Մսի շուկա են դարձել էջմիածին-Երևան ավտոմայրուղին և Արմավիրի մարզային նշանակության ճանապարհները
Էջմիածին-Երևան մայրուղու աջակողմյան հատվածում՝ Պտղունք գյուղի մոտ, մոտ 400 մետր մայթի երկայնքով մարդաշատ բազմություն է հավաքված: Հեռվից տպավորությունն այնպիսին է, որ տոնավաճառ է գործում կամ բացօթյա շուկա է: Տարիներ շարունակ Ամանորից օրեր առաջ մարզային նշանակության ավտոճանապարհը դառնում է մսի շուկա:
Հարևան գյուղերից առավոտ շուտ այդ տարածք են բերում և հենց փողոցի հարևանությամբ վաճառում են խոզի, տավարի, ոչխարի միս, թռչնամիս, խաշի տոտիկներ և այլն: Պահպանված չեն սանիտարահիգիենիկ նորմերը, ինչը կարծես թե չի անհանգստացնում ոլորտի պատասխանատուներին:
Մսի շուկաները ձևավորվում են Ամանորից մոտ 5 օր առաջ և վերանում հենց դեկտեմբերի 31-ի երեկոյան:
Նույն պատկերն է նաև մարզի Ծիածան համայնքում՝ գյուղերն իրար կապող ավտոճանապարհի երկայնքով: Այստեղ ճանապարհը համեմատաբար նեղ է և խցանումներ են առաջանում: Լինում են նաև վթարներ: Նույնիսկ շտապօգնության ավտոմեքենաները դժվար են կարողանում անցնել այդ ճանապարհահատվածը:
Այսպես է արդեն երկար տարիներ: Եվ ամեն անգամ հունվարի 1-ին ականատես ենք լինում մեկ այլ պատկերի: Վաճառքից հետո չեն մաքրվում տարածքները: Մայթերին թափված մնում են մսի կտորներ, ոսկորներ, արյունոտ լաթեր ու պոլիէթիլենային տոպրակներ: Իսկ Ծիածանում, եթե մսի պահանջարկը շատ է լինում անասուններին մորթում են հենց տեղում՝ տարածքից չհեռացնելով ոչ պիտանի ներքին օրգանները:
Միսը վաճառում են որտեղ պատահի՝ գետնի վրա, բեռնատար ավտոմեքենայի թափքում, ավտոմեքենաների գազի բալոնների, կոճղերի, փայտե սեղանների վրա և այլն: Բացի այդ, երեկոյան այդ տարածքում վխտում են թափառող շները, իսկ առավոտյան նույն տարածքում դարձյալ միս են վաճառում:
Վաճառողներից ոմանք իբր ապահովում են սանիտարական նորմերը: Մսի տակ փռում են պոլիէթիլենային տոպրակներ, գործվածքներ: Սակայն, ավտոմեքենայի ներսում ցրտից փոքր-ինչ տաքանալու համար, մոտ կես մետր հեռավորության վրա շարժիչն աշխատացնելով` մեքենայից դուրս նետված վտանգավոր նյութերն ուղղում են դեպի մսերը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ են մսի բացօդյա վաճառքի կետերի մասին և այդ մասին տեղյակ են պահել նաև Արմավիրի մարզպետարանին, համայնքապետերին: Ըստ պարոն Մկրտչյանի՝ համայնքապետարանների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի մսի վաճառքը տեղափոխեն համապատասխան շուկաներ:
«Կա ՍԱՊԾ պետի հանձնարարականը, վաղը առավոտյան շրջայց ենք կատարելու, որ արգելենք վաճառքը: Գիտեմ` ինչ է կատարվում»,- ավելացրեց Ալեքսան Մկրտչյանը:
Մինչ պատկան մարմինները փորձեն կարգավորել, մսի արհեստական ստեղծված շուկաներն ինքնաբերաբար կվերանան, քանի որ դեկտեմբերի 31-ից հետո դրանք այլևս չեն լինում:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Ծիածան համայնքի ղեկավար Վաչիկ Գրիգորյանից: Նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը: Հետագա բոլոր զանգերին պատասխանում էր ինքնապատասխանիչը. «բաժանորդն անհասանելի է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս»:
Մեկնաբանել