HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

16 օր «զինված խմբի» գործով ամբաստանյալը հացադուլի մեջ է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը. ամբաստանյալներից ոմանց պաշտպանները դատարան չէին ներկայացել:

Այսօր ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի շահերը ներկայացնելու համար դատարան էր ներկայացել Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Անժելիկա Հակոբյանը: Ինչպես պարզվեց Հանրային պաշտպանի գրասենյակը որոշել է, որ Ստեփանյանի հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի փոխարեն նրա շահերն այսուհետ պետք է ներկայացնի Անժելիկա Հակոբյանը: Ամբաստանյալը, սակայն, հայտարարեց, որ ինքը ցանկանում է, որ իր շահերը ներկայանցի Լյուդվիգ Ավետիսյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձավ վերջերս պրակտիկա դարձած  «փոխարինող պաշտպանի ինստիտուտին»՝ քննադատելով այդ երևույթը:

«Մարդն իր պաշտպանին է ուզում, իսկ «փոխարինող պաշտպանի» ինստիտուտ գոյություն չունի. դա վերջերս է հայտնաբերվել՝ քաղաքական գործերով»,- հայտարարեց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ դատարանը չէր ստացել նաև  Լյուդվիգ Ավետիսյանին մեկ այլ պաշտպանով փոխարինելու վերաբերյալ որևէ որոշում: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 12-ին:

Այսօր գործով ամբաստանյալներից մեկի՝ Հարություն Սարիբեկյանի պաշտպանը,  վերջին դատական նիստին հայտնել էր, որ իր պաշտպանյալը հացադուլ և ջրադուլ է սկսել՝ այսպիսով իր դժգոհությունն արտահայտելով իր նկատմամբ անարդարությունների դեմ: Ամբաստանյալը, նշենք, անհիմն է համարում իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու իր կալանքի որոշումը:

Սարիբեկյանը ջրադուլը դադարեցրել է, ինչ վերաբերում է դեռևս դեկտեմբերի 13-ին սկսած հացադուլին, ամբաստանյալն այն շարունակում է: Փաստորեն այսօր արդեն 16 օր է, ինչ Սարիբեկյանը հացադուլի մեջ է: Վերջինս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, դիմում է ներկայացրել, որպեսզի տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն մերժում է ստացել:

Քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ Սարիբեկյանը բժիշկների հսկողության տակ է գտնվում, նրա  ճնշումն ամեն օր չափում են, առողջական վիճակը բավարար է, իսկ ինչ վերաբերում է ամբաստանյալին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելուն, ապա բժշկական աշխատանքային հանձնաժողովը, ըստ ՔԿՎ-ի, նրան զննել ու եզրակացրել է, որ Սարիբեկյանը ստացիոնար բուժման կարիք չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter