HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Հայաստանի համար Իրանի դեպքերի հնարավոր վտանգները

Իրանում ընթացող բողոքի ցույցերի հնարավոր զարգացումների ընթացքի մասին կանխատեսումներ անելը դեռևս վաղ է:  Ցույցերը միաժամանակ տասնյակ քաղաքներում են ընթանում: Կան երկու տասնյակից ավել զոհեր։   

Չնայած նրան, որ կարգախոսները բոլոր օստաններում (երկրի նահանգները այդպես են կոչվում) դեռևս ընդհանուր են, դրանց հնարավոր զարգացումները ըստ ռեգիոնների՝ կարող են տարբեր լինել: Այսօրվա կարգախոսներն ունեն սոցիալական, հակակղերական, հակակառավարական բնույթ, սակայն դրանք կարող են փոխվել: Հյուսիս-հարավում կարող են ստանալ հակաշիաական, մնացած վայրերում վերածվել սեպարատիստական շարժումների: Քրդական, ադրբեջանական, թուրքմենական, արաբական, բելուջիական ռեգիոններոմ կարող են վերածվել սեպարատիստական շարժման, պարսկաբնակ շրջաններում` հիմնականում քաղաքներում, կարող են ստանալ ազգայնական-շովինիստական բնույթ: Այս ցանկը կարելի է շարունակել:

Կենտրոնական իշխանության անգործունակ դառնալու դեպքում ներիրանական խնդիրներին կարող են միջամտել Թուրքիան, որը քրդական սեպարատիզմից խուսափում է, սակայն ադրբեջանական սեպարատիզմի հետ մեծ հույսեր է կապում, Ադրբեջանը` պաշտպանելու Իրանի ադրբեջանցիներին, ինքնամեկուսացման քաղաքականություն վարող Թուրքմենստանը կարող է ստիպված լինել արձագանքել թուրքմենական ցեղերի կոչերին, Աֆղանստանն ու Պակիստանը նույնպես չեն կարող չմիջամտել, թեկուզ իրենց կամքից անկախ՝ սահմանին ընդհանուր էթնիկ բնակչության ունենալու պատճառով: Սաուդյան Արաբիան կարող է փորձել պաշտպանել սունի արաբներին կամ գոնե նրանց օգտագործել Իրանը փլուզելու համար: Հարցականի տակ է դրվում Ասադի ճակատագիրը, որն առանց Իրանի օգնության դժվար թե կարողանա դիմակայել ընդդիմադիրներին:

Մի խոսքով, Իրանի փլուզումը կարող է ավելի մեծ աշխարհաքաղաքական ճգնաժամ ու քաոս առաջացնել, քան Խորհրդային Միության կամ Հարավսլավիայի փլուզումը: Նման սցենարի դեպքում տասնյակ տարիներով կարող ենք հայտնվել գլոբալ քաոսում, որտեղ Աֆղանստանի իրավիճակը մանկական խաղ կհիշեցնի:

Հայաստանի համար միաժամանակ կարող են առաջանալ մի քանի  ծանր մարտահրավերներ։ Նախ Իրանի հետ սահմանը` հատկապես Արցախում, կարող է դառնալ անվերահսկելի, առավել ևս, որ քաոսի պայմաններում Ադրբեջանը կարող է Իրանի տարածքը օգտագործել իր զորքերի տեղաշարժի համար, իսկ այդ սահմանում պաշտպանական կառույցներ գոյություն չունեն: Մյուս մարտահրավերը կարող է Թուրքիայի կողմից լինել, Իրանի ադրբեջանցիներին փորձի օգտագործել Հայաստանի դեմ և պատժիչ ռազմական գործողություններ սկսել Իրանի քրդաբնակ շրջաններու: Իրենց հերթին քրդական ջոկատները կարող են փորձել մարտական կարգով նահանջել դեպի Հայաստան:

Այս ամենը դեռևս անհնարին է թվում, սակայն տեսել ենք, թե ինչպես է Սիրիայում և Իրաքում անհնարինը շատ կարճ ժամանակահատված դառնում հնարավոր:

Չնայած դեռևս շուտ է վատագույն սցենարների մասին խոսելը, սակայն դրանց պետք է պատրաստ լինել, իսկ մինչ այդ պետք է հուսանք, որ Իրանում կսկսվեն քաղաքական ռեֆորմներ, որոնք կհանգստացնեն Իրանի հասարակությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter