HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու ավագանու անդամ. «Ալավերդին ոնց որ քաղաք չլինի, լատկի մեջին լատկա է ճամփեքին»

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանին առանց քննարկման միաձայն հաստատեց համայնքի 2018թ.-ի 717 մլն. 169 հազար դրամ եկամուտներ կանխատեսող բյուջեն: Խոշորացված այս համայնքի մեջ ընդգրկված են Ալավերդի, Կաճաճկուտ, Աքորի, ՀաղպատԾաղկաշատ և Ջիլիզա բնակավայրերը:

Բյուջեն համալրված է 158 մլն. դրամ սեփական եկամուտներով, 362,1 մլն. դրամ պետբյուջեից հատկացված դոտացիայով և 185,2 մլն. դրամ բնապահպանական վճարների նպատակային մասհանումով: Ավագանու նիստի նախօրեին կայացած բյուջեի հանրային քննարկմանը համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը տեղեկացրեց, որ իր հեղինակած բյուջեն սեփական եկամուտների մասով ունի 75 մլն. դրամ ապառքներ: Ս. Խեչումյանը դա որակեց ահռելի թիվ:  

Նշեց, որ 185,2 մլն. դրամի 7 մլն. դրամը Աքորի, իսկ 5 մլն. դրամը Հաղպատ  բնակավայրերին պետբյուջեից հատկացված բնապահպանական վճարների նպատակային մասհանումներն են: Ս. Խեչումյանի խոսքով՝ բյուջեի 55 տոկոսը նպատակաուղղվել է համայնքի 17 ՀՈԱԿ-ների պահպանության ծախսերին, 96 մլն. դրամը կազմում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձը: Պատասխանելով «Հետքի»-իհարցին՝ համայնքի ղեկավարը նշեց, որ իր հեղինակած բյուջեով փորձել է ապահովել խոշորացված բնակավայրերի զարգացման համամասնությունը:

«Այն կուրսը, որը ես ընտրել եմ բյուջեն կազմելիս, բնականաբար չի կարող ենթադրել, որ խոշորացումը կարող է լինել ի վնաս խոշորացված բնակավայրերի և ի շահ Ալավերդի քաղաքի»,- ասաց Ս. Խեչումյանը:

Բյուջեի ծախսային մասում, սակայն խոշորացված 6 բնակավայրերից Կաճաճկուտ, Ծաղկաշատ և սահմանային Ջիլիզա բնակավայրերի զարգացմանն ուղղված որևէ ծախս համայնքապետը չէր նախատեսել: Աքորիում նախատեսվել է 600 հազար դրամ  հատկացումով  վերանորոգել 1-ին և 4-րդ փողոցների հեղեղատարները: Բնապահպանական նպատակային 5մլն. դրամ նպատակային վճարի 2,6 մլն. դրամով Ս. Խեչումյանը որոշել է ասֆալտապատել Հաղպատի ներհամայնքային ճանապարհները: Հաղպատ համայնքի աղբահանության համար նախատեսվել էր ծախսել 1,5 մլն. դրամ:

Բյուջեի ծախսային մասի «առույծի բաժինը» ծախսվելու է Ալավերդիում: Ս. Խեչումյանին 2018թ.-ի բյուջեում չէր հաջողվել կանխատեսել նաև եկամուտների նոր աղբյուրներ: Նրա խոսքով՝ համայնքապետարանը լուրջ բացթողումներ ունի սեփական եկամուտների հավաքագրման՝ աղբահանության վճարների մասով: Այս առումով պետք է կնքվեն շուրջ 50-ից ավելի պայմանագրեր: Բացթողումներ ունեն նաև վարձակալության կտորներում, որտեղ կան ժողովրդի կողմից չվճարված հարկերի պարտքեր:

Ս.Խեչումյանը պետբյուջեից հատկացված 185,2 մլն. դրամ բնապահպանական նպատակային սումբվենցիաները նախատեսել է ծախսել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>օրենքի խախտումներով: Օրենքը բնապահպանական մասով նախատեսում է  համայնքի ընդերքի, նրա վարչական սահմաններում գտնվող անտառային, ջրային եւ օդային տարածքների, ինչպես նաեւ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման ու վերականգնման միջոցառումներ:

Առողջապահության մասով ծրագիրը պետք է ընդգրկի համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված այն միջոցառումները, որոնք պայմանավորված են ընկերությունների գործունեությամբ: Օրենքը առաջարկում է բնակչության առողջության վրա ընկերությունների արտանետումների ազդեցությունների հետ կապված՝ վճարների նպատակային մասհանումներով կատարել բժշկական զննություններ, և այդ նպատակով ձեռք բերել բժշկական ժամանակակից սարքավորումներ:

Պետբյուջեից հատկացված 185,2 մլն. դրամ նպատակային մասհանումից բյուջեի ծախսային մասում Ս. Խեչումյանը նախատեսել է պղնձաձուլական գործարանի արտանետումների ազդեցությունների հետևանք չհանդիսացող բազմաթիվ ծրագրեր: Բնապահպանական ծրագրերի նպատակային 9,6 մլն. հատկացումով նա նախատեսել է վերականգնել Ալավերդու փողոցների հենապատերի թափված քարերը, 10,4 մլն. դրամով համայնքի կարիքների համար գնել լուսատուներ և կատարել դրանց տեղադրման աշխատանքներ:

Ս. Խեչումյանը 9,7 մլն. դրամ նպատակային վճարով՝ առանց քաղաքաշինական հիմնավորման, Ալավերդու Սայաթ-Նովա հրապարակի հարևանությամբ, քաղաքային հակասանիտարական զուգարանի բերանին որոշել է կառուցել քաղաքային շուկա: Նպատակային վճարներից 20 մլն. դրամ հատկացումով Ալավերդիում տեղադրվելու է արևային ֆոտովոլտայիկ կայանԱզդակիր համայնքների բնակչության զննության և ժամանակակից բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար համայնքի ղեկավարը բյուջեում որևէ ծախս չի նախատեսել:

Սասուն Խեչումյանն ասաց, որ տեղյակ է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքին.

«Տվյալ դեպքում, եթե խոսքը վերաբերվում է 2018թ.-ի բնապահպանական սուբվենցիաների ծախսերին, ես ուղղակի Ձեզ հիշեցնում եմ, որ դա արդեն 2017թ.-ին հաստատված ծրագրեր են: Հաշվի առնելով, որ այդ ծրագրերը  համաձայնեցված են բնապահպանության  և առողջապահության նախարարությունների հետ, ես դրանք ներ եմ գրավել բյուջեի ծախսային մասում»,- բացատրեց նա:

Մինչ բյուջեն քվեարկելը ՍԽեչումյանը ավագանուն առաջարկեց ծանոթանալ բյուջեի իր կանխատեսած եկամուտներին և ծախսերին: Ավագանին դրա անհրաժեշտությունը չտեսավ: Ավագանու անդամ, Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը ներկաներին վստահեցրեց, որ ուսումնասիրել է 2018 թ.-ի բյուջեն:


Լաուրա Մելիքսեթյանը

«Եթե չեմ սխալվում, դուք էլցանցին հատկացրել եք 6 մլն. դրամ՝ քաղաքի լուսավորության համար: Նախկինում ասել եմ չէ՞, որ մեր քաղաքը, ի տարբերություն մյուս քաղաքների, մթնաձորի է նման: Ես առաջարկում եմ մինչև 10 մլն. դրամ ավելացնեք, որ մեր քաղաքը լույսերով շողշողա: Սահմանամերձ գյուղեր ենք գնում, Մառնեուլ, բան, էդ ինչ լուսավոր է»,- ասաց Լ. Մելիքսեփյանը:

«Սահմանամերձ չէ Մառնեուլը, այլ հանրապետություն է »,- ուղղեց  Ս. Խեչումյանը:

«Բայց մենք որպես սահմանամերձ համագործակցում ենք Մառնեուլի հետ: Պարո՛ն Խեչումյան, ներողություն եմ խնդրում, երբ մենք սահմանային քաղաքներով, ես ուղղում եմ իմ սահմանամերձ ասածը, Մառնեուլ-Ալավերդի դպրոցներով համագործակցում էինք, գիշերը վերադառնում էինք, մեր մթության մեջ տուրիստները գլորվում են դեպի Դեբեդի ափը: Կոմունալից գումար վերցրե՛ք, տվե՛ք էլցանցին»,-առաջարկեց Լ. Մելիքսեթյանը:  

Ս. Խեչումյանը  բացատրեց, որ լուսավորության գումարը հատկացված է ոչ թե էլցանցին, այլ հենց կոմունալին: Այնուհետև համայնքապետը ներկայացրեց «Կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի 2018թ.-ի բյուջետային  հատկացումներն ու ծախսերը:

«Լուսավորության հարցում ես Ձեր կարծիքը կիսում եմ ոչ թե լուսատուների քանակով, այլ առավոտյան ժամը 6:30-ին Թեղուտ գնացող աշխատողների համար փողոցների լուսավորությունը միացնելու անհրաժեշտությամբ»,- բացատրեց համայնքի ղեկավարը:

Ավագանու մեկ այլ անդամ Սեյրան Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե բյուջեում ասֆալտապատման մասին ինչ հիշատակումներ կան:

«Ալավերդու դատարանի մոտից՝ մինչև նախկին ավտոկայան Թումանյան փողոցը 2018թ.-ի կապիտալ վերանորոգման նախագծում կա»,- պատասխանեց Ս. Խեչումյանը: Սակայն թե ում ֆինանսավորմամբ, համայնքի ղեկավարը չասաց:

«Դե ամոթ էլ ա, Ալավերդին ոնց որ քաղաք չլինի: Լատկի մեջին լատկա է ճամփեքին»,- դժգոհեց Սեյրան Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter