիպումների և առաջարկների թիվ չի ներկայացրել, սակայն նշել է, որ առաջարկությունները հիմնականում վերաբերվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծին, որի մասին պատգամավորն առաջարկներով է հանդես եկել։

Տես ամբողջական պատասխանը

Նույն հանձնաժողովի անդամ Աղվան Վարդանյանը պատասխանել է, որ հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 18-ին ընդունել է մի շարք քաղաքացիների, իսկ ստացված դիմումները հիմնականում սոցիալական խնդիրներին են առնչվել, որոշ հարցերի վերաբերյալ տարբեր գերատեսչություններ գրություններ է ուղարկել։

Տես ամբողջական պատասխանը

Այս հանձնաժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հակոբ Նազարյանը կրկին թվեր չի ներկայացրել՝ հայտնելով, որ քաղաքացիների հետ հանդիպում է ունեցել ինչպես խորհրդարանում, այնպես էլ իր պատգամավորական գրասենյակում։

Տես ամբողջական պատասխանը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանին քաղաքացիները հիմնականում դիմել են առողջապահական ոլորտին վերաբերող խնդիրներով, մասնավորապես` նոր դեղորայքի ներդրում, բուժկանխարգելիչ միջոցառումների կազմակերպում։

Տես ամբողջական պատասխանը

Նույն հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդունել է 60 քաղաքացիների, որոնցից 9-ի խնդիրը լուծվել է, մեկը լուծվել է մասնակի, 10 հարցով պատգամավորը հրաժարվել է զբաղվել՝ խնդիրների «ակնհայտ անհիմն լինելու պատճառով», մյուս հարցերն ընթացքի մեջ են։ Ստացել է 36 դիմում, 9-ում առաջ քաշված խնդիրը լուծվել է, 12-ը լուծվել է մասնակի, 15-ը չեն վերաբերում պատգամավորների լիազորություններին։

Տես ամբողջական պատասխանը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 11 հոգանոց կազմից մեր հարցմանը պատասխանել է չորս պատգամավոր՝ Արայիկ Աղաբաբյան, Արարատ Զուրաբյան, Վահե Էնֆիաջյան և Շիրակ Թորոսյան։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը պատասխանել է, որ քաղաքացիների ընդունելություն իրականացնում է ինչպես խորհրդարանում, այնպես էլ Թումանյան 8 հասցեում գործող իր գրասենյակում: Այն բաց է երկուշաբթիից ուրբաթ։

Տես ամբողջական պատասխանը

Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը դժվարանում է քաղաքացիների ընդունելության կոնկրետ թիվ նշել. այն գերազանցում է հարյուրը, բացի այդ՝ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է ոչ միայն Ազգային ժողովում, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում։

Տես ամբողջական պատասխանը

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, որը նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, պատասխանել է, որ քաղաքացիների հետ ընդունելություն` որպես այդպիսին, կազմակերպվում է ամեն օր՝ անկախ ժամից և հանդիպման վայրից, սակայն իրեն դիմած քաղաքացիների դիմումները չի արխիվացրել։

Տես ամբողջական պատասխանը

Նույն հանձնաժողովի «ՀՀԿ» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը քաղաքացիներին ընդունում է ամեն օր՝ օրվա երկրորդ կեսին, իր գրասենյակում։

Տես ամբողջական պատասխանը

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ունի 10 անդամ, որոնցից պատասխանել են երեքը՝ ՀՀԿ-ականներ Կարինե Աճեմյանն ու Արման Սաղաթելյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Կարինե Աճեմյանը նամակները չի հաշվառել, քանի որ իրեն հիմնականում էլեկտրոնային եղանակով են դիմում, սակայն իր համահեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է իրեն դիմած քաղաքացիների խնդրանքների շնորհիվ։

Տես ամբողջական պատասխանը

Արման Սաղաթելյանին քաղաքացիներն ավելի շատ դիմել են «Ես եմ» ծրագրով նախատեսված ծառայության ավարտին ստացվելիք 5 մլն դրամի նպատակային ծախսի եղանակների սահմանափակման խնդրով՝ առաջարկելով ընդլայնել այն։

Տես ամբողջական պատասխանը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի պատասխանի համաձայն՝ դիմումներն այնքան շատ են, որ թվաքանակ չի կարող նշել, իսկ խնդրանք-դիմումները տարբեր են՝ ուսմանը, առողջությանը, կենցաղին վերաբերող:

Տես ամբողջական պատասխանը

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված 15 պատգամավորներից հարցմանը պատասխանել են 9-ը։

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հանձնաժողովի գործառույթների շրջանակում ընդունելությունը կազմակերպել է 3 անգամ՝ ընդունելով 14 քաղաքացու։

Տես ամբողջական պատասխանը

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը քաղաքացիների ընդունելություն կազմակերպել է երեք անգամ՝ ընդունելով 10 քաղաքացու։

Տես ամբողջական պատասխանը

Նույն հանձնաժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանը «բավականին մեծ թվով դիմումներ և նամակներ» է ստացել, որոնց մի մասը հստակ ձևակերպված խնդիրներ առաջ չի քաշել։ Ստացել է նաև այնպիսի նամակներ, որոնց լուծումը պատգամավորի լիազորությունների շրջանակից դուրս է։

Տես ամբողջական պատասխանը

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վանիկ Ասատրյանը ասում է, որ պատգամավորի լիազորությունների մեջ չի մտնում մարդկանց սոցիալապես աջակցելը, սակայն հնարավորության սահմաններում փորձում է թեթևացնել իր համաքաղաքացիների հոգսերը:

Տես ամբողջական պատասխանը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հունիսից գործում է իր պատգամավորական գրասենյակը, սակայն քաղաքացիների ընդունելության վերաբերյալ թվեր չի ներկայացրել։ Հարությունյանը կցել է նաև իրեն դիմած քաղաքացիներից նամակներ։ Տես ամբողջական պատասխանն այստեղ՝

Տես ամբողջական պատասխանը

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը, ըստ իր նամակի, կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն:

Տես ամբողջական պատասխանը

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ 2012 թվականի հունիսի մեկից Վանաձորում գործում է իր պատգամավորական գրասենյակը, որտեղ կանոնավոր շաբաթական ընդունելություններ է կատարել։

Տես ամբողջական պատասխանը

Նույն հանձնաժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը նախորդ գումարման խորհրդարանում առաջարկով է հանդես եկել՝ ԱԺ պատգամավորի համար քաղաքացիների ընդունելությունը հստակ պարբերականությամբ դարձնել պարտադիր, ինչը մերժվել է։

Տես ամբողջական պատասխանը

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Շուշան Սարդարյանը տեղեկացրել է, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում մի շարք քաղաքացիների կողմից ստացել է տարբեր դիմում-նամակներ, որոնք կրել են զուտ անձնական բնույթ և չեն վերաբերել պատգամավորի լիազորություններին, օրինակ՝ աշխատանքի խնդիր։

Տես ամբողջական պատասխանը

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը քաղաքացիներից բազմաթիվ դիմումներ ու նամակներ է ստացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» նախագծերի վերաբերյալ։

Տես ամբողջական պատասխանը

Հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը հայտնել է, որ  քաղաքացիների հետ հանդիպումներ է ունեցել ինչպես խորհրդարանում, այնպես էլ Կոտայքի մարզի տարբեր համայնքներում։

Տես ամբողջական պատասխանը

Նույն հանձնաժողովի «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Մանուկյանը, համաձայն իր նամակի, բազմաթիվ քաղաքացիներից ստացել է մի շարք բանավոր և գրավոր դիմում-խնդրանքներ, սակայն թիվ չի ներկայացրել։

Տես ամբողջական պատասխանը

Այս հանձնաժողովի անդամ Ռոմիկ Մանուկյանը առաջին և երկրորդ նստաշրջանների ընթացքում կազմակերպել է քաղաքացիների «բազմաթիվ ընդունելություններ» գերազանցապես Շիրակի մարզում: Քաղաքացիների բարձրացրած խնդիրները ունեցել են հիմնականում սոցիալական բնույթ։ Ընդունելություններից և դիմումներից թիվ չի ներկայացվել։

Տես ամբողջական պատասխանը

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը որպես պատասխան ուղարկել է այն դիմումները, որոնք իրեն են հղել քաղաքացիները, ինչպես նաև իր կողմից այդ խնդիրներով տարբեր գերատեսչություններ ուղղված նամակները։ Օրինակ, մի քաղաքացու խնդրով Զոհրաբյանը դիմել է և՛ Պաշտպանության, և՛ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին։

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում և «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակում ընդունել է 109 քաղաքացու։

Տես ամբողջական պատասխանը

Այդ հանձնաժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանին հիմնականում դիմել են սոցիալ-տնտեսական, կազմակերպչական, ինչպես նաև պետական կառավարման հարցերով:

Տես ամբողջական պատասխանը

Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը քաղաքացիներից նամակներ է ստացել ինչպես էլեկտրոնային փոստի, այնպես էլ սոցիալական հարթակների միջոցով, սակայն թիվ չի նշել։

Տես ամբողջական պատասխանը

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի 11 հոգանոց կազմից պատասխանել են 3-ը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն իր նամակով հայտնել է, որ իր գրասենյակն առաջին և երկրորդ նստաշրջանների ընթացքում ընդունել է 300-ից ավելի դիմողների։

Տես ամբողջական պատասխանը

«Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը քաղաքացիների հետ շփման համար չի հետևում ֆորմալ՝ բյուրոկրատական ընթացակարգերին։

Տես ամբողջական պատասխանը

ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն ասում է՝ երբեք չի եղել այն պատգամավորը, ում կատարած աշխատանքը գովազդվում է սոցիալական ցանցերում և մամուլում։ Պատգամավորի կարծիքով՝ իր աշխատանքի գնահատականը տալիս են իրեն դիմած քաղաքացիները։

Տես ամբողջական պատասխանը

Տնտեսական հարցերի 15 անդամ ունեցող հանձնաժողովից պատասխանել են 2-ը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ստեփանյանը։

Սերգեյ Բագրատյանի վստահեցմամբ՝ իրեն դիմած քաղաքացիներից յուրաքանչյուրի խնդրին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում փորձել է ընթացք և լուծում տալ, քաղաքացիների հետ հանդիպել է ինչպես խորհրդարանում, այնպես էլ Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներում։

Տես ամբողջական պատասխանը

Տիգրան Ստեփանյանը հայտնել է, որ կարողացել է լուծել Մասիս քաղաքի` իրեն դիմած բնակիչների խմելու ջրի խնդիրը։

Տես ամբողջական պատասխանը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված 11 պատգամավորներից պատասխանել են միայն 2-ը՝ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը և «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։ Սամվել Նիկոյանը հայտնել է, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ քաղաքացիների կողմից գրավոր դիմումներ չեն եղել։

Տես ամբողջական պատասխանը

Մանե Թանդիլյանը երկու օրենսդրական նախաձեռնության առաջարկ է ստացել, որից մեկը հենց հունվարին դրվելու է շրջանառության մեջ, մյուսի հետ կապված դեռևս աշխատանքներ են տարվում: Պատգամավորի ներկայացմամբ՝ շատ են համայնքին վերաբերող խնդիրները, որոնք ավագանու լիազորությունների ներքո են։

Տես ամբողջական պատասխանը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որը որևէ հանձնաժողովում ընդգրկված չէ (ԱԺ կանոնակարգը նման հնարավորություն ընձեռում է խմբակցությունների ղեկավարներին), վստահեցնում է՝ որպես ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր՝ պարբերաբար հանդիպում է իր ընտրողների հետ։

Տես ամբողջական պատասխանը


Ձևավորումը՝ Հրանտ Գալստյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Սանասար08:30 - 31 դեկտեմբերի, 2017
Ճապոնացիները իրենց կարեւոր մարդկանց մանեկենները (չուչելները) դնում են հասարակական վայրերում՝ մեջը հաշվիչ, կողքն էլ մի փայտ (դուբինկա): Տարեվերջին հաշվում են թե ով քանի հարված է կերել: Կարծում եմ օրինակելի գործ է, պետք է ներդնել, ծախսատար էլ չէ: Բայց ուդարների թիվը լավ կլինի ամկախ լրագրողները հաշվեն, Մուկուչյանի փոխարեն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։