HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն՝ քաղաքի ամենաինքնատիպ Ձմեռ պապի ձայնադարանից

«Իմ ամենասիրելի վայրը Պոպլավոկի այգին է, դրա համար ձեզ հետ էլ այստեղ հանդիպման պայմանավորվեցի,- ասում է քաղաքի ամենասիրելի ծաղկավաճառն ու այս օրերին ամենաինքնատիպ Ձմեռ Պապը՝ Վարդան Հովհաննիսյանը,- էն վատ տարիներին, երբ բոլորի նման ապրելու խնդիրներ ունեի, ես այստեղ ծաղիկ էի վաճառում: Հանդիպել եմ շատ բարի մարդկանց, ովքեր օգնել են ինձ: Դրա համար Ձմեռ Պապի դերում ես առաջին հերթին այցելում, նվերներ եմ բաժանում երեխաներին, հատկապես նրանց, ովքեր հիվանդ են կամ աղքատ ընտանիքներից են և ունեն սիրո ու ջերմության կարիք»:

Նոր Տարվա շեմին քաղաքում Ձմեռ Պապերի պակաս կարծես թե չկա, բայց այս մեկը տարբերվում է բոլորից: Նա քաղաքում շրջում է իր հայտնի մոտոցիկլետով, որից գունավոր փուչիկներ, ամանորի բարի երաժտություն ու Ձմեռ պապի լուսավոր ժպիտ է տարածվում:

Ձմեռ պապ-Վարդանն իր ուրախ մոտոցիկլետով նվերներ է հասցնում մանկատների, մանկական հիվանդանոցների և սոցիալապես անապահով ընտանիքների փոքրիկներին, խաղում նրանց հետ, զվարճացնում՝ փորձելով օրը ավելի ջերմ ու լուսավոր դարձնել:

«Ես անձամբ զգացել եմ՝ ինչ է նշանակում չունենալը, աղքատ լինելը, մանկության տարիներից սոցիալական հարցեր լուծելը,- ասում է նա,- ես այգիներում ծաղիկ և փուչիկներ վաճառելով եմ մեծացել: Ես գիտեմ, թե ինչ բերկրանք է նման ընտանիքների երեխաների համար էս փոքր հեքիաթն ունենալը»:

Նրա բարեմաղթանքները շատ պարզ են, երբեմն՝ կրկնվող ու շատ սովորական, բայց վարդանի աչքերն ու ժպիտը դրանք շատ ու շատ առանձնահատուկ են դարձնում:

«Բարեմաղթանք ասելը դժվար բան չէ, բայց կարևոր մի բան կա. պիտի խոսքդ անկեղծ լինի, որ հասնի մարդկանց,- ասում է Ձմեռ պապ Վարդանը,- ավելի լավ է երկու անկեղծ բառ ասես նրանց, քան մի մեծ սցենար, որն ուղղակի լավ անգիր ես արել: Երկու անկեղծ բառ ու անպայման սիրով. ես դա եմ լավ բարեմաղթանք համարում»:

Այս Ձմեռ պապը մյուսներից տարբերվում է նաև նրանով, որ ձմռանը Նոր տարվա նվերներ է բաժանում, ամռանը՝ ծաղիկներ վաճառում ու նաև նվիրում: Ձմեռ պապի կերպարն ավելի հոգեհարազատ է համարում, քանի որ այս դեպքում նա կարևորում է երեխաների հետ շփումը:

«Սիրում եմ էս աշխատանքը, որովհետև դրա հետ երեխաներն ինձ էլ են մանկության անկեղծ ու ջերմ զգացումներ փոխանցում,- ասում է Վարդանը,- մի անգամ մանկատուն էի այցելել, մի փոքրիկ վազելով եկավ, գրկեց ինձ ու ասաց. «Ձմեռ պապ, ես քեզ էնքա՜ն էի կարոտել»: Էնքան անկեղծություն,  հույս ու սպասում կա նրանց մոտ, ո՞նց կարող եմ չսիրել էս աշխատանքը»:

Նա իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ կարողանում է ջերմություն  հաղորդել մարդկանց,  ունի լավ ընտանիք, երկու որդի: Վարդանի երազանքն է շատ երեխաներ ունենալն ու բոլոր մանուկներին երջանիկ տեսնելը:  Իսկ մինչ այդ՝ նա տոնական օրերին շարունակելու է փուչիկներ, քաղցրավենիք, զանազան նվերներ ու անկեղծություն բաժանել մարդկանց, հատկապես փոքրիկներին՝  իր ոչ լապլանդական մոտոցիկլետից հնչեցնելով նաև իր նախասիրած երաժշտությունը:

«Հինգ անուն… ձայնադարանից» խորագրով մեր երաժշտական շարքում նա այսօր նշելու է անուններ ոչ միայն Ձմեռ պապի, այլև երաժշտասեր Վարդանի ձայնադարանից:

1.«Jingle Bell Rock»- սա Ծննդյան տոների, Ամանորի մեզ շատ սիրելի ու աշխարհում ամենահայտնի  «Jingle Bells»-ը չի, թեև երբեմն նրանց շփոթում են միմյանց հետ:  «Jingle Bell Rock» -ն ավելի երիտասարդ է, քան 1857թվականից հնչող «Jingle Bells»-ը, բայց, այնուամենայնիվ, վաղուց արդեն դարձել է Նոր Տարվա ամենաշատ հնչող ու խորհրդանիշ դարձած երգերից մեկն աշխարհում: Երգի ամենահայտնի կատարումը դեռ շարունակում է մնալ ամերիկացի քանթրի երգիչ Բոբի Հելմսինը: Այն թողարկվել է 1957թ. և միանգամից վերածվել հիթի՝ մեծ հաջողություն  բերելով նաև երգչին:

«Jingle Bell Rock» -ը ավելի հայտնի դարձավ, երբ 1996թ. ներկայացավ որպես «Սուրբ Ծննդյան նվեր» կինոկատակերգության սաունդթրեք: Երգը հնչել է բազմաթիվ այլ հայտնի ֆիլմերում և հնչում է Ձմեռ Պապ ու ծաղկավաճառ Վարդանի մոտոցիկլետից:

2. ABBA . «Happy New Year». Շվեդական հայտնի քառյակի 1980թ. թողարկած այս սինգլը նախնական տարբերակում ուներ հետևայալ անվանումը՝ «Daddy Don’t Get Drunk on Christmas Day- Հայրիկ, հանկարծ չհարբես Ծննդյան տոնին»: Արդեն երեք տասնամյակ Նոր տարվա նախօրեին, Արևմուտքում Ծննդյան տոներին այս երգը պտտվում է աշխարհի տարբեր ռադիոկայանների կամ հեռուստատեսության եթերում, հասարակական վայրերում՝ որպես Ամանորի երաժշտական խորհրդանիշ: Երգի տեքստն ուշադիր աչքի անցկացնելիս, իհարկե, Նոր տարվա հետ առնչության եզրերն ավելի սահմանափակվում են, սակայն դա ամենևին չի խանգարել նրան դառնալու տոնական ամենասիրելի և միևնույն ժամանակ ռոմանտիկ երգ-բարեմաղթանքը: Վարդանի տոնական ձայնադարանում «Happy New Year»-ն իր մշտական տեղն ունի:

3.«Last Christmas».  Հիշեցնեմ, որ երգը գրվել է 1984թ. փետրվարին: Ջորջ Մայքլն այն ժամանակ անգլիական հայտնի փոփ դուոյի՝ «Wham»-ի կազմում էր: Մի երեկոյի ամբողջ ընթացքում նա մտքում անընդհատ ուրվագծում էր ապագա երգի պատկերը: Առավոտյան երգն արդեն կազմ ու պատրաստ վիճակում ներկայացավ Էնդրյու Ռիջլին («Wham» խմբի երկրորդ անդամը): Մայքլը ամբողջությամբ ձևավորել էր նաև մեղեդին: Այն պատմություն էր կոտրված սրտով մի սիրահարի զգացմունքների մասին:

4. Տոնական ձայնադարանից ու հիթային ստանդարտներից դուրս՝ Վարդանի ձայնադարանն այլ տրամադրություն ունի. նրա համար երաժշտության մեջ  ամենասիրելի «ձայնը» Արթուր Մեսչյանն է: Նա առանձնացնում է հատկապես «Աշխարհի ցավով» երգը:

5. «Հոգևոր երգեր էլ եմ շատ սիրում, հոգևոր երաժշտություն: Ու էս անունների մեջ, չգիտեմ ոնց կամ որտեղ կտեղավորեք, խնդրում եմ՝ անպայման նշե՛ք նաև «Ավե Մարիան»,- այսպես է եզրափակում այս օրերի իր երաժշտական հնգյակը քաղաքի ամենաինքնատիպ Ձմեռ պապը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter