HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են «օկուպացրել» Աղստևը. վարչապետ Կարեն Կարապետյանը բաժնեմաս ունի ամենամեծ հէկում

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը

Աղստև գետի վրա գործող ամենահզոր հէկը շահագործում է «ԷլԷնԷքս» ՍՊԸ-ն: 2885 կՎտ հզորություն ունի: Ընկերության կանոնադրական կապիտալը 200 մլն դրամ է: Տարեկան արտադրում է 9 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Ընկերության ամենամեծ բաժնետերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը:

Կարեն Կարապետյանի գործընկերները ևս պատահական մարդիկ չեն: Գևորգ Փայտյանն ընկերության տնօրենն է: Արմեն Մկոյանը գործարար է, ով հայտնի է նաև որպես «Էլիտ գրուպ»-ի սեփականատեր և տնօրեն: Արման Դանիելյանի գործունեությունն առնչվում է հյուրանոցային բիզնեսի հետ: Մասնավորապես՝ «Անի ինվեստմենտ» ՍՊԸ-ի, «Հոթել Աղվերան» ՓԲԸ-ի, «Ջերմուկ ռեզորտ» ՍՊԸ-ի, «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ի և այլ ընկերությունների հետ:

Արտաշես Շիրիկյանը «Այբ» ակումբի վարչության նախագահն է, «Արկ մեդիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: 78-ամյա Գայանե Շիրիկյանն, ըստ ամենայնի, նրա մայրն է:

Հետաքրքիրն այն է, որ հենց ընկերությունը՝ «ԷլԷնԷքս» ՍՊԸ-ն ևս 21 տոկոս բաժնեմասի սեփականատեր է:  Հետևաբար, վարչապետն այստեղից էլ մասնաբաժին ունի:

Աղստև գետը հոսում է Լոռու և Տավուշի մարզերով՝ անցնելով դեպի Ադրբեջան: Հայաստանում այն 81 կմ է: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ գագաթից: Դիլիջան և Իջևան քաղաքների մոտ բարակահոս գետն ընդարձակվում է: Ջուրն անուշահամ է, ձկնառատ, օգտագործվում է ոռոգման նպատակով:

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների` հոկտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզում գործում է 13 փոքր հէկ: Եվս 2-ը կառուցման փուլում են: Գործող հէկերից 4-ը հենց Աղստև գետի վրա են, մեկը՝ Աղստևի Գետիկ վտակի վրա:

«Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ն Աղստև գետի վրա «Վարդեր» փոքր հէկ կառուցելու մտադրություն ունի, ինչի նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագիծ է մշակվում Բնապահպանության նախարարությունում:

«Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ն 2014-ին հիմնադրել է Իջևան համայնքի ավագանու անդամ Վարդան Օրդինյանը: Հստակ` որտեղ է լինելու հէկը և ինչ հզորության, դեռևս հայտնի չէ, քանի որ նախագիծը փորձաքննության, տակավին, չի ներկայացվել: Հայտնի է գետը, որից ջրթույլտվություն ստանալու նախագծի մշակման գործընթացն է:

Վարչապետի մասնակցությամբ կառուցված հէկից բացի, Աղստևի վրա գործող երկրորդ հէկը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող «Քարեվարդ» ՍՊԸ-ի «Քեյէներջի» հէկն է: Գործում է 2016 թվականից: Հզորությունը 976 կՎտ է: Տարեկան արտադրում է 5,4 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: 

Այս տարվա հունիսից Քոքոբելյաններն Աղստևի գետի վրա շահագործել են երկրորդ հէկը՝ 973 Կվտ հզորության «Կոկ» հէկը: Տարեկան արտադրում է 5,7 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Հէկը գործարկող «Կոկ սիստեմ» ընկերության միանձնյա բաժնետերը Խաչատուր Քոքոբելյանի որդին է՝ Սևադա Քոքոբելյանը:

 

Աղստև գետի վրա գործող ամենահին հէկը շահագործում է «Իջևան հէկ» ՍՊԸ-ն՝ «Իջևան» հէկը: Ավելի քան 1100 կՎտ հզորություն ունի: Այս հէկի սեփականատերը ՀԷՑ-ի «Աղստև» մասնաճյուղի պետ Նիկոլայ Ղալթախչյանի մայրն է՝ Անահիտ Պարոնյանը: Հէկը նախկինում պատկանել է Նիկոլայի հորը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Տավուշի մասնաճյուղի նախկին տնօրեն Ալբերտ Ղալթախչյանին: Այն Աղստևի ոռոգման համալիրի վրա է:

Այսպիսով, «Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ի հէկը կլինի 5-րդը, որը կկառուցվի Աղստևի վրա: 

Առաջին լուսանկարում` Կարեն Կարապետյանի մասնակցությամբ կառուցված հէկի շենքն է: Լուսանկարը` Էկոլուրի

Առաջին լուսանկարում` Կարեն Կարապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Արտաշես Շիրիկյանը

Մեկնաբանություններ (2)

Harut
Ненасытные подонки хватит убирайтесь вон уе надоели
Vardan
Աղստևը ցամաքում է, հերիք է, գետին հանգիստ թողեք, քիչ է մնում դա էլ սեփականաշնորհեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter