Հինգշաբթի, 19 հուլիսի

Բագրատաշենի սահմանային անցակետում սահմանապահների հետ կոնֆլիկտ ունեցած եղբայրներից մեկը ցուցմունք է տվել



Բագրատաշենի սահմանային անցակետում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը՝ Արտակ Կիրակոսյանը, օրեր առաջ ցուցմունք է տվել և քննություն իրականացնող մարմնին հայտնել դեպքի մանրամասները:

Կիրակոսյանը գործով վկայի կարգավիճակ ունի, նախաքննություն իրականացնող մարմնին ցուցմունք է տվել փաստաբան Արման Բայադյանի ներկայությամբ: Փաստաբանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Կիրակոսյանն ինքն է դիմել քննություն իրականացնող մարմնին, որպեսզի ցուցմունք տա:

Բայադյանի խոսքով՝ Կիրակոսյանի հարցաքննությունը բավականին երկար է տևել, սկսվել է դեկտեմբերի 20-ին, ապա ընդհատվել և շարունակվել դեկտեմբերի 21-ին: Փաստաբանն այս պահին նպատակահարմար չի գտնում ցուցմունքի վերաբերյալ մանրամասներ ասել, բայց  մեզ հետ զրույցում նշեց, որ Արտակ Կիրակոսյանն իր ցուցմունքում որոշակի հանգամանքներ է նշել, ապացույցներ ներկայացրել, որոնք պետք է քննության առարկա դառնան և, փաստաբանի համոզմամբ, օգնեն հասնել ճշմարտության բացահայտմանը: Փաստաբանի խոսքով՝ Կիրակոսյանը ցուցմունք տալիս նշել է, որ սահմանապահները իրենց մեքենային մոտենալով՝ իրենց հետ չեն փորձել քաղաքակիրթ խոսել, բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, օրինական պահանջ ներկայացնել, այլ միանգամից անցել են կոշտ ու կոպիտ գործելաոճի, որից էլ առաջացել է միջադեպը:

Հիշեցնենք, որ  խոսքը նոյեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային անցակետում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությունը: Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վիճաբանել է սահմանապահ զորքերի ծառայողների հետ: Նշենք, որ մեքենայի վարորդը եղել է Բագրատաշենի բնակիչ Արթուր Կիրակոսյանը, մեքենայում են եղել նաև Կիրակոսյանի եղբայրը՝ Արտակ Կիրակոսյանն ու գյուղի մեկ այլ բնակիչ:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի՝ Կարեն Շիրվանյանն  և իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին։

Դեպքի առնչությամբ նախաքննություն իրականացնող մարմինը պաշտոնական այլ տվյալներ չի հայտնել, իսկ դեպքի ականատեսները, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի՝ Կարեն Շիրվանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը պնդում են՝ բռնության են ենթարկվել ոչ թե սահմանապահները, այլ իրենք՝ քաղաքացիները:

Իրենք՝ սահմանապահները, նշենք, պնդում են, թե քաղաքացիների նկատմամբ համաչափ ուժ է կիրառվել, այսինքն` իրենք դիմել են օրինաչափ գործողությունների:

Մինչդեռ Արման Բայադյանի խոսքով` այս պահին իրենց համար դեռևս հստակ չէ, թե ըստ քննություն իրականացնող մարմնի ի՞նչ իրավախախտում են կատարել քաղաքացիներն ու որո՞նք են սահմանապահ զորքերի ծառայողների կողմից կատարված իրավաչափ գործողությունները:

Փաստաբանի համոզմամբ` Արտակ Կիրակոսյանը այս գործի շրջանակներում պետք է տուժող ճանաչվի, քանի որ միջադեպի ժամանակ նա ևս ծեծի է ենթարկվել և ստացել մարմնական վնասվածքներ: Նախաքննություն իրականացնող մարմնին արդեն իսկ ներկայացվել է Կիրակոսյանին տուժող ճանաչելու, ինչպես նաև այլ միջնորդություններ:

Ինչ վերաբերում է Արտակ Կիրակոսյանի եղբորը` Արթուր Կիրակոսյանին, Բայադյանի խոսքով առ այսօր նրան պատշաճ ծանուցմամբ չեն հրավիրել հարցաքննության:

Մինչդեռ Քննչական կոմիտեից, որի վարույթում քննվում է քրեական գործը, մեզ հայտնեցին, որ Արթուր Կիրակոսյանին պատշաճ ծանուցում ուղարկվել է, կայացվել է նաև նրան բերման ենթարկելու որոշում: Իսկ թե գործով այս պահին ինչ կարգավիճակ ունի Արթուր Կիրակոսյանը, պարզ չէ. քննություն իրականացնող մարմինն այս պահին մանրամասներ չի հայտնում:

Նշենք, որ այս գործի շրջանակներում կալանքի տակ գտնվող Կարեն Շիրվանյանն օրեր առաջ վիրահատվել է, այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Վերջինս, ըստ բժշկական եզրակացության՝ ստամոքսի խոց է ունեցել: Շիրվանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանի խոսքով` Կարեն Շիրվանյանը սկսել է առողջությունից բողոքել միջադեպից հետո, երբ գտնվել է Վանաձորում` կալանքի տակ, և իրենք այս առնչությամբ բազմաթիվ դիմումներ են գրել ՔԿՀ պետին, որպեսզի Շիրվանյանին հետազոտեն:

Փաստաբանը հակված է մտածել, որ Կարենի խնդիրներն առաջացել են կռվի հետևանքով, իսկ Շիրվանյանի հարազատները վստահեցնում են, որ վերջինս ամռանը հետազոտվել է, և ստամոքսի հետ կապված որևէ առողջական խնդիր չի ունեցել:

Փաստաբան Գուրգեն Հարությունյանն անդրադարձավ նաև այս գործով քննության ընթացքին: Ըստ  Հարությունյանի՝ շուտով կլրանա Կարեն Շիրվանյանին երկու ամսով կալանավորելու ժամկետը, բայց գործով դեռևս պատշաճ քննություն չի իրականացվել, ընդամենը մի քանի փորձաքննություն է նշանակվել, իսկ այն, ինչ պետք է պարզվի վկաների ցուցմունքներով, քննություն իրականացնող մարմինը չի պարզում:

Գուրգեն Հարությունյանը բարձրաձանեց այն մասին, որ գործում առկա է դեպքի վայրում առկա տեսախցիկներից առգրավված  տեսանյութեր, որոնք քննություն իրականացնող մարմինը հրաժարվում է իրենց տրամադրել:

«Միակողմանի քննություն է կատարվում, սահմանապահ զորքերի ներկայացուցիչներն են հարցաքննվում, իսկ այն անձինք, որոնք մեզ համար նպաստավոր ցուցմունքներ կարող են տալ, չեն հարցաքննվում»,- պնդում է Գուրգեն Հարությունյանը:

Նշենք նաև, որ առ այսօր Կարեն Շիրվանյանը որևէ անձի հետ չի առերեսվել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ