Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Իրանում մարդիկ քաղցած են․ փոփոխություն են ուզում, ոչ թե բարեփոխում»,- իրանցի ակտիվիստ




Ֆախթեհ Զամանին (Fakhteh Zamani) ավելի քան 10 տարի է, ինչ զբաղվում է Իրանում ազգային փոքրամասնությունների իրավունքներով։ Նա այս պահին բնակվում է Նորվեգիայում, քանի որ Իրան վերադառնալը կարող էր վտանգավոր լինել նրա համար։  Նա ամեն օր կապ է հաստատում Իրանի մի քանի քրդական նահանգներում բնակվող իր բարեկամների հետ, ինչպես նաև Մաշհադում գործունեություն ծավալող մարդու իրավունքների պաշտպանների հետ։ «Հետքը» օնլայն հարցազրույց է արել Զամանիի հետ, որը ներկայացնում ենք ստորև։

Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հստակ տեղեկատվություն դժվար է ստանալ՝ տեղեկատվական սահմանափակումների պատճառով։ Դուք ինչպե՞ս եք կարողանում տեղեկացվել այնտեղի դեպքերի մասին, և եթե նորություն ունեք, կկսիվե՞ք մեզ հետ։

Սոցիալական ցանցերը ֆիլտրվում են, այո, բայց Մաշհադում և այլ նահանգներում իմ ծանոթ մարդու իրավունքների պաշտպանները կարողանում են կոտրել այդ սահմանափակումներն ու տեղեկություն տրամադրել։ Իրանի կառավարությունն ավելի քան 40 տարի փորձել է վերահսկել մարդկանց, և նրանք արդեն սովորել են ճանապարհներ գտնել՝ ինֆորմացիայի փոխանակման համար։ Տեղեկություն ստանալու և տարածելու միջոցով է, որ մենք կարողանում ենք օգնել ներսում գտնվող անձանց։   

Մինչ միջազգային մամուլը շրջանառում է, որ Իրանում դժգոհությունների պատճառը սոցիալական անհավասարությունն ու գնաճն է, նախագահ Ռոհանին հայտարարում է, որ Սաուդյան Արաբիան է անկարգություններ դրդում երկրում։ Դուք շփվում եք ցույցերի մասնակիցների հետ․ ո՞րն է նրանց՝ փողոց դուրս գալու դրդապատճառը։

Գիտեք՝ բոլոր դիկտատորներն էլ սովորություն ունեն մեղադրել արտաքին կառավարություններին՝ իրենց թերությունների համար։ Ճիշտ է՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան գրեթե միշտ լարված հարաբերություններ են ունեցել, բայց մարդիկ, ովքեր փողոց են դուրս եկել, պահանջում են իրենց հիմնարար իրավունքների իրացում։ Իրանում, ի տարբերություն այլ երկրների, մարդիկ նույնիսկ սոցիալիզացվելու ազատություն չունեն։ Նրանք հասարակ ծննդյան օր չեն կարող ազատորեն նշել։ Կանայք, որ ուղղակի դուրս են գալիս հաց գնելու, պարտավոր են հետևել իրենց հագուկապին․ ինչ գույնի հագուստ են կրում և այլն։ Այսօր արդեն նրանք կարողանում են հագնել վառ գույներ, բայց դա ամենօրյա պայքարի արդյունք է։ Արտաքին կառավարություններին այս իրադարձություններում մեղադրելն արդարացված չէ։ Մարդիկ քաղցած են, նրանք երբեմն շաբաթներով և ամիսներով աշխատավարձ չեն ստանում։ Սնունդի գներն աճում են, աշխատավարձերը՝ նվազում, մարդիկ դժգոհ են դրանից։ Երեկ ես խոսում էի մի մարդու հետ, ով հարուստ վաճառական է Իրանում։ Նա ասում էր՝ ես փող եմ աշխատում, բայց չեմ կարող ինձ թույլ տալ շատ բաներ։ Դե պատկերացրեք այն մարդկանց կյանքը, ովքեր աշխատում են այլոց համար․ ինչպես են նրանք ապրում։

Ինչպես կարելի է ենթադրել եղած կցկտուր տեղեկություններից, իրանյան շարժումն առաջնորդներ չունի։ Ինչպե՞ս են ձևավորվում ցուցարարների պահանջները։

Այո, այնտեղ առաջնորդներ չկան, դա էլ հենց ապացուցում է, որ մարդիկ են ինքնակազմակերպվում։ Հեշտ չէ Իրանում բողոքի ցույցեր կազմակերպելը, քանի որ կառավարությունը ծախսել է միլիարդներ՝ ապստամբությունը ճնշող խմբեր ստեղծելու համար։ Իրանցիները շատ խիստ կանոններն են խախտել՝ ապստամբելու համար, և նրանց ոչ ոք կոչ չի արել դուրս գալ։

Ապստամբությունը տարածվել է երկրի մի շարք նահանգներում․ արդյո՞ք մարդկանց պահանջները տարբեր են՝ տարբեր նահանգներում։

Իհարկե, Իրանը շատ բազմամշակույթ երկիր է․ տարբեր նահանգներում բնակվող մարդիկ տարբեր խնդիրներ ունեն։ Օրինակ՝ քրդական նահանգները վերջին 40 տարիներին կարելի է ասել, որ ռազմական պաշարման մեջ են եղել։ Այս մարդկանց վրա նույնիսկ կրակում են, երբ փորձում են մուտք գործել կառավարության կողմից բռնագրավված իրենց հողերը։ Ազգային փոքրամասնությունները բոլորովին այլ խնդիրներ ունեն։ Բալուչի նահանգն, օրինակ, ամենաաղքատներից է, որտեղ բնակվում են քրդեր։ Միայն մի ընդհանրություն կա․ բոլորը տառապում են՝ անկախ տնտեսական մակարդակից։ Այս կոնտեքստում, սակայն, ազգային փոքրամասնությունները կրկնակի անգամ են խտրականության ենթարկվում։ Նրանք իրավունք չունեն սեփական լեզվով կրթություն ստանալ, սեփական մշակույթը զարգացնել։ Երաժշտությունն ինքնին արգելված է ամբողջ Իրանի տարածքով։ Իսկ եթե դու ազգային փոքրամասնություն ներկայացնող կին ես, քո հանդեպ խտրականությունը եռապատկվում է։ Իրանցիների համար պատկերը մի քիչ այլ է․նրանք ավելի մեծ հնարավորություններ ունեն՝ կրթություն ստանալու։ Օրինակ՝ իրանցիներով բնակեցված Իսֆահանին ավելի շատ գումար է հատկացվում բյուջեից, քան ազգային փոքրամասնություններով բնակեցված մի քանի նահանգ իրար հետ վերցրած։

Ի՞նչ եք կարծում, այս ապստամբությունը հնարավո՞ր է ծագած լինի ազգային փոքրամասնություններից։

Ոչ, երբ ազգային փոքրամասնություններն են բողոքի դուրս գալիս, հստակ նշվում է այդ մասին։ Օրինակ՝ 2006-ին, երբ Իրանի ադրբեջանցիներն ապստամբում էին, հստակ նշվում էր, որ դա ազգային փոքրամասնության բողոքի ալիք է։ Բայց այս դեպքում՝ բողոքի ցույցերը սկսվեցին սուրբ քաղաք համարվող Մաշհադից, որը կարելի է ասել ներկայիս կառավարությանն աջակցող քաղաքներից մեկն է։ Այնտեղ են կենտրոնացած շիա դպրոցները, մարդիկ այնտեղ շատ կրոնասեր են։ Երրորդ ապստամբող քաղաքը Գոլմն էր, որը իշխանության գլխին կանգնած շիա հոգևորականության նստավայրն է։ Այնուհետև բողոքի ալիքը տարածվեց երկրում, ինչպես դուք նշեցիք, առանց առաջնորդության։

Ո՞րն է Ձեր կանխատեսումը, ինչ կլինի հաջորդիվ։

Անկեղծ ասած՝ ես չեմ կարող հստակ կանխատեսել, թե ինչ կլինի հետո, բայց ես արդեն տեսնում եմ Իսլամական հանրապետության վերջը։ Ճիշտ է՝ վերջին 20 տարիներին նրանք սկսել են բարեփոխումների շարժում, բայց մարդիկ արդեն հասկացել են, որ այդ բարեփոխումները նրանց ոչ մի տեղ չեն տանում։ Այս բողոքի ցույցերն, ի տարբերություն 2009-ի Կանաչ շարժման, պահանջում են կառավարության հեռանալն ու ժողովրդավարության հաստատումը։ Մարդիկ նաև հոգնել են, որ իրենց գումարները ծախսվում են Միջին Արևելքի պատերազմների վրա։ Նրանք ցանկանում են լուրջ փոփոխություն, ոչ թե բարեփոխում։ Այդ մասին վկայում են բարեփոխողների վերաբերյալ նրանց կոշտ կարգախոսները։

Դուք լքել եք Իրանը՝ Ձեր քաղաքական հայացքների և գործունեության պատճառով։ Եթե լուրջ փոփոխություն տեղի ունենա Իրանում, հնարավո՞ր է վերադառնաք։

Ես կվերադառնամ՝ գործունեություն ծավալելու հանուն ժողովրդավարության և ավելի լավ կյանքի։ Ավելին՝ պիտի վստահ լինեմ, որ այդ գործընթացներում ազգային փոքրամասնությունների իրավունքները հետին պլան չեն մղվի։


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. ED00:37 - 5 հունվարի, 2018
I don't agree with parts of what being said ….. One should not forget that almost all rivers in Isfahan (INCLUDING the famous Zāyandé-Rūd or Zāyanderūd (Persian: زاینده رود‎ ) DO NOT currying water any more. Simply because the water being transferred to other parts of Iran . In the last 10 -15 years e.g. Tabriz and north of Iran has received more financial and investment support than a city like Isfahan... In compare to cities like Tabriz and Ardabil a city like Isfahan being widely neglected ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ